From Wikipedia, the free encyclopedia
Ջրային ռեսուրսներ, ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է, նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթի անհրաժեշտ բաղադրիչն է։ Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է և լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում։
Երկրագնդի վրա ջրի անընդհատ շրջապտույտների հիմնական պատճառը Արևի էներգիան է և Երկրի ձգողական ուժը։ Արևի էներգիայի շնորհիվ ջուրը գոլորշանում է, իսկ ծանրության ուժի շնորհիվ թափվում է տեղումների ձևով, հոսում է գետերում, ստորերկրյա շերտերում։ Ջրի մի զգալի մասն էլ մարդու, բույսերի և կենդանիների միջոցով մտնում է կենսաբանական շրջապտույտի մեջ, այն մնալով կենսազանգվածում‘ կուտակում է հսկայական քանակի օրգանական և անօրգանական նյութեր։ Երկրագնդի ջրային ռեսուրսները կազմում են մոտ 1 միլիարդ 390 միլիոն խկմ։ Դրանք օգտագործման համար պիտանի ջրերն են, որոնք կուտակված են լճերում, ջրամբարներում, ծովերում ու օվկիանոսներում, հողի մեջ և խորքային շերտերում։ Դուք գիտեք, որ Երկրի մակերեսի 71% -ը զբաղեցված է ջրով և միայն 29%-ը ցամաքն է։ Ջրային ռեսուրսների 95%-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին և միայն 5%-ը‘ ցամաքային ջրերին։ Ցամաքի ջրերի ավելի քան կեսը‘ 36 միլիոն խկմ, անուշահամ է։
Գիտնականները հաշվել են երկրագնդի ոչ միայն ջրային պաշարները, այլև ջրային հաշվեկշիռը։ Երկրագնդի ջրային հաշվեկշիռը մթնոլորտային տեղումների տարեկան գումարի և ցամաքի ու ջրային մակերեսներից գոլորշացած ջրի քանակի հարաբերություն է։ Եթե երկրագնդի վրա թափվող ջրի քանակը հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա կստացվի 1020 մմ հաստության մի շերտ։ Ջրի այդ քանակությունն էլ ամեն տարի գոլորշանում է և մթնոլորտային տեղումների ձևով կրկին թափվում ցած։ Դա երկրագնդի ջրային հաշվեկշռի միջինացված ցուցանիշ է։ Եվ ահա, ջրային հաշվեկշիռը ջերմային հաշվեկշռի հետ միասին պայմանավորում են երկրագնդի վրա բնական լանդշաֆտների բազմազանությունը։ Մի դեպքում գոյանում են ճահիճներ, մի այլ դեպքում‘ անապատներ, տափաստաններ, անտառներ և այլն։ Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ։ Բավական է հիշել, որ կենդանի օրգանիզմների կշռի 2/3-ը ջուր է։ Ջուրն այն միակ նյութն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը։
Բնական և ոչ մի այլ տարր մարդու կողմից այնքան լայն ու բազմազան կիրառություն չունի, ինչքան ջուրը։ Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրը օգտագործվել է միայն խմելու համար և կենցաղում, ավելի ուշ‘ ոռոգման, նավագնացության, տեխնիկական (ջրաղացներ, շինարարություն, մետաղաձուլություն և այլն) նպատակներով։ Ներկայումս չկա մարդու աշխատանքային գործունեության որևէ բնագավառ, որտեղ ջուրը անհրաժեշտ չլինի։ Մարդու համար այն կենսական պահանջ է, ժողովրդական տնտեսության համար‘ արտադրամիջոց, մի դեպքում‘ աշխատանքի գործիք։ Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների էներգետիկ նշանակությունը։ Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.