From Wikipedia, the free encyclopedia
Պոլեսիե (բելառուս․՝ Пале́ссе, ուկրաիներեն՝ Полі́сся, լեհ.՝ Polesie, ռուս.՝ Поле́сье), պատմամշակութային և ֆիզիկաաշխարհագրական երկրամաս Պոլեսիեի դաշտավայրում[1]։ Պոլեսիեն գտնվում է չորս պետությունների տարածքներում՝ Բելառուս, Լեհաստան, Ռուսաստան և Ուկրաինա։ Ընդհանուր մակերեսը կազմում է 130 հազար կմ²[2][3]։
Գրականությունում միանշանակ կարծիք չկա այս տեղանվան առաջացման մասին։ Հետազոտողների մեծամասնությունը պաշտպանում է այն կարծիքը, որ տերմինի առաջացման հիմքում ընկած է «անտառ» բառը։ Այսինքն` Պոլեսիեն անտառի տեղամաս է կամ էլ գտնվում է անտառի հարևանությամբ[4][5]։ Գոյություն ունի նաև այլընտրանքային կարծիք, ըստ որի տեղանունն առաջացել է բալթյան լեզուների «pol-/pal» արմատից, որը նշանակում է ճահճային տեղամաս՝ ճահճուտ[6]։
Ըստ բելառուս լեզվաբան Ֆյոդոր Կլիմչուկի` Պոլեսիե կարող էին անվանել այն տարածքը, որտեղ անտառային զանգվածները հերթափոխում են ճահճային զանգվածներին։
Հիմնականում Պոլեսիեն ընկած է Բելառուսի հարավում և Ուկրաինայի հյուսիսում, ինչպես նաև ընդգրկում է Լեհաստանի Լյուբլյինի վոևոդության տարածքի մի մասը և Ռուսաստանի Բրյանսկի մարզի մի հատվածը։ Պոլեսիեն աշխարհագրական առումով գտնվում է խառն անտառների զոնայում, որի տարածքի հարավային հատվածը սահմանակցում է անտառների և անտառատափաստանների գոտուն։
Բելառուսական Պոլեսիեն զբաղեցնում է Բրեստի և Գոմելի մարզերի հարավային շրջանները։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 61 հազար կմ2[7] կամ էլ ամբողջ Բելառուսի տարածքի 30 %-ը։ Պոլեսիեի ձգվածությունը արևմուտքից արևելք կազմում է մոտավորապես 500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ մոտավորապես 200 կմ[8]։ Առաջին հերթին Բելառուսական Պոլեսիեն բաժանվում է Արևմտյան և Արևելյան Պոլեսիեների։ Դրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Յասելդա և Գորին գետերով, ինչպես նաև Պրիպյատ գետի գետաբերանով[9][10]։ Զագորոդյե են անվանում Բելառուսական Պոլեսիեի Բրեստի հարավային շրջանները[11]։ Բելառուսական Պոլեսիեում բացի Պրիպյատ գետի ավազանից մտնում են նաև Շչարա, Մուխավեց և Բրագինկա գետերի գետային ավազանները[8]։ Բելառուսական Պոլեսիեն բաժանվում է հինգ ֆիզիկաաշխարհագրական շրջանների (թվարկվում է արևմուտքից արևելք ուղղությամբ)՝ Բրեստի Պոլեսիե, Պրիպյատի Պոլեսիե, Զագորոդիե, Մոզիրսկի Պոլեսիե և Գոմելի Պոլեսիե։
Ուկրաինական Պոլեսիեն իրենից ներկայացնում է ընդարձակ, մոտավորապես հարյուրկիլոմետրանոց գոտի երկրի հյուսիսային հատվածում։ Այն զբաղեցնում է ամբողջ Ուկրաինայի տարածքի մոտավորապես 19 %-ը[12]։ Կախված Դնեպր գետից` այն բաժանվում է աջափնյա և ձախափնյա Պոլեսիեների (երբեմն կիրառում են Արևմտյան և Արևելյան կամ Պրիպյատի ու Նադդեսնյանսկի Պոլեսիեներ)։ Ուկրաինական Պոլեսիան վարչատարածքային բաժանման պատճառով բաժանվում է վեց ֆիզիկաաշխարհագրական շրջանի՝ Վոլինսկի Պոլեսիե, Ռովենսկի Պոլեսիե, Ժիտոմիրի Պոլեսիե, Կիևի Պոլեսիե, Չերնիգովյան Պոլեսիե և Սումսկի Պոլեսիե[13]։
Լեհաստանում Պոլեսիեն տարածվում է հիմնականում Լյուբլինի վոևոդությունում։ Այստեղ այն ընդգրկում է Արևմտյան Բուգ գետի հովիտը Վոլի-Ուրգուսի և Լենչիցկո-Վլոդավսկի գոտիներում, որին անվանում են Լյուբլինի կամ Արևմտյան Պոլեսիե[14]։ Լյուբլինի Պոլեսիեի արևմտյան սահմանը անցնում է Վեպշ գետով։
Բրյանսկ-Ժիզդրինսկի Պոլեսիեն տարածվում է Ռուսաստանի Բրյանսկի մարզի տարածքի մի մասում[13]։
Շատ հաճախ Պոլեսիեի բնակիչներին անվանում են պոլեշչուկներ կամ պոլիշչուկաներ։ «Պոլեշչուկ» տերմինը համարվում է և' ինքնանվանում, և' էկզոանվանում։
Էթնիկ առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում արևմտյան պոլեշչուկները. այն արևելասլավոնական էթնիկ համայնք է[15]։ Դեռևս 19-րդ դարում շատ հետազոտողներ, այդ թվում և Միտրոֆան Դովնար-Զապոլսկին նկարագրել է այս ժողովրդին և նշել նրա ֆիզիկական առանձնահատկությունները։
Յուլիան Տալկո-Գրիցևիչը մարդաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտել է, որ պոլեշչուկները առանձին էթնիկ խումբ են և տարբերվում են բելառուսներից ու ուկրաինացիներից։ Պոլեշչուկներին մոտ են ալպիական ռասսայի ներկայացուցիչները։ Նրանք ունեն կարճ հասակ, լայն դեմք և մուգ մազեր[16]։
Պավել Շպիլևսկին նշել է Պոլեսիեի լեզվի տարբերությունը բելառուսերենից։ Իսկ Պավել Բոբրովսկին այն ենթադրությանն է հանգել, որ տարբերվելով ուկրաինացիներից ու բելառուսներից՝ պոլեշչուկները շատ նմանություններ ունեն վերջիններիս հետ[17]։
Բելառուսական և Ուկրաինական Պոլեսիեի տարածքներում այսօր հիմնականում խոսում են և՛ բելառուսերեն, և՛ ուկրաիներեն[10][18]։
Պոլեսիեի լեզուն հիմնականում բաժանվում է երկու, միմյանցից խիստ տարբեր բարբառների՝ արևմտապոլեսիեի և արևելապոլեսիեի։ Առաջին տեսակին երբեմն ուղղակի անվանում են պոլեսիերեն. այն բելառուսերենի բարբառ է, իսկ արևելապոլեսիերենը՝ բելառուսերենի հարավարևմտյան բարբառն է[19]։
Ուկրաինական Պոլեսիեում խոսում են հիմնականում երեք բարբառներով՝ արևելյան, միջին և արևմտապոլեսիեի[20]։
1980-ական թվականների վերջին Նիկոլայ Շելյագովիչն ու նրա համախոհները կատարել են այս շրջանի բարբառների ուսումնասիրություն՝ հիմք ընդունելով հարավյանովյան բարբառը։ Սակայն պարզ դարձավ, որ այդ բարբառը Պոլեսիեի բարբառի հետ ընդհանրապես կապ չունի։ Գիտական գրականությունում Պոլեսիեի լեզուն անվանում են արևմտապոլեսիական միկրոլեզու[21]։
Առաջին անգամ պոլեսիե տեղանունը հիշատակվել է 1274 թվականին Գալիցկո-Վոլինսկի տարեգրությունում, որտեղ գրված է հետևյալը՝ «ѿ Копылѧ воюӕ по Полѣсью»[22]: Լեհական աղբյուրներում հանդիպում է polexiani տերմինը։ Համարվում է, որ «պոլեշանե» տերմինն առաջացել է Պոլեսիե տեղանունից[23]։
1560 թվականին Դանցիգում հրատարակվել է Պոլեսիեի առաջին քարտեզը՝ Tabula Paludum Polesie Dr Ziekera անվանումով։ Յան Դլուգոշի[24], Մարտին Կրոմերի[25] և Մատեյ Ստրիկովսկու[26] պատմագրություններում մի քանի անգամ հանդիպում է Պոլեսիե տեղանունը։ Սահմանները տարբեր կերպ է ներկայացված, բայց, ընդհանուր առմամբ, այն ընդգրկել է Պրիպյատ գետի ավազանը։ Կրոմերը Պոլեսիեն նշել է որպես տարածք, որը գտնվում է Ռուսիայի, Լիտվայի, Պրուսիայի, Վոլինի և Մազովիայի միջև։
«Պոլեսիեի բնանկար», 1884 | «Ճահիճ։ Պոլեսիե», 1890 |
Բնության հազվագյուտ համալիրներից մեկի՝ Շչացկի լճերի պահպանության համար հիմնվել է Շչացկի ազգային պարկը, որի տարածքը կազմում է 32 500 հեկտար։ 2002 թվականին ստեղծվել է Շչացկի կենսաբանական արգելոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո. սրա տարածքը կազմում է 48 977 հեկտար[27]։ Լեհաստանում 1990 թվականին հիմնվել է Պոլեսիեի ազգային պարկը, որի տարածքը զբաղեցնում է 9 760 հեկտար[28]։ 2004 թվականին Բելառուսում ստեղծվել է Պրիբուժսկի Պոլեսիե արգելոցը, որի տարածքը կազմում է 48 024 հա[29]։ 2012 թվականին բոլոր կենսաբանական արգելոցները միավորվեցին և ստեղծվեց Արևմտյան Պոլեսիե միջազգային արգելոցը, որի ընդհանուր տարածքը կազմեց 263 016 հեկտար[30]։
Բելառուսական Պոլեսիեի տարածքում է գտնվում նաև նշանավոր Բելովեժյան թավուտը։ Գոմելի մարզի արևմուտքում գտնվում է Պրիպյատի ազգային պարկը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 188 485 հեկտար։
Ուկրաինայում գտնվում են հետևյալ արգելոցները՝ Ռովնենսկի, Պոլեսիեի, Դրևլյանսկի և Չերեմսկի։
1986 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցած Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով Պոլեսիեի զգալի մասը ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց։
Պոլեսիե են անվանում նաև այս երկրների դաշտավայրերը, որոնք ձևավորվել են ալյուվիալ և ֆլյուվոգլացիալ նստվածքաշերտերից (հիմնականում ավազներից)։ Դրանցից հայտնի են՝ Մեշչորայի դաշտավայրը, Պոլեսիեի դաշտավայրը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.