Պետրովի առանձնատուն (Դոնի Ռոստով)
առանձնատուն Դոնի Ռոստովում From Wikipedia, the free encyclopedia
Պետրովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Петрова, Դոմբրովսկու առանձնատուն, ռուս.՝ Особняк Домбровского), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (շենք 115)։ Տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով։ 1959 թվականից առանձնատունն զբաղեցնում է Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարանը[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
Առանձնատունը կառուցվել է XIX դարի վերջին։ Տան առաջին սեփականատերը եղել է Ա. Ա. Դոմբրովսկին, որը շուտով այն վաճառել է։ Հայտնի է, որ 1898 թվականին առանձնատունը պատկանել է Վլադիկավկազի երկաթուղու վարչությանը[1]։
XIX դարի վերջին Վլադիկավկազի երկաթուղու վարչությունը երկարատև դատական գործընթացի մեջ էր՝ կապված երկաթուղային գծեր անցկացնելու նպատակով հողամասեր ձեռքբերելու հարցի հետ։ Այն ժամանակ երկաթուղու պետը հայտարարել էր, որ այն փաստաբանը, ով կշահի այդ գործը, որպես նվեր կստանա Դոմբրովսկու առանձնատունը։ Երկաթուղու շահերը սկսեց պաշտպանել ռոստովցի փաստաբան Ապոլոն Պետրովիչ Պետրովը, որը փայլուն կերպով շահեց այդ դատական գործը։ Արդյունքում նա նշանակվեց Վլադիկավկազի երկաթուղու վարչության իրավախորհրդատու և որպես նվեր ստացավ խոստացված առանձնատունը[1]։
Պուշկինի փողոցում գտնվող տանը Պետրովն ապրել է կնոջ և երեխաների հետ։ 1913 թվականից տունը պաշտոնապես պատկանել է նրա կնոջը՝ Սոֆյային։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պետրովները տեղափոխվել են Ֆրանսիա։ 1920 թվականին շենքն ազգայնացվել է։ 1920-ական թվականներին այնտեղ տեղակայված են եղել Մանկական կոմունան, ապա՝ Լուսավորության աշխատողների տունը, այնուհետև՝ Լեռնագործների միությունը։ 1930-ական թվականներին առանձնատանը գտնվել են Ռոստովի մարզային խորհրդային արդյունաբերական կոոպերացիան, «Սպարտակ» ֆիզկուլտընկերությունը և Տեղական արդյունաբերության մարզային վարչությունը։ Հայրենական մեծ պատերազմից հետո շենքը փոխանցվել է շինարարության և ճարտարապետության գործերով մարզային բաժնին։ Այդ ժամանակահատվածում առանձնատանն ավելացվել է ձեղնահարկ, կառուցվել է բետոնե սանդուղք, քանդվել են փայտե պատշգամբը և մարմարե շատրվանն այգում։ Այդ ժամանակ կորսվել են նաև բուխարին և առանձնատան մի քանի փորագրովի դռները։ 1959 թվականին շենքը հանձնվել է Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարանին[1]։
Ճարտարապետություն
Պետրովի առանձնատունը կառուցված է էկլեկտիզմի ոգով, նրա ձևավորման մեջ համակցված են բարոկկոյի, կլասիցիզմի և վերածննդի տարրեր։ Գլխավոր (հարավային) ճակատը, որը նայում է Պուշկինի փողոցին, ունի անհամաչափ կոմպոզիցիա։ Հիմնական հարկի միջապատերը զարդարված են բարդ օրդերի սյուներով։ Պատուհանի բացվածքներն ունեն կողպեքային քարերով կիսաշրջանաձև ավարտ։ Կամարաղեղները հենվում են կարիատիդների վրա։ Գլխավոր մուտքի վերևում գտնվում է հերալդիկական նշանը։ Պատուհանների վերևի ծոփորն առատորեն զարդարված է ծեփակերտ տարրերով՝ կանանց գլխիկներով, գրիֆոններով, վահանազարդերով, բուսական զարդաքանդակներով։ Ճաղաշարքը բաղկացած է մի շարք զարդաճաղերից և կարճասյուներից[3]։
Պուշկինի փողոցից առանձնատան տարածքն առանձնացված է քարե հիմքով ձուլակերտ ցանկապատով։ Սկզբնապես դարպասները գտնվել են կողքերից, իսկ կենտրոնում եղել է դռնակ։ Հյուսիսային ճակատին հարակից են տնտեսական կառույցները։ Իսկ նախկինում այստեղ եղել են ախոռներն ու կառքամառանը[3]։
Մարմարե սանդուղքով գլխավոր նախասրահի շուրջը երկու մակարդակներով գտնվել են հիմնական դահլիճները։ Պատերը զարդարված են կորնթոսյան որմասյուներով, դռները շրջանակված են արխիվոլտներով, առաստաղը զարդարված է ծեփակերտ նախշերով։ Միջնահարկում սկզբում գտնվել են խոհանոցը, կաթսայատունը և սպասավորների սենյակները։ Ուտեստները դեպի վերև մատուցվել են հատուկ էսկալատորով[3]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.