Ռիվրսայդ (Կալիֆոռնիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ռիվրսայդ (անգլ.՝ Riverside), քաղաք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է այդ նահանգի հարավային մասում՝ «Ներքին կայսրություն» անվանումը կրող մետրոպոլիսային տարածքում։ Մաս է կազմում նաև Մեծ Լոս Անջելեսին (Լոս Անջելեսի գործարար թաղամասից հեռավորությունը կազմում է մոտավորապես 55 կիլոմետր)։ Մոտ է նաև Լոս Անջելեսի ու Օրինջի շրջաններին, իսկ Խաղաղ օվկիանոսից հեռու է ընդամենը 47 մղոն[2]։ Ռիվրսայդ (անգլերենից թարգմանած՝ նշանակում է «Գետակողմյա») է անվանվել Սանտա Անա գետից այն կողմ գտնվելու պատճառով[3]։ Ներքին կայսրության և Ռիվրսայդ շրջանի ամենամարդաշատ բնակավայրն է. 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 303.871[4]: Այդ ցուցանիշով 12-րդ տեղն է գրավում Կալիֆոռնիա նահանգում և 58-րդ տեղը՝ ԱՄՆ-ում։ Զբաղեցնում է 210,9 քառակուսի կիլոմետր տարածք, որից 210,1 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, 0,8 քառակուսի կիլոմետրը՝ ջրային[5]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռիվրսայդ | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
Մակերես | 211,181608 կմ², 210,940756 կմ² | ||
ԲԾՄ | 827 ֆուտ | ||
Բնակչություն | ▲314 998 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 951 | ||
Փոստային դասիչ | 92501–92509, 92513–92519, 92521–92522 | ||
Պաշտոնական կայք | riversideca.gov(անգլ.) | ||
| |||
Ռիվրսայդը հիմնադրվել է 1870-ական թվականների սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել 1883 թվականի հոկտեմբերի 11-ին[6]։ Կալիֆոռնիայում ցիտրուսային մգերի արտադրության օրրանն է։ Համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Միշն Ինն իջևանատնային համալիրը (The Mission Inn Hotel & Spa), որը Mission Revival Style կոչվող ճարտարապետական ոճով կառուցված ամենաընդարձակ շինությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում[7]։
Համբավավոր մյուս կառույցը Կալիֆոռնիայի համալսարանն է, որի հարկի տակ հյուրընկալվել է նաև քաղաքային մարզահամալիրը (Riverside Sports Complex): Ուշագրավ մյուս տեսարժանություններից հիշատակման են արժանի հատկապես կատարողական արվեստների կենտրոնը (Fox Performing Arts Center), քաղաքային թանգարանը, լուսանկարչության կալիֆոռնիական թանգարանը, ցիտրուսային բույսերի կալիֆոռնիական պետական և պատմական այգին, պատմական և եզակի նարնջենին (Parent Washington Navel Orange Tree)[8]: