Ջեքի Կուգան
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Լեսլի Կուգան (անգլ.՝ John Leslie Coogan, ավելի հայտնի է որպես Ջեքի Կուգան, հոկտեմբերի 26, 1914(1914-10-26)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մարտի 1, 1984(1984-03-01)[4][1][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոդերասան։ Կինեմատոգրաֆում հայտնի է որպես առաջին երեխա կինոաստղը պատմության մեջ։ Դեռ վաղ տարիքից բեմ է բարձրացել հոր հետ և նկարահանվել համր ֆիլմերում։ Համագործակցել է Չարլի Չապլինի հետ։ Ջեքին իր փառքի գագաթնակետին հասել է «Փոքրիկը» (անգլ.՝ The Kid, 1921) հայտնի ֆիլմում կատարած փոքրիկ տղայի դերով, որից հետո նրա՝ որպես դերասանի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծացել է։
Ջեքի Կուգան անգլ.՝ Jackie Coogan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1914(1914-10-26)[1][2][3] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Մահացել է | մարտի 1, 1984(1984-03-01)[4][1][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, օդաչու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Բեթի Գրեյբլ |
Պարգևներ և մրցանակներ | |
1920-ականների սկզբին Ջեքին եղել է Հոլիվուդի ամենապահանջված, բարձր վարձատրվող և հայտնի դերասաններից մեկը, չնայած այն ժամանակ նա դեռ տասը տարեկան էլ չկար։ Ջեքիի համար հաջողության գագաթնակետը եղել է 1923 թվականը, երբ նրա ծնողները կնքել են այդ ժամանակների համար ռեկորդային մեկուկես միլիոն դոլարի պայմանագիր «Metro Pictures» ստուդիայի հետ։ Այդ գումարն ազատորեն կառավարելու համար Ջեքիի ծնողները ամերիկյան իրավական համակարգի պատմության մեջ առաջին անգամ գրավոր թույլտվություն են ձևակերպել դրա համար։ Ջեքի Կուգան նաև եղել է Հոլիվուդի առաջին կինոբրենդներից և կինոյի կուռքերից մեկը, որի անունն ու կերպարը հաջողությամբ օգտագործվել են տարբեր ապրանքների գովազդման և դրանց վաճառքի մեծացնելու, ինչպիսիք էին խաղալիքները, ամսագրերը և գրքերը, սնունդը, հագուստը և այլ իրեր, ինչպես նաև բարեգործական նպատակներով։ Փոքրիկ Ջեքին այնքան կարևոր ու հայտնի անձնավորություն է եղել, որ այլ հայտնի մարդիկ իրենք են եկել նրան տեսնելու։ Հարյուր հազարավոր երկրպագուներ պատճենել են նրա սանրվածքը, պահվածքը, հագուստը[5]։
1930-ականներին դերասանի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է անկում ապրել։ Մինչ այդ, կինոյում նկարահանելու համար նրա ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան երկու միլիոն դոլար։ Նրա ծնողների կողմից այդ փողով կատարված ներդրումների շնորհիվ այդ գումարը գրեթե կրկնապատկվել է, և Ջեքին ճանաչվել է որպես ամենաերիտասարդ միլիոնատերերից մեկը Կալիֆոռնիայի պատմության մեջ[6]։ Այնուամենայնիվ, նույն հաջողությամբ նրա մայրը և խորթ հայրը ծախսել են գրեթե ամբողջ գումարը Մեծ ճգնաժամի տարիներին՝ չցանկանալով հավատալ Ջեքիի՝ որպես բարձր վարձատրվող դերասանի կարիերայի ավարտին և շարունակելով ապրել նույն շքեղությամբ։
Չափահաս դառնալուց հետո Ջեքին մնացել է առանց աշխատանքի և ապրուստի միջոցների։ Նա պահանջել է, որ իր մայրը և խորթ հայրը՝ Բեռնշտեյնը՝ իր հոր նախկին մենեջերը, վերադարձնեն իր վաստակած գումարը, բայց մերժում է ստացել և դիմել դատարան։ Սակայն, այդ ժամանակվա օրենքների համաձայն, Ջեքին իրավունքներ չուներ մանկության տարիներին վաստակած փողի նկատմամբ, ինչի արդյունքում նա կարողացել է վերադարձնել դրանց միայն մի փոքր մասը։ Իրավիճակը, որում հայտնվել է Ջեքին, հիմք է հանդիսացել կինոյում և կյանքի այլ ոլորտներում մանկական աշխատանքի շահագործման հետ կապված տիրող իրավիճակի լիարժեք վերանայման համար։ Կալիֆոռնիա նահանգի օրենսդրությունում բազմաթիվ լրացումներ են կատարվել, և ամենակարևոր իրադարձությունը դարձել է նոր օրենքի ընդունումը, որը նպատակ ունի պաշտպանել անչափահաս դերասանի կապիտալը («California Child Actor’s Bill»)։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ջեքին ծառայել է բանակում որպես կամավոր՝ լինելով օդաչուների վերապատրաստման հրահանգիչ Բիրմայում։ 1944 թվականին նա մասնակցել է վտանգավոր հետախուզական գործողության, որի համար հետագայում պարգևատրվել է մեդալով։ Զինվորական ծառայությունն ավարտել է 1945 թվականին՝ լեյտենանտի կոչումով։ Զինվորական ծառայությունից հետո նա վերադարձել է կինեմատոգրաֆ և փոքր դերերով նկարահանվել հիմնականում հեռուստասերիալներում և ցածրաբյուջե ֆիլմերում։ Շատ տարիներ անց՝ 1964 թվականին, նա կրկին հաջողություն է ունեցել 1960-ականների հանրահայտ «Ադամս ընտանիքը» հայտնի հեռուստասերիալում կատարած քեռի Ֆեստերի դերի շնորհիվ, բայց այլևս չի կարողացել վերադարձնել իր նախկին ժողովրդականությանը։
Ջեքին մահացել է 1984-ի մարտի 1-ին, 69 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Թաղվել է Կալիֆոռնիա նահանգի Քալվեր սիթիում գտնվող Սուրբ Խաչ գերեզմանատանը։