Սալամինի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Սալամինի ճակատամարտ - ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։
Թվական | մ.թ.ա. 480, սեպտեմբերի 28 |
---|---|
Մասն է | Հույն-պարսկական պատերազմներ |
Վայր | Էգեյան ծով, Սալամին կղզու մոտ |
Հակառակորդներ | |
Հին Հունաստան | Աքեմենյան Իրան |
Հրամանատարներ | |
Թեմիստոկլես (Աթենք) Էվրիբիադես (Սպարտա) | Քսերքսես I |
Կողմերի ուժեր | |
300-400 ռազմանավ | 500-800 ռազմանավ |
Ռազմական կորուստներ | |
40 ռազմանավ | 200 ռազմանավ |
Ընդհանուր կորուստներ |
Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։ Բնակիչները նախապես տարհանվում են մոտակա Սալամին կղզի։ Կղզու և մայրցամաքի միջև նեղուցներում կենտրոնացվում է հունական միության նավատորմը (էսքիլեսի համաձայն՝ 311 նավ, Հերոդոտոսի՝ 380)[1][2]: Հելլենների միջև առաջանում են լուրջ տարաձայնություններ։ Զորահրամանատարներից շատերն առաջարկում էին լքել Սալամինը և ուժերն ողղել Կորնթոսյան պարանոցը պաշտպանելուն։ Աթենքի ստրատեգոս Թեմիստոկլեսը գտնում էր, որ նեղուցներում միայն կարող են հաղթել քանակապես և մարտունակությամբ գերազանցող պարսկական նավատորմին[3]։ Չկարողանալով փոխել մյուս հրամանատարների որոշումը՝ նա դիմում է խորամանկության։ Պարսից Քսերքսես արքայի մոտ է ուղարկում իր վստահված սուրհանդակին՝ հայտնելու, որ հույները պատրաստվում են փախուստի դիմել, և եթե արքան ցանկանում է ոչնչացնել հունական նավատորմը, ապա պետք է անմիջապես ճակատամարտի։ Հույների համար վճռական հաղթանակի հասնելու միակ հնարավորությունը նեղ տարածության մեջ ճակատամարտելն էր, որտեղ թշնամու թվական գերակշռությունը վերացվում էր[4]։ Մտնելով Սալամինի և մայրցամաքի միջև նեղուցները՝ պարսիկներն իրենք իրենց զրկում են առավելություններից[5]։ Նրանց կողմից Սալամինի մարտը սկսելը մարտավարական սխալ էր, որը վճռորոշ եղավ մարտի և պատերազմի հետագա ընթացքի համար[6]։