Պորտասար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պորտասար (թուրքերեն՝ Göbekli Tepe, Պորտաբլուր, Ցմփոր բլուր[փա՞ստ]), նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր և հնագիտական հուշարձան Հայկական լեռնաշխարհում։ Ներկայումս գտնվում է՝ Թուրքիայում, Ուրֆա քաղաքից 14-15 կմ հյուսիս-արևելք[1]։
Պորտասար | |
անգլ.՝ Göbekli Tepe* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Պորտասար, նեոլիթյան շրջանի հնավայր Հայկական լեռնաշխարհում։ | |
Երկիր | Թուրքիա |
Տիպ | մշակութային ժառանգություն |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Կոորդինատներ | 37°13′23″ հս․ լ. 38°55′21″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2018 (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Նրա տարիքը գնահատվում է մինչև 12,000 տարեկան[1], որը սակայն, ըստ 2003 թվականին կատարված գեոմագնիսական հետազոտությունների[2], նախնական տվյալներով թվագրվում է առնվազն մ.թ.ա. 9-րդ հազարամյակով[3]։
Համարվում է աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին ծիսական կառույցը[1][4][5], և Նևալը-Չորիի վաղ նեոլիթյան բնակավայրի հետ հեղաշրջել է եվրասիական նեոլիթի մասին պատկերացումները[2]։
2021 թվականի դրությամբ պեղվել է տեղանքի 5%-ից պակաս հատվածը[4]։
Ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների արդյունքների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո[3]։ Այստեղ հայտնաբերվել են 12,000 տարի առաջ կառուցված սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարախումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում։ Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր[1]։
1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։ Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին[1]։ Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով[1]։
Մինչև այս հնավայրի պեղումները նման չափի համալիրի կառուցումն անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման առումով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500 մ տեղափոխման համար, ենթադրաբար, անհրաժեշտ է մոտ 500 հոգու համատեղ աշխատանք)[6]։
Մշակութային շերտերի հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս մեզոլիթ։
Ժամանակակից մշակովի ցորենի ԴՆԹ վերլուծության արդյունքների համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել մերձավոր կապը մոտ 32 կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթյան հեղափոխության ժամանակ) առաջին անգամ այստեղ է իրականացվել[7]։
Համահունչ է նաև Հայկական վարկածի հետ, ըստ որի, հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Պորտասարի հնագիտական հուշարձանախմբի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն վարկածը, ըստ որի քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն[1]։
Հնագետներին բլուրը հայտնի էր դեռ 1963 թվականից, սակայն նրա իրական նշանակությունն ի հայտ եկավ, երբ թուրք-գերմանական հնագիտական խումբը Կլաուս Շմիդտի ղեկավարությամբ սկսեց պեղումները։ Հնագիտական աշխատանքների ու հայտնագործությունների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուե քաղաքում 2007 թվականի հունվարի 20-ից մինչև հունիսի 17-ը։ 500-ից ավելի բարձրարժեք նյութերը ներկայացնում էին Պորտաբլրի 12.000 տարվա մշակույթը[8]։
2018 թվականի դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակում է Պորտասարի տարի։ Նպատակը այս շրջաններում զբոսաշրջության զարգացումն էր[1]։
2020 թվականի սեպտեմբերի 26-ից Պորտասարի հնագիտական հուշարձանախմբի մոտակայքում սկսում են օդապարիկով թռիչքներ կազմակերպել։ Նախքան թռիչքների կազմակերպումն այստեղ մեկ ամիս փորձնական թռիչքներ են իրականացվում։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել երեկոյան, տեղական ժամանակով 20։51-ին։ Այսպիսով, թուրքական իշխանությունները փորձում են հնարավորինս մեծ օգուտ քաղել UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Պորտասարում զբոսաշրջության զարգացումից[1]։
Առայժմ բացվել են չորս կլոր շինություններ, որոնց տրամագիծը 15-20 մետր է։ Դրանց պատերի երկայնքով, ինչպես նաև սրահների կենտրոնում տեղադրված են զանգվածեղ 39 կրաքարե սյուներ, որոնց բարձրությունը հասնում է երեքից հինգ մետրի և կշռում քսանից քառասուն տոննա։ Երկրամագնիսական հետազոտությունները պարզել են, որ ամբողջ բլուրը պատված է ևս մեկուկես տասնյակ շրջանաձև կառույցներով, որոնք սպասում են պեղումների։ Գիտնականների կարծիքով` հողի տակ գտնվում է շուրջ երկու հարյուր քարե սյուն։ Բացառված չէ, որ դրանց մեջ լինեն ավելի մեծ չափերով քարակոթողներ, քանի որ մոտակա քարահանքում գտնվել է յոթ մետր բարձրությամբ և հիսուն տոննա քաշով վերջնականապես չմշակված ցից մի քարազանգված։ Այս քարակոթողները նշանակալի են նրանով, որ դրանց հարթ մակերեսները խնամքով մշակված են, և ամեն մեկը կրում է որևէ կենդանու բարձրաքանդակ։ Այստեղ կարելի է տեսնել ցուլի, վայրի ոչխարի, էշի (ցիռ), վարազի, վիթի, ընձառյուծի, աղվեսի, կռունկի, բադի, սողունների և միջատների պատկերներ, երկրաչափական մարմիններ հիշեցնող նախշազարդեր։ Պորտասարում գտնվել է նաև տղամարդու երկու արձան, որոնց գլուխները բավականին վարպետորեն են քանդակված և, ըստ հնագետների, ունեն արմենոիդի ակնհայտ նշաններ։ Այս հնավայրի պեղումները ստիպում են գիտնականներին նորովի դիտարկել մարդկային վաղ պատմության հայտնի էջերը, մասնավորապես` նորքարեդարյան հեղափոխության սկզբնավորման խնդիրները։
«Նորքարեդարյան հեղափոխություն» հասկացությունը գիտական շրջանառության համար առաջարկել է անգլիացի հնագետ Գորդոն Վիր Չայդլը (1892 - 1957)` նկատի ունենալով նախնադարյան տնտեսության երկու կարևոր նվաճումները` երկրագործությունն ու անասնապությունը։ Այդ հեղափոխության ժամանակաընթացքում էր, որ մարդը քոչվորական կյանքից անցավ նստակյացության, պտուղների, արմտիքի, զանազան կերաբույսերի հավաքչությունից` բույսերի մշակությանը, որսորդությունից` կենդանիների ընտելացմանը կամ անասնապահությանը։ Գիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ Փոքր Ասիայում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում նորքարեդարյան հեղափոխությունը ծագել է Քրիստոսից առաջ ութերորդ հազարամյակում և տևել է երեքից չորս հազարամյակ։ Սակայն Պորտասարի արտասովոր գտածոն ստիպում է վերանայել շրջանառվող հայեցակետը։ Հայտնի է, որ ծիսական և պաշտամունքային կառույցները հայտնվել են այն ժամանակ, երբ մարդն անցել էր նստակյաց կյանքի, ստեղծել էր իր հավատալիքների համակարգը և սրբարաններում աստվածներից գթություն և պտղաբերություն էր հայցում ոչ միայն իր, այլև իր աճեցրած բերքի ու անասունների համար։ Պորտասարի համալիրի առանձնահատկությունների վերլուծությունն ապացուցում է, որ այդտեղ երկար ժամանակ աշխատել են որոշակի փորձ ու հմտություն ունեցող քարտաշներ և քարագործներ. մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել նույն աշխատանքով` չմտածելով այն համատեղել հանապազօրյա սնունդ ձեռք բերելու քրտնաջան որոնումներով։ Ուրեմն, այդ ժամանակ արդեն հանրության մեջ տեղի էր ունեցել աշխատանքի բաժանում, և տաճարի շինարարները սնվել են ուրիշների հաշվին։ Գիտնականների հաշվարկով տաճարի շինարարությանը մասնակցել է ամենաքիչը հինգ հարյուր մարդ։ Իսկ նրանց բոլորին անհրաժեշտ էր սնվել։ Գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը, որը ղեկավարել է Պորտասարի պեղումները, այդ առիթով գրել է. «Միայն որսով հնարավոր չէր այդքան մարդու կերակրել։ Շրջակայքի բնակիչները արդեն իսկ աճեցնում էին կերաբույսեր և խնամում անասուններ»։ Այս ամենը ստիպում է մտածել, որ նոր և քարեդարյան հեղափոխությունը Առաջավոր Ասիայում տեղի է ունեցել մի քանի հազարամյակ ավելի վաղ, քան մինչ այժմ ենթադրվում էր։
Քրիստոսից առաջ յոթ հազար հինգ հարյուր թվականին պորտասարն անսպասելի կորցնում է իր նախկին նշանակությունը, և տաճարն ամայանում է։ Նախքան բլրից հեռանալը, հավանաբար տաճարը սպասարկող քուրմերը, սրահներում բարձրաքանդակ սյուները քողարկելու նպատակով, նախ լրացուցիչ պատեր են շարում, ապա քիչ ավելի ուշ` համալիրը ծածկում հողով։ Բլուրը դառնում է արգելված գոտի։ Այդպես «պահածոյացված» տեսքով տաճարը շուրջ տասը հազար տարի պահպանվում է հողի տակ և անխաթար ներկայանում հնագետներին։ Եթե չլիներ անհայտ կրոնի սպասավորների շրջահայացությունն ու հեռատեսությունը, ապա հազարամյակների ընթացքում տաճարից հետք չէր մնա, ինչպես հավանաբար թալանվել ու ոչնչացվել են քարեդարյան այլ սրբավայրեր։ Պորտասարում չի հաջողվել գտնել բնակելի սենյակներ և գերեզմաններ։ Մարդիկ այստեղ երբեք չեն բնակվել։ Նրանք բլուր են բարձրացել միայն աստվածներին երկրպագելու համար։ Սակայն, թե ինչ կրոն են նրանք դավանել, ինչ աստվածությունների են երկրպագել, առայժմ հայտնի չէ և հազիվ թե հաջողվի իմանալ։
Աշխարհում հնագույն տաճարի պատերը, ինչպես նաև քարակոթող սյուները զարդարված են խորհրդանշաններով, որոնք կրկնվում են կամայական հերթականությամբ։ Դրանք ոչ միայն մեզ հայտնի կենդանիների, այլև երկրաչափական տարբեր մարմինների պատկերներ են, որոնց զուգակցությունը թողնում է տողերի տպավորություն։ Այսպես, թիվ երեսուներեք քարակոթողի վրա պատկերագիր նշանները շարված են շղթայակերպ։ Երկու անգամ հանդիպում է լատինական H տառը հիշեցնող խորհրդանշանը օձակծիկի, սարդերի և ոչխարների պատկերների հետ։ Թվում է, թե մենք գործ ունենք ծածկագիր տեղեկատվական համակարգի հետ։ Գիտնականները խուսափում են այս դեպքում խոսել նախագրի և գրչության մասին, որովհետև հարկ կլինի վերանայել մարդկային մշակույթի վերաբերյալ ավանդական բոլոր պատկերացումները։ Այդուհանդերձ, Շմիդտը ստիպված է խոստովանել, որ «Գյոբեքլի թեփեի շինարարներն օգտվել են հաղորդագրություններ կազմելու և դրանք մարդկանց փոխանցելու բարդ խորհրդանշաններից»։ Ի մի բերելով տասը տարվա ընթացքում Պորտասարում կատարած իր հետազոտությունները` 2006 թվականին գերմանիայում լույս տեսած «Նրանք կառուցել են առաջին տաճարները» մենագրությունում Կլաուս Շմիդտը գրում է. «Հազիվ թե մոտիկ ապագայում հաջողվի բացատրել Գյոբեքլի թեփեի խորհրդանշանների ամբողջ իմաստը։ Այդտեղ ապրած մարդիկ օժտված էին բառամթերքի հարուստ պաշարով, որը նրանց թույլ է տվել կազմել այնպիսի իմաստային միավորներ, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս սոսկ պտղաբերությանն առնչվող պատկերացումների արմատացած շրջանակներից»։ Նման պատկերագրերով քարեր հնագետները հայտնաբերել են Պորտասարից հարյուր հիսուն կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ Ավելին, նշանավոր բլրից հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սաբի Աբիադ հնավայրի բնակիչները, որոնք ապրել են մ.թ.ա. VII-VI հազարամյակներում, իրենց պատրաստած կավե ամանները կնքել են Պորտասարի տաճարից հայտնի խորհրդանշաններով։ Հնագետները համոզված են, որ այդ խորհրդանշանները ևս երեք հազար տարի անց արտացոլվել են Ուրուկի շումերական գրչության մեջ։ Ինչպես «Գիտության պատկեր» (գերմ.՝ Bild der Wissenschaft) ամսագրում գերմանական հնագիտական ինստիտուտի աշխատակից Հարալդ Հաուպրմանն է գրել, «Միանգամայն հնարավոր է, որ մ.թ.ա. 4-3 հազարամյակների միջագետքյան աստվածների պանթեոնն ուներ իր նախորդները։ Կարծում եմ, որ Գյոբեքլի թեփեում արդեն այն ժամանակ ձևավորվել էր մի պատկերացում, որը հետագայում իր անդրադարձն ունեցավ շումերական մշակույթում»։
«Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը»[9]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.