From Wikipedia, the free encyclopedia
Պարմենիոն (անգլ.՝ Parmenion, նաև անգլ.՝ Parmenio, հուն․՝ Παρμενιων; մ. թ. ա. 400, Հունաստան - մ. թ. ա. 329, Եկբատան, Համադան, Իրան), Մակեդոնիայի ականավոր զորավար։ Եղել է Արգեադների դինաստիայի թագավորներ՝ Փիլիպոս II-ի և նրա որդի, Ալեքսանդր III-ի (Ալեքսանդր Մեծի), զինակիցը։ Պատմական աղբյուրները վկայում են Պարմենիոնի ազնվական ծագման մասին։ Ենթադրաբար, զինվորական ծառայության է անցել դեռ Փիլիպոսի հոր, Ամինտաս III-ի գահակալության օրոք։ Որպես Փիլիպոս II-ի զորավար Պարմենիոնը մ.թ.ա. 359-336 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Մակեդոնիայի՝ Հոնիական ծովից մինչև Պոնտոս ձգվող հզոր Բալկանյան պետության, կազմավորման գործում։ Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնը ճանաչել է Ալեքսանդրի տիրապետությունն ու մասնակցել նրա Արևելյան արշավանքի նախապատրաստմանը։ Պարմենիոնի զորավարի տաղանդը բացահայտվել է հատկապես Գրանիկոս գետի, Իսոսի և Գավգամելայի հաղթական ճակատամարտերում Աքեմենյան Պարսկաստանի դեմ։ Ժամանակի ընթացքում Ալեքսանդրի ու Պարմենիոնի միջև առաջացել են տարաձայնություններ ռազմական ու քաղաքական հարցերի շուրջ։ Պարմենիոնը սպանվել է Ալեքսանդրի հրամանով 330 թ. Էկբատանում, արքայի կյանքին մահափորձ կատարելու կասկածի հիման վրա։
Պարմենիոն | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 400 |
Ծննդավայր | Հունաստան |
Մահացել է | մ. թ. ա. 329 |
Մահվան վայր | Եկբատան, Համադան, Իրան |
Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Ֆիլոտաս |
Զբաղեցրած պաշտոններ | ստրատեգոս և սատրապ |
Երեխաներ | Ֆիլոտաս և Nicanor? |
Փիլիպոս II համարում էր Պարմենիոնին իր ամենաարժանի զորավարներից մեկը և հաճախ վստահում նրան մակեդոնական զորքի հրամանատարությունը իր բացակայության ժամանակ։ Պարմենիոնը նկատելի դեր է կատարել մի շարք զավթողական ռազմարշավներում Մակեդոնիայի հարևան պետությունների դեմ։ Դրանք են Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող Պեոնիան (մ.թ.ա. 359 թ.), ինչպես նաև Իլլիրիան՝ հյուսիս-արևմուտքոմ (մ.թ.ա. 356 թ.) ու Թրակիան՝ արևելքում (մ.թ.ա. 342-340 թ.թ.)։ Պարմենիոնը մասնակցել է Երրորդ Սրբազան պատերազմում հունական պոլիսների միջև տեղի ունեցած զինված ընդհարումներին, որոնք հետագայում վերածվել էին Հյուսիսային ու Միջին Հունաստանին (Թեսալիա, Բեովտիա, Էվբոյա կղզու) Մակեդոնիայի կողմից իշխելու պայքարին։ Մ.թ.ա. 338 թվականին Պարմենիոնը մասնակցել է Քերոնեա քաղաքի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում, պարտության մատնելով հունական պոլիսների միասնական ուժերին։ Մ.թ.ա. 337 թ. Փիլիպոսի նախաձեռնությամբ հունական պոլիսների միջև հաստատվել էր դաշինք (այսպես կոչված Կորինթոսյան միություն), որի շրջանակներում ձևավորվել էր հունամակեդոնական միացյալ բանակ Աքեմենյան Պարսկաստանին հարված հասցնելու նպատակով։ Այդ զորքի 10000-ոց առաջապահ ջոկատը Աթալոսի ու Պարմենիոնի ղեկավարությամբ կտրում է Հելլեսպոնտոսի նեղուցը և խորանում Փոքր Ասիա՝ հոնիական ծովափնյա քաղաքները նվաճելու նպատակով։ Սակայն միջոցառումը մնում է անավարտ Փիլիպոսի անսպասելի վախճանի պատճառով։
Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնը ճանաչում է Ալեքսանդրի տիրապետությունը։ Մինչ Ալեքսանդրը եռանդորեն ճնշում է Փիլիպոսի մահվան հետևանքով գլուխ բարձրացրած բալկանյան ժողովուրդների ըմբոստացումը, ինչպես նաև հունական պոլիսների՝ Աթենքի ու Թեբեի ընդվզումը, Պարմենիոնը շարունակում է իր ռազմական գործողությունները Էգեյան ծովի ափերին։ Այդտեղ Պարմենիոնի ընդդիմադիրն էր պարսկական հրամանատար, հույն վարձկան Ռոդոսից՝ Մեմնոնը, որի հաջողակ գործողությունների շնորհիվ մակեդոնական ուժերը դուրս մղվեցին այդ տարածքներից։ Փոքր Ասիայուն տեղի ունեցած անհաջողությունից հետո 335 թ. Պարմենիոնը վերադառնում է Մակեդոնիա ու մասնակցում պարսկական արշավանքի նախապատրաստման աշխատանքներին։ Ալեքսանդրի երկու փորձառու հրամանատարներ՝ Անտիպատրոսն ու Պարմենիոնը խորհուրդ են տալիս երիտասարդ թագավորին հապաղեցնել ռազմական գործողությունները, պատշաճ կերպով պատրաստվել, իսկ ամենակարևորը՝ մտածել թագաժառանգ ունենալու մասին։ Ալեքսանդրը անտեսում է իր հրամանատարների խորհուրդը. նա թողնում է Անտիպատրոսին 12000-ոց բանակ՝ Մակեդոնիայի թիկունքները պաշտպանելու համար, և մ.թ.ա. 334 թ. մայիսին մեկնարկում իր Արևելյան արշավը։ Պարմենիոնի գլխավորած բանակը հաշվում էր 24 000 զինվոր, որոնց թվում էր մակեդոնական, դաշնակցական ու վարձկան միացյալ հետևակազորը, ինչպես նաև թեսալիական ծանր հեծելազորը։
Պարմենիոնի որդիներից մեկը, Ֆիլոտասը, գլխավորում էր ծանր հեծելազորը, հեթայրներին։ Մյուս որդի Նիկանորը հետևակայինների կորպուսի, հիպասպիստների, հրամանատարն էր։ Պարմենիոնի ղեկավարության տակ, այդպիսով, համախմբված էին մակեդոնական բանակի ամենակարևոր ու խոշոր ստորաբաժանումները։ Պարմենիոնի մենաշնորհային դիրքը բացատրվում էր նրա բացառիկ դերակատարությամբ մակեդոնական բանակի կայացման գործում, ինչն իր սկիզբն էր առել Փիլիպոսի ժամանակներից ի վեր։ Արշավանքի այդ փուլում Ալեքսանդրը ստիպված էր համակերպվել Պարմենիոնի հեղինակության անձեռնամխելիության հետ։ Գրանիկոս գետի ճակատամարտում Պարմենիոնը ղեկավարում է ձախ թևը։ Կռվից առաջ Պարմենիոնը, գիտակցելով բարդ տեղանքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև պարտության դեպքում ամբողջ ձեռնարկին սպառնացող կործանարար հետևանքները, փորձում է համոզել թագավորին հետաձգել գրոհը և լրջորեն պատրաստվել ճակատամարտին։ Ալեքսանդրը պատասխանում է, որ Հելլեսպոնտոս կտրած բանակին չպետք է վախեցնի Գրանիկոսի անցումը։ Մինչ Ալեքսանդրի թեթև հեծելազորը շեղում էր պարսիկների ուշադրությունը, Պարմենիոնի ծանր հեծելազորը կատարում է գետանցումը, գրոհ ձեռնարկում ու թշնամուն փախուստի մատնում։
Փոքր Ասիայի տիրույթներում Պարմենիոնը հաճախ գործում էր հիմնական բանակից անկախ, բռնագրավելով քաղաքներ ու հնազանդեցնելով տեղական իշխաններին։ Մ.թ.ա. 333 թ. աշնանը, Իսոսի ճակատամարտի նախաշեմին, Պարմենիոնի ու Ալեքսանդրի բանակները միանում են։ Ձախ թևի հրամանատարությունը կրկին հանձնարարված էր Պարմենիոնին։ Մինչ նրա ուժերը զսպում էին պարսիկ հեծելազորի ճնշումը, Ալեքսանդրի ղեկավարած աջ թևը պատռում է թշնամու գծերը, նետվում գլխավոր թիրախի՝ Դարեհ III-ի ուղղությամբ և փախուստի մատնում նրան։
Այդ շրջանում Պարմենիոնը փաստորեն Ալեքսանդրի լիարժեք փոխարինողն էր, նրան էր վստահված պարսիկ արքայի հարստությունների բռնազավթումը Դամասկոսի թաքստոցներից։ Կատարելով 350 կիլոմետրանոց մարտարշավ, Պարմենիոնը կոտրում է տեղական կայազորի դիմադրությունն և Ալեքսանդրին հասցնում 2000 տաղանդ ոսկի, չհաշված այլ ռազմաավարը։ Իսսոսի ճակամարտից հետո Դարեհը առաջարկում է Ալեքսանդրին իր կայսրության կեսը գերեվարված ընտանիքի փոխարեն։ Պարմենիոնը, հավատարիմ լինելով Փիլիպոսի գաղափարներին և սթափորեն կշռադատելով իրողությունը, այն համոզմունքի էր, որ պարսկական թագավորի առաջարկները պետք է ընդունվեն ու հռչակվի պատերազմի ավարտը։ Սակայն դա հակասում էր Ալեքսանդրի աշխարհատիրական մտադրություններին։ Հենց այդ ժամանակ է տեղի ունենում Ալեքսանդրի և Պարմենիոնի աշխարհայացքների ամենասուր բախումը։ Պարմենիոնի խոսքերին ”Եթե ես Ալեքսանդր լինեի՝ ապա կընդունեի առաջարկը” Ալեքսանդրը հակառակում է.”Ես ճիշտ այդպես էլ կվարվեի, եթե լինեի Պարմենիոն”։
Մ.թ.ա. 331 թվականին Պարմենիոնը ղեկավարում է մակեդոնական փաղանգը Գավգամելայի ճակատամարտում։ Կռվի մատույցներին, դիտելով հարթավայրում տեղակայված ահռելի քանակի պարսկական ուժերը նա առաջարկում է Ալեքսանդրին ձեռնարկել գիշերային գրոհ։ Ալեքսանդրը պատասխանում է, որ իրեն վայել չէ գաղթագողի հաղթանակ տանել։ Գավգամելան մակեդոնական բանակին բաժին ընկած ամենածանր հաղթանակն էր։ Մինչ Ալեքսանդրը հետապնդում էր Պարթևստանում թաքնված Դարեհին, Պարմենիոնը, հաստատվելով պարսկական տերության կենտրոնում, Միդիայում, ձեռնարկում է երկրի տնտեսական ու քաղաքական կարգավորումը։
Հայտնի է, որ Ալեքսանդրի բանակում ծառայել էին Պարմենիոնի երեք որդիները։ Հեկտորը Նեղոսում 331 թ. ջրահեղձ էր եղել, Նիկանորը վախճանվել էր հիվանդությունից, իսկ Ֆիլոտասը 330 թ. Ալեքսանդրի հրամանով մահապատժի էր ենթարկվել։ Պարմենիոնի մի դուստրը ամուսնացած էր Ատտալոսի հետ, որը նույնպես սպանված էր թագավորի կարգադրությամբ, իսկ մյուս դուստրը՝ փաղանգի հրամանատար Քենի կողակիցն էր։
Պարմենիոնի որդի Ֆիլոտասը ակամա դարձավ իր հոր կործանման պատճառը։ Այդ պատվասեր զորավարը դժվարությամբ էր թաքցնում իր թշնամանքը Ալեքսանդրի քաղաքականության վերաբերյալ։ Մակեդոնական թագավորը միտումնավոր շրջապատում էր իրեն նախկին ախոյան պարսիկներով, հետզհետե հեռացնելով և մեկուսացնելով իր վաղեմի մակեդոնացի զինակիցներին։ Բացի դրանից, վետերանները նախատում էին անվայել ու շվայտ բարքերը, որոնք արմատավորվել էին Ալեքսանդրի արքունիկում։ Ֆիլոտասը համարում էր իրեն հանգուցյալ Փիլիպոսի ու հին գվարդիայի պատվազգաց ավանդույթների ջատագողը։ Այդ պատճառով նա վայելում էր որոշ մակեդոնական զանգվածների համակրանքը։ Դա չէր կարող չանհանգստացնել թե՛ Ալեքսանդրին, թե՛ նրա մոտիկ շրջապատի ազդեցիկ դեմքերին՝ Հեֆեստիոնին, Քրատերին, Քենին։ Նրանք համարում էին Ֆիլոտասին դավադիր խմբի պարագլուխը, իսկ Պարմենիոնին՝ նրանց ոգեշնչող գաղափարախոսը։
Մ.թ.ա. 330 թ. հոկտեմբերին նրանք Ալեքսանդրի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանք են ներկայացնում Ֆիլոտասին։ Այդ գործը պատմության մեջ մտավ որպես “Ֆիլոտասի դավադրություն” և համարվում է Ալեքսանդրի ամենաաղմկահարույց գործողություններից մեկը։ Վարկածն այն էր, որ իբր Ֆիլոտասը, տեղեկանալով Ալեքսանդրի վրա պատրաստվող մահափորձի մասին, այն գաղտնի էր պահել։ Սկսվում է հետախուզություն, որը վարում էր ինքը Ալեքսանդրը։ Կտտանքների արդյունքում Ֆիլոտասը խոստովանում է հանցանքն ու մահապատժի ենթարկվում։ Այնուհետև հերթը հասնում է Պարմենիոնին, որը ճանաչվում է հանցավոր Ֆիլոտասի դավակից, չնայած որ վերջինս ժխտում էր հոր մասնակցությունը։ Հսկայական հեղինակություն վայելող Պարմենիոնը ղեկավարում էր մակեդոնական ռազմաուժերը և տնօրինում թագավորական գանձապետարանը, ինչի պատճառով Ալեքսանդրը շահագրգռված էր գործի արագ ավարտին։ Ոմն Պոլիդամանտոսին, իր հավատարիմ անձին, նա ուղարկում է Էկբատան, որտեղ այդ պահին գտնում էր Պարմենիոնը։ Երբ 70-ամյա Պարմենիոնը կարդում է այդ անձի կողմից իրեն տված իբր իր որդու նամակը, մարդասպանը հարձակվում ու կտրում է նրա օձիքը։ Պարմենիոնի գլուխը նա ուղարկում է Ալեքսանդրին։ Դժվարությամբ է հաջողվում հանգստացնել Էկբատանի կայազորը, որը ցնցված սահմռկեցուցիչ լուրը ստանալով՝ զենքի էր ելել։ Վախենալով Ալեքսանդրի ցասումից, Պարմենիոնի մարնինը հողին հանձնեցին ուշացումով, այն էլ՝ զինվորների ճնշման տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.