մեծանուն իտալացի օպերային երգահան From Wikipedia, the free encyclopedia
Ջակոմո Պուչինի (իտալ.՝ Giacomo Antonio Domenico Michele Secondo Maria Puccini; դեկտեմբերի 22, 1858[1][2][3][…], Լուկա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5] - նոյեմբերի 29, 1924[4][1][2][…], Բրյուսել, Բրաբանտ նահանգ[4][5] և Brussels, Բրյուսել, Բելգիա[6]), մեծանուն իտալացի օպերային երգահան։ Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգերից մեկը՝ «Nessun Dorma»-ն, դուրս գալով օպերայի շրջանակներից, դարձել է մեր օրերի ամենաշատ հնչող դասական ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս հաճախակի բեմադրվում են նաև Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» (1893), «Բոհեմ» (1896), «Տոսկա» (1900), «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» (1904), «Աղջիկը Արևմուտքից» (1910), «Ջանի Սկիկի» (1918) օպերաները։
Ջակոմո Պուչինի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giacomo Antonio Domenico Michele Secondo Maria Puccini |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giacomo Antonio Domenico Michele Secondo Maria Puccini |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1858[1][2][3][…] Լուկա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5] |
Երկիր | Իտալիայի թագավորություն և Տոսկանայի Մեծ դքսություն |
Մահացել է | նոյեմբերի 29, 1924[4][1][2][…] (65 տարեկան) Բրյուսել, Բրաբանտ նահանգ[4][5] կամ Brussels, Բրյուսել, Բելգիա[6] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | Օպերայի կոմպոզիտոր, կոմպոզիտոր, քաղաքական գործիչ, դիրիժոր և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Elvira Puccini? |
Ստորագրություն | |
Giacomo Puccini Վիքիպահեստում |
Ջակոմո Պուչինին ծնվել է երաժշտի ընտանիքում։ Հայրը՝ Միքելեն, Լուկայի Սան Մարտինո տաճարի երգչախմբի ղեկավարն էր՝ maestro di cappella-ն (ի դեպ, նրանց տոհմը այդ պաշտոնը վարել է 124 տարի անընդմեջ[7][8]): Հոր մահվանից հետո տղային ուղարկել են ուսանելու քեռու մոտ, ով նրան համարել է վատ, անկարգ աշակերտ և ամեն սխալ նոտայի համար հարվածել է ծնկներին։ Ընդ որում՝ այնքան է հարվածել, որ դա ռեֆլեքսի է վերածվել և հասուն տարիքում անգամ զգացնել է տվել յուրաքանչյուր կեղծ նոտայի դեպքում։
Ջակոմոն վաղ մանկական հասակից կապված է եղել Սան Մարտինո տաճարի հետ. եղել է տղաների երգչախմբի անդամ, ապա՝ փոխարինող երգեհոնահար[8] և, վերջապես, լիիրավ երգեհոնահար։
Սկզբնական կրթությունը նա ստացել է իր ծննդավայրի Սան Միքելե եկեղեցու ճեմարանում, ապա տեղափոխվել Սան Մարտինո տաճարի ճեմարան[7]։ Միաժամանակ սովորել է Պաչինիի երաժշտական դպրոցում, որն ավարտել է 1880 թվականին։ Արժանացել է Իտալիայի թագուհի Մարգերիտա Սավոյացու դրամաշնորհին, որի, ինչպես նաև մյուս քեռու՝ Նիկոլաս Չերուի նյութական օժանդակության շնորհիվ կարողացել է շարունակել երաժշտական կրթությունը Միլանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում[7], որտեղ նրա դասընկերներն էին Ստեֆանո Ռոկետի-Մոնտևիտին, Ամիլկարե Պոնկիելին, Անտոնիո Բացինին, իսկ սենյակակից ընկերը Պիետրո Մասկանյին էր։ Երեք տարի անց նա ավարտել է կոնսերվատորիան՝ որպես ավարտական ստեղծագործություն ներկայացնելով իր «Մեսսա»-ն՝ դրանով նշանավորելով իր գերդաստանի երկարամյա կապը քրիստոնեական եկեղեցու և եկեղեցական երաժշտության հետ։
Օպերա գրելու ցանկություն Պուչինիի մոտ առաջացել է Պիզայում Ջուզեպպե Վերդիի «Աիդա»-ն դիտելուց ու լսելուց հետո։
Աստված դեպի ինձ ուղղեց մատն՝ ասելով. «Գրի՛ր երաժշտություն թատրոնի, միմիայն թատրոնի համար»։ |
1882 թվականին Պուչինին մասնակցել է մեկ գործողությամբ օպերաների մրցույթին։ Նրա «Wilis» օպերան թեև մրցանակի չի արժանացել, այդուհանդերձ 1884 թվականին բեմադրվել է Teatro dal Verme-ում։ Այդ օպերան գրավել է Ջուլիո Ռիկորդիի ուշադրությունը, ով եղել է հայտնի հրատարակչական տան ղեկավարը։ Նա Պուչինիին պատվիրել է գրել նոր օպերա։ Դա «Էդգարն» էր։ Նրա երրորդ՝ «Մանոն Լեսկո» օպերան մեծ հաջողություն է ունեցել։ Չնայած գերմանացի մեծ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ստեղծագործության որոշ ազդեցությանը՝ այս օպերայում վառ կերպով դրսևորվել է Պուչինիի տաղանդը։
Հաջորդ՝ «Բոհեմ» օպերան մեծ հռչակ բերեց օպերային երգահանին։ Սրան հաջորդում է «Տոսկա» օպերան։ Գլխավոր դերերգի՝ Տոսկայի կատարողը ռումինացի օպերային երգչուհի Հարիկլեա Դարկլեն էր և, գրելով երկրորդ գործողության հայտնի մեներգերից մեկը՝ «Vissi d’arte»-ն, Պուչինին թույլ է տալիս շիկահեր երգչուհուն կեղծամ չկրել (Տոսկան ըստ սյուժեի պետք է լիներ սևահեր)։
1904 թվականի փետրվարի 17-ին Պուչինին Միլանի «Լա Սկալա» թատրոնում ներկայացնում է, «Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» օպերան՝ Դ. Բելասկոյի պիեսի հիման վրա։
«Աղջիկը Արևմուտքից» օպերան Պուչինին ավարտին է հասցնում 1910 թվականին։
Պուչինին մահանում է 1924 թվականին՝ կոկորդի վիրահատությանը հաջորդած ինֆարկտի և անվերահսկելի արյունահոսության հետևանքով։ «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողությունն անավարտ է մնում։ Ավարտի մի քանի տարբերակներ կան, առավել շատ կիրառվում է Ֆրանկո Ալֆանոյի հեղինակածը։
Պուչինիի անունով է կոչվում Մերկուրիի խառնարաններից մեկը։
Բազմաթիվ երաժշտագետներ Պուչինիին համարում են իտալական օպերայի մեծագույն հեղինակ՝ Ջուզեպպե Վերդիից հետո երկրորդը[9]։ Պուչինիի վաղ շրջանի ստեղծագործություններում զգացվում է տասնիններորդ դարավերջի իտալական օպերաներին բնորոշ ռոմանտիկ շունչը։ Սակայն հետագայում նա անցում է կատարել դեպի իրապաշտական (ռեալիստական) ուղղությունը՝ վերիզմը (իտալերեն՝ verismo), մեծապես զարգացրել ու հարստացրել է այն՝ դառնալով այդ ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Մեծաքանքար կոմպոզիտորը գտնում էր, որ օպերայում երաժշտությունն ու գործողությունը պետք է անխզելիորեն կապված լինեն միմյանց։ Այդ է պատճառը, որ նրա օպերաները նախերգանք չունեն։
Պուչինիի օպերաների ամենաբնորոշ հատկանիշը դրանց մեղեդայնությունն է։ Մեղեդային հարստության շնորհիվ է, որ նրա գործերը, Վերդիի ու Մոցարտի օպերաների հետ մեկտեղ, համարվում են աշխարհի լավագույն թատրոններում ամենից հաճախ բեմադրվող ստեղծագործությունները[10]։ Մինչդեռ նրա ժամանակակից որոշ քննադատներ այդ մեղեդայնությունը թերություն էին հայտարարում։ Հեղինակություն համարվող քննադատներից մեկը 1912 թվականին լրագրերում գրել է. «Ուղղակի խայտառակություն է, որ աշխարհը կարծում է, թե իտալական երաժշտությունը հիմնականում այդ հնաոճ մելոդիստի (Պուչինիի) ստեղծագործություններն են, այն դեպքում, երբ Իտալիայում կա այնպիսի ինտելեկտուալ կոմպոզիտոր, ինչպիսին Իլդեբրանդո Պիցետին է»։ Մեկ այլ քննադատ՝ Կառլո Բերսեզիոն, «La gazetta»-ում այսպես է ներկայացրել Պուչինիի «Բոհեմի» պրեմիերայից իր ստացած տպավորությունները. «Իտալական օպերայի պատմության մեջ «Բոհեմը» չի թողնի և ո՛չ մի հետք. Հեղինակը պետք է ընդունի, որ իր այդ ստեղծագործությունը պարզապես սխալմունք է, թյուրիմացություն»։
2006 թվականին երաժշտական աշխարհը նշեց «հնաոճ մելոդիստի» «Բոհեմի» 110-ամյակը։ Պուչինիի այդ ստեղծագործությունը քսաներորդ դարի երկրորդ կեսից տեղ է գրավել աշխարհում ամենից հաճախ բեմականացվող օպերաների պատվավոր հնգյակում և այլևս չի զիջել իր դիրքը։
Մեծատաղանդ կոմպոզիտորի ստեղծագործությունների մեղեդայնությունը հսկայական ազդեցություն է գործել, ի հայտ են եկել բազմաթիվ հետևորդներ, որոնց անվանում են «պուչինիստներ»։ Երաժշտական քննադատ Իվան Սոլերտինսկին գտնում է, որ երաժշտության մեջ պուչինիստական ուղղության ամենավառ ներկայացուցիչը հունգարացի տաղանդավոր կոմպոզիտոր Իմրե Կալմանն է։ Նա «պուչինիստների» շարքին է դասում նաև Ֆրանց Լեհարին, Իսահակ Դունաևսկուն և ուրիշ հայտնի կոմպոզիտորների։
1996 թվականին Պուչինիի ծննդավայրում՝ իտալական Լուկա քաղաքում հիմնադրվել է «Centro Studi Giacomo Puccini» (Ջակոմո Պուչինիի կենսագրության և ստեղծագործության ուսումնասիրությունների կենտրոն)։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է American Center for Puccini Studies, որը 2004 թվականին հիմնադրել է երգիչ և դիրիժոր Հարրի Դունսթանը։
Պուչինիի օպերաներից մի քանիսի լիբրետոների հեղինակ Իլլիկան մեծն մաեստրոյին ուղղած իր նամակներից մեկում կես-կատակ, կես-լուրջ գրել է. «Ձեզ հետ աշխատել, Ջակո՛մո, նույնն է, թե՝ ապրել դժոխքում. նույնիսկ Հոբը չէր դիմանա այդ չարչարանքներին»:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.