Պիելոնեֆրիտ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Պիելոնեֆրիտ, երիկամների բորբոքում, սովորաբար վարակային բնույթի[1]։ Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են՝ տենդը, որովայնի և գոտկային հատվածի ցավոտությունը[2]։ Դիտվում է նաև սրտխառնոց, ցավոտ միզարձակում և հաճախամիզություն[2]։ Բարդություններն են՝ երիկամների շուրջ թարախի կուտակումը, սեպսիսը, երիկամային անբավարարությունը[1]։
Պիելոնեֆրիտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
Pyelonephritis Վիքիպահեստում |
Սովորաբար այն առաջանում է բակտերիալ վարակի պատճառով։ Ամենատարածված հարուցիչը հանդիսանում է աղիքային ցուպիկը[2]։ Ռիսկի գործոններն են՝ սեռական հարաբերությունը, նախորդող միզային վարակը, շաքարային դիաբետը, միզուղիների կառուցվածքային խնդիրները և սերմնասպանների օգտագործումը[1][2]։ Վարակի տարածումը հիմնականում լինում է միզուղիների միջոցով, առավել հազվադեպ տարածվում է արյան համակարգով[2][3]։ Ախտորոշման հիմքը կազմում է կլինիկական նշանները, որը լրացվում է մեզի լաբորատոր հետազոտությամբ[2]։ Եթե բուժման արդյունքում բարելավում չի նկատվում, ապա լրացուցիչ գործիքային հետազոտության կարիք է լինում[2]։
Պիելոնեֆրիտի առաջացումը կարելի է կանխել բավարար քանակի հեղուկ օգտագործելու և սեռական հարաբերություններից հետո միզելու միջոցով[3]։ Բուժումն առհասարակ կատարվում է հակամանրէային դեղերով՝ ցիպրոֆլոքսացին կամ ցեֆտրիաքսոն[4][5]։ Առավել ծանր դեպքերում կարիք է լինում հոսպիտալացման[2]։ Այն հիվանդների համար, ովքեր ունեն միզուղիների կառուցվածքային խանգարումներ կամ երիկամային քարեր, հնարավոր է՝ պահանջվի վիրահատություն[1][3]։
Պիելոնեֆրիտը տարածված հիվանդություն է[6]։ Հանդիպման հաճախությունը կանանց մոտ կազմում է տարեկան 1-2։1000, իսկ տղամարդկանց մոտ՝ 0,5։1000[7]։ Երիտասարդ կանայք համարվում են ամենախոցելիները[2]։ Բուժման դեպքում կանխատեսումը բավականին բարենպաստ է երիտասարդների մոտ[1][6]։ 65 տարեկանից բարձր անձանց մոտ մահվան հավանականությունը կազմում է 40 %[6]։