From Wikipedia, the free encyclopedia
Ուրի թագավորական խաղ, հայտնի է նաև որպես 20 քառակուսիների խաղ կամ պարզապես Ուրի խաղ, երկու հոգու համար նախատեսված ստրատեգիական, մրցավազքային, խաղադաշտով սեղանի խաղ, որն առաջին անգամ խաղացել են Միջագետքում, մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի սկզբին։ Խաղը տարածված է եղել Միջին Արևելքի բոլոր սոցիալական խավերում, և խաղատախտակները գտնվել են Միջագետքից այնքան հեռավոր վայրերում, ինչպիսիք են Կրետեն և Շրի Լանկան։ Հանրաճանաչության գագաթնակետին խաղը ձեռք բերեց հոգևոր նշանակություն, և հավատում էին, որ խաղում տեղի ունեցող իրադարձությունները արտացոլում են խաղացողի ապագան և ուղերձ են փոխանցում աստվածներից կամ այլ գերբնական էակներից։ Ուրի խաղը մնաց տարածված մինչև ուշ անտիկ ժամանակաշրջանը, երբ դադարեցին այն խաղալ՝ հավանաբար զարգացնելով կամ փոխարինելով նարդու սկզբնական տարբերակի։ Այն, ի վերջո, մոռացվեց ամենուր, բացառություն էր կազմում հնդկական Կոչի քաղաքի հրեա բնակչությունը, որը շարունակեց խաղալ մինչև 1950-ական թվականներին Իսրայել արտագաղթելը։
Ուրի թագավորական խաղ | |
---|---|
Ուր քաղաքի թագավորական գերեզմանատանը Սըր Լեոնարդ Վուլլիի կողմից հայտնաբերված հինգ խաղատախտակներից մեկը, որը ներկայումս պահվում է Բրիտանական թանգարանում | |
Տեսակ | հնագիտական գտածո, խաղեր տախտակի վրա, race game? և dice game? |
Ժանր | Խաղադաշտով սեղանի խաղ, մրցավազքային խաղ, զառախաղ |
Խաղացողների քանակ | 2 |
Խաղացողների քանակ մինիմալ | 2 |
Խաղացողների քանակ մաքսիմալ | 2 |
Տեղադրման ժամանակ | սովորաբար մոտ 30 րոպե |
Պարտիայի տևողություն | 10-30 վայրկյան |
Պատահականությունների ազդեցություն | միջին (զառի ընկնելը) |
Անհրաժեշտ ունակություններ | ստրատեգիա, տակտիկա, հաշվում, հավանականություն |
Royal Game of Ur Վիքիպահեստում |
Ուրի խաղն իր անունը ստացավ այն պատճառով, որ այն առաջին անգամ հայտնաբերեց անգլիացի հնագետ Սըր Լեոնարդ Վուլլին՝ 1922-1934 թվականներին, Ուրի թագավորական գերեզմանատանը իր պեղումների ժամանակ։ Այդ ժամանակվանից խաղի պատճենները հայտնաբերվել են այլ հնագետների կողմից Միջին Արևելքում։ Քանի որ Ուրի խաղը խաղում էին մ․թ․ա․ 2-րդ դարում, նրա կանոնները պահպանվել են բաբելոնյան կավե սալիկներում՝ գրված գրագիր Իտտի-Մարդուկ-բալատուի կողմից։ Հիմնվելով այդ սալիկների և խաղատախտակի ձևի վրա՝ Բրիտանական թանգարանի համադրող Իրվինգ Ֆինկելը վերականգնեց հիմնական կանոնները, որոնցով կարող էին խաղալ։ Խաղի նպատակն է բոլոր խաղաքարերը հեռացնել խաղատախտակից հակառակորդից առաջ։ Ինչպես ժամանակակից նարդին, խաղը ներառում է և՛ ստրատեգիական, և՛ հաջողության տարրեր։
Խաղը տարածված է եղել ՄԻջին Արևելքում[1][3], և խաղատախտակները հայտնաբերվել են Իրանում, Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Շրի Լանկայում, Կիպրոսում և Կրետեում[1][3]։ Չորս խաղատախտակ, շատ մեծ նմանություն ունենալով Ուրի թագավորական խաղին, հայտնաբերվել են Թութանհամոնի դամբարանում[4]։ Այս խաղատախտակները տուփերով էին՝ զառ և խաղակտորներ պահելու համար[4] և շատերը ունեին սենետի տախտակ հակառակ կողմում այնպես, որ այն կարող էր օգտագործվել երկու խաղերի համար էլ, և պարզապես պետք էր շրջել[4]։ Խաղը տարածված է եղել բոլոր սոցիալական խավերում[1]։ Խաղի գրաֆիտի տարբերակը՝ փորագրված սուր առարկայով, հնարավոր է՝ դաշույնով, հայտնաբերվել է Խորսաբադ քաղաքում գտնվող Սարգոն II-ի պալատից՝ (մ.թ.ա. 721–705թվականներին) մարդու գլուխ ունեցող թևավոր ցլի դարպասի պաշտպաններից մեկի վրա[1][2]։
Ի վերջո, Ուրի խաղը սնոտիապաշտական նշանակություն ձեռք բերեց[1][5], և Իտտի-Մարդուկ-բալատուի սալիկը անորոշ կանխատեսումներ է տալիս խաղացողի ապագայի մասին, եթե նա կանգնում է խաղատախտակի որոշակի հատվածի վրա[1][5], այդպիսի կանխատեսումներից են՝ «Դու ընկեր կգտնես», «Դու կդառնաս առյուծի պես ուժեղ», կամ «Դու հիանալի գարեջուր ես լցնելու»[1][5]։ Մարդիկ կապ էին տեսնում խաղացողի՝ խաղում և իրական կյանքում հաջողության միջև[1][5]։ Ըստ երևույթին, պատահական իրադարձությունները, ինչպիսինն է որևէ քառակուսու վրա կանգնելը, մեկնաբանվում էին որպես ուղերձ աստվածներից, մահացած նախնիների ուրվականներից կամ մարդու սեփական հոգուց[5]։
Պարզ չէ, թե ինչն է հանգեցրել Ուրի խաղի վերջնական անկմանը ուշ անտիկ ժամանակաշրջանում[5]։ Մի տեսության համաձայն՝ այն վերածվել է նարդու[5], մինչդեռ մեկ այլ տեսակետ պնդում է, որ նարդու սկզբնական ձևերը ավելի մեծ տարածվածություն են ձեռք բերել և մոռացության են մատնել հին խաղը[1][5]։ Ինչ-որ պահի, երբ խաղը Մերձավոր Արևելքում հանրաճանաչությունից դուրս եկավ, մի խումբ հրեա վաճառականներ, ըստ երևույթին, այն ներմուծեցին հնդկական Կոչի քաղաք[1][5]։ Կոչիի հրեա բնակչության անդամները խաղում էին Ուրի խաղի ճանաչելի ձևը, որը նրանք կոչում էին Աաշա[6], մինչ 1950-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայել արտագաղթելը[1][5]։ Կոչիի խաղի տարբերակը ուներ քսան քառակուսի, ճիշտ ինչպես Միջագետքի սկզբնական տարբերակը, բայց յուրաքանչյուր խաղացող ուներ տասներկու կտոր՝ ի տարբերություն յոթի, և քսան քառակուսիների տեղադրումը մի փոքր այլ էր[1]։
Բրիտանացի հնագետ Սըր Լեոնարդ Վուլլին հայտնաբերեց Ուրի խաղի հինգ խաղատախտակներ Ուրի թագավորական գերեզմանատանը իր հետազոտության ընթացքում, 1922 և 1934 թվականների միջև[3][4][5]։ Քանի որ խաղը առաջին անգամ հայտնաբերվեց Ուրի թագավորական գերեզմանատանը, այն հայտնի դարձավ որպես «Ուրի թագավորական խաղ», բայց ավելի ուշ հնագետները հայտնաբերեցին խաղի այլ օրինակներ Միջին Արևելքի այլ վայրերից[5]։ Վուլլիի կողմից հայտնաբերված տախտակներից յուրաքանչյուրը թվագրվում է մ.թ.ա. մոտ 3000 տարվա[3][4]։ Բոլոր հինգ տախտակները նույն տեսակի են, բայց դրանք պատրաստված են տարբեր նյութերից և ունեն տարբեր ձևավորումներ[3][4]։ Վուլլին վերականգնել է այս տախտակներից երկուսի պատկերները իր՝ 1949 թվականի «Առաջին փուլերը» գրքում[3][4]։ Դրանցից մեկը համեմատաբար պարզ հավաքածու է, որի ֆոնը կազմված է կապույտ կամ կարմիր կենտրոններով պատյան սկավառակներից, որոնք դրված են փայտածածկ ասֆալտի մեջ[3][4]։ Մյուսն ավելի բարդ է, ամբողջովին ծածկված է թաղանթապատ տախտակներով, կարմիր կրաքարով և կապույտ քարով[3][4]։ Մյուս խաղատախտակների վրա փորագրված են կենդանիների պատկերներ[1][3][4]։
Երբ առաջին անգամ ՈՒրի խաղը հայտնաբերվեց, ոչ ոք չգիտեր՝ ինչպես էին այն խաղում[3][4][5][7]։ Հետո, 1980-ական թվականների սկզբին, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանի մի համադրող, թարգմանեց կավե սալիկ, որը գրվել է մ.թ.ա. 177 թվականին, բաբելոնյան գրագիր Իտտի-Մարդուկ-Բալատուի կողմից, նկարագրելով, թե ինչպես են խաղացել այդ ժամանակահատվածում խաղը՝ հիմնվելով Իդդին-Բյոլ անունով մեկ այլ գրողի կանոնների ավելի վաղ նկարագրության վրա[5][7]։ Այս սալիկը գրվել է բաբելոնյան քաղաքակրթության անկման օրերին[5]՝ շատ ավելի ուշ, քան երբ առաջին անգամ խաղացին Ուրի խաղը[4]։ Այն հայտնաբերվել էր 1880 թվականին Բաբելոնի ավերակներում և վաճառվել Բրիտանական թանգարանին[7]։ Ֆինկելը նաև օգտագործեց կանոնների նկարագրման մեկ այլ սալիկ, որը Կոմս Այմար դե Լիեդեկերկե-Բոֆորտի անձնական հավաքածուում էր եղել, բայց ավերվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում[7]։ Այս երկրորդ սալիկը թվագրված չէ, բայց հնագետները հավատում են, որ այն գրվել է Իտտի-Մարդուկ-Բալատուի սալիկից մի քանի դար առաջ և ծագել է Ուրուկ քաղաքից[7]։ Երկու սալիկների հետևի մասում ցուցադրվում են խաղատախտակի գծապատկերներ՝ հստակ նշելով, թե որ խաղն են նկարագրում[1][7]։ Ելնելով այս կանոններից և խաղատախտակի ձևից՝ Ֆինկելը կարողացավ վերականգնել, թե ինչպես կարող էին խաղը խաղալ[4][5][7]։
ՈՒրի խաղը մրցավազքային է[4][5][7] և այն, հավանաբար, ուղղակի նախահայրն է սեղանի խաղերի կամ նարդու՝ խաղերի ընտանիքի, որ խաղում են մինչ օրս[4][5]։ ՈՒրի խաղը խաղում են՝ օգտագործելով յոթ խաղաքարերով երկու հավաքածու[4]։ Խաղաքարերի մի հավաքածուն սպիտակ է՝ 5 սև կետերով, իսկ մյուսը՝ սև՝ 5 սպիտակ կետերով[3][4]։ Խաղատախտակը կազմված է տուփերի երկու ուղղանկյուն հավաքածուներից, որոնցից մեկը պարունակում է երեք տող չորսական տուփից և մյուսը պարունակում է երեք տող երկուական տուփից, որոնք միավորված են երկու տուփի «նեղ կամրջով»[7]։ Խաղը ներառում է և՛ հաջողության, և՛ ստրատեգիայի տարեր[4]։ Շարժումները որոշվում են քառանիստ զառերի պտտմամբ[3][4]։ Յուրաքանչյուր զառի չորս անկյուններից երկուսը գծանշված են, իսկ մյուս երկուսը`ոչ յուրաքանչյուր զառին հավասար հնարավորություն տալով ընկնել նշված կամ չնշված անկյունով դեպի վեր[3][4]։ Զառերի պտտվելուց հետո դեպի վեր ուղղված նշված ծայրերի թիվը ցույց է տալիս, թե այդ շրջադարձի ընթացքում խաղացողը քանի քառակուսի կարող է տեղափոխվել[7]։ Մեկ խաղը կարող է տևել 30 րոպե և կարող է լինել ինտենսիվ[4]։ Խաղերը հաճախ անկանխատեսելի են և փակ են վերջում։ Խաղացողի նպատակն է շարժել բոլոր խաղաքարերը ընթացքում (Երկու առաջարկվող տարբերակները ցուցադրված են աջ կողմում) և հեռացնել դրանք խաղատախտակից նախքան իրենց հակառակորդը[4]։ Պահպանված բոլոր խաղատախտակների վրա երկու կողմերը միշտ նույնն են, ինչը ցույց է տալիս, որ ամեն կողմը պատկանում է յուրաքանչյուր խաղացողի[3]։ Երբ մի խաղաքարը գտնվում է խաղացողի սեփական քառակուսիներից մեկի վրա, այն ապահով է գրավումից[4], բայց, երբ այն գտնվում է տախտակի մեջտեղի ութ քառակուսիներից մեկում, հակառակորդի խաղաքարերը կարող են գրավել այն՝ ընկնելով նույն տարածության վրա՝ խաղաքարը հետ ուղարկելով, որպեսզի այն վերսկսի ընթացքը[4]։ Սա նշանակում է, որ կան 6 «ապահով» և 8 «մարտական» քառակուսիներ[4]։ Ցանկացած պահի մեկ քառակուսու վրա երբեք չի կարող լինել մեկից ավելի խաղաքար, այնպես որ տախտակի վրա միանգամից շատ խաղաքարեր ունենալը կարող է խանգարել խաղացողի շարժունակությանը[4]։
Երբ խաղացողը զառ օգտագործելով թիվ է պտտում, նա կարող է ընտրել իր խաղաքարերից որևէ մեկը տախտակի վրա տեղափոխելու համար կամ նորը ավելացնել, եթե այն դեռ խաղ չի մտել[4]։ Խաղացողից չի պահանջվում ամեն անգամ գրավել խաղաքարը, երբ հնարավորություն կա[4]։ Այնուամենայնիվ, խաղացողներից պահանջվում է խաղաքարը տեղափոխել ուր հնարավոր է, եթե նույնիսկ դա անբարենպաստ արդյունքի հանգեցնի[4]։ Պահպանված բոլոր խաղատախտակները կենտրոնական շարքի մեջտեղում ունեն գունավոր վարդազարդ[3][7]։ Ըստ Ֆինկելի վերականգնման, եթե մի խաղաքարը վարդազարդով տարածության վրա է, ապա այն ապահով է գրավումից։ Ֆինկելը նաև ասում է, որ երբ մի խաղաքարը ընկնում է երեք վարդազարդերից որևէ մեկի վրա, խաղացողը պտտման ևս մեկ հնարավորություն է ստանում[7]։ Տախտակից խաղաքար հեռացնելու համար խաղացողը պետք է գլորի ճիշտ մնացած քառակուսիների թիվը մինչև ընթացքի ավարտը գումարած մեկ[4]։ Եթե խաղացողը գցում է այս թվից բարձր կամ ցածր թիվ, նա չի կարող հեռացնել խաղաքարը տախտակից[4]։
Մի հնագիտական պեղման ժամանակ Ուրի խաղի հավաքածուում հայտնաբերվեց 21 սպիտակ գնդակ[4]։ Ենթադրվում է, որ այս գնդակները օգտագործվել են խաղադրույքներ կատարելու համար[4]։ Ըստ Իտտի-Մարդուկ-բալատու-ի սալիկի՝ ամեն անգամ, երբ խաղացողը բաց է թողնում վարդազարդով նշված քառակուսիներից մեկը, նա պետք է նշան դնի ամանի մեջ[7]։ Եթե խաղացողը կանգնում է վարդազարդի վրա, նա պետք է նշան վերցնի ամանից[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.