From Wikipedia, the free encyclopedia
Պետության տարածքային կազմակերպում, երբ պետության տարածքը բաժանվում է տարբեր կարգավիճակ ունեցող մասերի։ Տարածքային կազմակերպման նպատակը պետական գործունեության ընթացքում երկրի ներքին տարածքային առանձնահատկությունները մանրամասն հաշվի առնելն է, հասարակական կյանքը կազմակերպելու և կառավարելու համար։ Տարածքային միավորը կապող օղակ է հանդիսանում բնակավայրերի և կենտրոնական պետական իշխանության միջև[1]։ Բոլոր պետություններում առանձնացվում են տարածքային միավորներ, սակայն տարբեր պետություններում միավորների քանակը կարող է տարբեր լինել։ Ներկայումս ամենամեծ քանակն ունեն Ֆրանսիան՝ 96 (դեպարտամենտ) և Ռուսաստանը՝ 89 (հանրապետություն, երկրամաս, մարզ կամ օկրուգ)։ Պետությունների մեծ մասում տարածքային բաժանման միավորների թիվը տատանվում է 10-ից 50-ի միջև։
Պետություններն ըստ տարածքային կազմակերպման լինում են՝ ունիտար, դաշնային և համադաշնային։
Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ։ Այստեղ ներքին տարածական բաժանումը ընդունված է անվանել վարչատարածքային բաժանում, իսկ միավորները՝ վարչատարածքային միավորներ։ Աշխարհի պետությունների մեծ մասն ունիտար են, օրինակ՝ Լեհաստանը, Լիտվան, Ճապոնիան, Ֆրանսիան և այլն։ Ունիտար է նաև Հայաստանը, որն ունի երկաստիճան կառուցվածք։ Այն բաղկացած է վարչական մարզերից և մարզերին ենթական համայնքներից (քաղաք, գյուղ)։
Դաշնային կամ ֆեդերատիվ պետությունը իրենից ներկայացնում է սահմանափակ պետական անկախություն ունեցող քաղաքական տարածքային կազմավորումների միություն։ Դաշնային պետություններում յուրաքանչյուր դաշնային միավորի տարածքում բացի համապետական օրենքներից գործում են նաև տեղական օրենքներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև առանձին սահմանադրություն։ Այն որպես տարածքային կազմակերպման ձև ծագել է 19-րդ դարում և լայնորեն տարածվել 20-րդ դարում։ Այն համարվում է ժողովուրդների համախմբման, ինտեգրման եղանակ։ Աշխարհում Դաշնային պետությունների քանակը կազմում է ավելի քան երկու տասնյակ։ Դաշնային պետությունների օրինակ են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրիան, Բրազիլիան, Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Գերմանիան և այլն։
Դաշնային պետություններում տարածքային բաժանումն անվանում են քաղաքական տարածքային բաժանում, իսկ միավորները՝ քաղաքական տարածքային միավորներ։ Ըստ էության այդ միավորները մասնակցում են երկրի կառավարմանը և ունեն որոշակի ազդեցություն այդ հարցում։ Քաղաքական տարածքային միավորը իր հերթին բաժանվում է վարչատարածքային միավորների։ Պետության ներսում միավորների քանակի և նրանց միջև սահմանների որոշման ժամանակ հաշվի են առնվում մի շարք գործոններ։ Գլխավոր գործոններն են՝ էթնոմշակութային, բնակչության խտության, տարածքի յուրացվածության, բնական պայմանների բնույթի, տնտեսության կառուցվածքի և այլն։
Համադաշնությունը կամ կոնֆեդերացիան անկախ պետությունների միավորումն է, որոշակի գործողություններ համաձայնեցնելու և իրականացնելու նպատակով։ Այս դեպքում միավորում է տեղի է ունենում ոչ թե՛ սահմանադրության հիման վրա, այլ պետությունների միջև կնքված պայմանագրերի միջոցով։ Համադաշնությունում չկա մեկ միասնական պետական տարածք և քաղաքացիություն։ Նրանք համարվում են նաև միջազգային իրավունքի սուբյեկտներ և կարող են վարել նաև միջազգային քաղաքականություն։
Պետության վարչատարածքային կառուցվածքը հազվադեպ է փոփոխվում, իսկ փոփոխման դեպքում էլ կատարվում են չնչին փոփոխություններ, ձգտելով պահպանել նախկին սահմանների զգալի մասը։ Այնուամենայնիվ, դրանք անխուսափելի են և ամեն պետություն որոշակի ժամանակահատվածում իրականացում է վարչաքաղաքական վերափոխում։ Նման փոփոխությունները հիմնվում են մի շարք սկզբունքների հիման վրա, որոնցից են՝
Այս սկզբունքների կիրառման արդյունավետությունը պայմանավորված է, թե ինչպիսի՞ն է առաջարկվող փոփոխությունների գիտական հիմնավորումը, ի՞նչ մակարդակով և խորությամբ են վերլուծված ու գնահատված վարչաքաղաքական բաժանման ռեֆորմի առաջարկվող տարբերակներից յուրաքանչյուրի իրականացման հնարավոր հետևանքները[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.