Ուոլեսի հավաքածու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ուոլեսի հավաքածու (անգլ.՝ Wallace Collection), գեղարվեստական թանգարան, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում (Վեստմինստեր վարչական շրջան, Մարիլեբոն թանգարան)։ 14-19-րդ դարերի կերպարվեստի և դեկորատիվ արվեստի գործերի ռեկորդային հավաքածու ունեցող, համաշխարհային ճանաչման թանգարան է։ Այստեղ են պահվում 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության նշանակալի հավաքածուներ, Լուի XV-ի դարաշրջանի կահույք, եվրոպական ու արևելյան ծագման զենք ու զրահ, ոսկե զարդատուփեր, մանրանկարներ, քանդակներ, մայոլիկաներ, իրեր բրոնզից, ապակուց և «հին վարպետների» նկարներ (Տիցիան, Ռեմբրանդ վան Ռեյն, Պիտեր Պաուլ Ռուբենս, Անտոնիս վան Դեյք, Պիտեր դե Հոոխ, Դավիդ Կրտսեր Տենիրս, Ֆրանս Հալս, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո, Դիեգո Վելասկես, Դոմենիկինո, Չիմա դա Կոմելիանո, Բեռնարդո Դադի, Գվիդո Ռենի, Սալվատորե Ռոզա, Յան Ստեն, Ալբերտ Կյոյպ), ինչպես նաև` Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի, Ֆրանսուա Բուշեի, Թոմաս Գեյնսբորոյի, Ջոշուա Ռեյնոլդսի, Անտուան Վատտոյի, Նիկոլա Լանկրեի, Ֆրանչեսկո Գվարդիի ևա այլ նկարիչներ աշխատանքներ, որոնք տեղավորված են 20 պատկերասրահներում (ընդհանուր առմամբ` մոտ 5500 առարկա)։
Ուոլեսի հավաքածու | |
---|---|
Տեսակ | պատմական շենք-թանգարան, պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Կազմված է | Wallace Collection library and archives? |
Ղեկավարության նստավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հասցե | Hertford House, Manchester Square, Westminster W1U 3BN[2]Manchester Square? |
Հիմնադրվել է | 1900 |
Հիմնադիր | Sir Richard Wallace, 1st Baronet?[3] և Ջուլի Կաստելնաու[3] |
Կայք | wallacecollection.org(անգլ.) և wallacecollection.org(անգլ.) |
Թանգարանի տեսաուղերձն ու ցուցադրությունը կարելի է դիտել թանգարանի ֆեյսբուքյան էջում[4], առանձին ներկայացված է նաև ժեստերի անգելերն լեզվով և ենթագրերով տեսահոլովակ` լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար[5]։
Ուոլեսի հավաքածուն ընտանեկան օրիգինալ հավաքածու է, որի արվեստի գործերը հավաքվել են 1760-1880 թվականների ընթացքում, Սեյմուր Կոնվեյ ընտանիքի առաջին չորս մարկիզների և սըր Ռիչարդ Ուոլեսի կողմից` Մանչեսթր սքուերում գտնվող Հերթֆորդ հաուս առանձնատան համար։ 19-րդ դարում ընտանիքի ներկայացուցիչներն ապրել են Փարիզում և Լոնդոնում, ինչն որոշել է հավաքածուի եվրոպական բնույթը։
Ֆրենսիս Սեյմուր Կոնվեյը, Հերթֆորդի 1-ին մարկիզը (1718-1794), բրիտանացի պալատական էր ու քաղաքական գործիչ, Սոմերսեթի առաջին մարկիզ Էդուարդ 4-ի ուղղակի ժառանգը, ձեռք է բերել 8 նկար, որոնք այժմ ցուցադրված են Ուոլեսի հավաքածուում. դրանցից վեցը Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի (և նրա ստուդիայի) աշխատանքներն են, երկուսը` իր աղջիկների դիմանկարները, որոնք պատվիրվել էին Ջոշուա Ռեյնոլդսին։
Հերթֆորդի 2-րդ մարկիզը, Ֆրենսիս Ինգրամ Սեյմուր Կոնվեյը (1743-1822), առաջին մարկիզի որդին, հյուպատոս էր Բեռլինում և Վիեննայում և լորդ-սենեկապետ, ձեռք է բերել երկու սքանչելի դիմանկար. Ջոշուա Ռեյնոլդսի «Նելլի Օ'Բրայենը» և Ջորջ Ռոմնիի «Մերի Ռոբինսոնը»։ Նրան նվիրել են ընտանիքի ընկեր Մերի Ռոբինսոնի ևս մեկ դիմանկար, որը Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքն էր։ Նա ձեռք է բերել նաև ֆրանսիական կահույքի որոշ առարկաներ և սևրյան ճենապակուց պատրաստված իրեր։
Հերթֆորդի երրորդ մարկիզը, Ֆրենսիս Չարլզ Սեյմուր Կոնվեյը (1777-1842), երկրորդ մարկիզի որդին էր, բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ և կոլեկցիոներ, արքայազն-ռեգենտ, արդյունքում` Գեորգ IV արքայի ընկերը, որն արվեստի հայտնի գիտակ էր։ Նա ձեռք է բերել Տիցիանի «Պերսևսն ու Անդրոմեդան», 17-րդ դարի հոլանդական արվեստի գործեր, այնպիսիք, ինչպիսիք են Կասպար Նեշտերի «Ժանեկագործուհին» և Ռեմբրանդ վան Ռեյնի «Բարի սամարացին», ինչպես նաև` ֆրանսիական կահույք, բրոնզից և սևրյան մարմարից պատրաստված առարկաներ։
Ռիչարդ Սեյմուր Կոնվեյը, Հերթֆորդի 4-րդ մարկիզը (1800-1870), երրորդ մարկիզի որդին էր, ծնվել է Լոնդոնում, սակայն մեծացել է Փարիզում։ Կարճ ժամանակ նա եղել է Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ և հեծելազորի սպա, սակայն 1829 թվականին որոշել է հրաժարվել հանրային բոլոր պարտավորություններից և վերջանականապես հաստատվել Փարիզում։ Կյանքի վերջին 30 տարիները նվիրվել են արվեստի գործեր հավաքելուն։ Նա ձեռք է բելեր հոլանդական գեղանկարչության գործեր, «հին վարպետների» շատ հիանալի աշխատանքներ (այդ թվում` Նիկոլա Պուսենի, Անտոնիս վան Դեյքի, Դիեգո Վելասկեսի և Պիտեր Պաուլ Ռուբենսի գլուխգործոցներ) և թանգարանում պահվող 19-րդ դարի աշխատանքների մեծ մասը։ Ինչպես և իր հայրը, նա տարված էր 18-րդ դարի ֆրանսիական արվեստով, սակայն ձեռք է բերել շատ ավելի մեծ մասշտաբի և ավելի լայն շրջանակի առարկաներ։ Նա գնել է Անտուան Վատտոյի, Ժան Գրյոզի, Ֆրանսուա Բուշեի, Ժան Օնորե Ֆրագոնարի նկարներից, սևրական ճենապակու բավականին շատ պարագաներ, ֆրանսիացի լավագույն կահույքագործների կահույք, ինչպես նաև` մանրանկարներ, ոսկե զարդատուփեր, գոբելեն և քանդակներ։ Իր կյանքի վերջին տասնամյակում նա ձեռք է բելեր արևելյան զենք ու զրահի նշանակալի հավաքածու, ինչպես նաև` եվրոպական զենքի ներկայացուցչական օրինակներ։ Չորրորդ մարկիզը, որպես կանոն, աշխատանքները գնել է աճուրդում, գործակալների միջոցով` նախապատվությունը տալով բարձրակարգ ստեղծագործություններին, որոնք լավ վիճակում են եղել և հայտնի են եղել իրենց ծագմամբ։ Հենց նրա ճաշակն է առավելապես որոշել Ուոլեսի հավաքածուի այսօրվա բնույթը։
1870 թվականին առանձնատունն իր ամբողջ պարունակությամբ անցել է վերջին մարկիզի արտաամուսնական որդուն` սըր Ռիչարդ Ուոլեսին։ Նա գերված էր ռոկոկոյի դարաշրջանի ֆրանսիական մշակույթով և կյանքի մեծ մասն անց է կացրել Փարիզում` գնելով Բուշեի, Ֆրագոնարի և այլ վարպետների աշխատանքներ։ Ի նշան երախտագիտության` նա Փարիզ քաղաքին է նվիրել Ուոլեսի 50 շատրվան, որոնք դարձել են քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ 1872 թվականին Լոնդոն վերադառնալով` նա հավաքածուի մեծ մասը ցուցադրել է Լոնդոնի Մանկության թանգարանում, որտեղ այն դիտել են մի քանի հազար այցելուներ, իսկ ինքը` ցուցահանդեսը, սենսացիա է դարձել։ Հորից սկզբունքորեն տարբերվում էր նրա սերը միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի արվեստի հանդեպ։ Նա ձեռք է բերել եվրոպական զենք ու զրահի երկու խոշոր հավաքածու, իտալական վաղ շրջանի նկարներ և վիկոնտ դե Տոզյային պատկանող պատկերզարդ ձեռագրեր, ինչպես նաև` բազմաթիվ գեղեցիկ մանրանկարներ ու զարդատուփեր։ 1878 թվականի հուլիսի 26-ին Վիկտորյա թագուհու սիրելի վարչապետ Բենջամին Դիզրայելին այցելել է Հերթֆորդ հաուս և գրառել է այցելուների գրքում. «Այս պալատում հանճարեղություն է, երևակայություն և ճաշակ»[6]։ Կյանքի վերջում սըր Ռիչարդ Ուոլեսը քննարկել է հավաքածուն ազգին նվիրելու հնարավորությունը, սակայն կառավարությունից չի կարողացել երաշխիք ստանալ` շահագործման ծախսերի վերաբերյալ։ Կոլեկցիոները մահացել է 1890 թվականին և թաղվել է փարիզյան Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Յոթ տարի անց նրա այրին` տիկին Ուոլեսը, հավաքածուն կտակել է բրիտանական ազգին այն պայմանով, որ Հերթֆորդ հաուս առանձնատունը մշտապես անվճար բաց լինի բոլոր ցանկացողների համար, ինչն իրականացվել է 1900 թվականի հունիսի 22-ին։ Սա մեծագույն մասնավոր նվերն է, որ երբևէ ստացել է Մեծ Բրիտանիան։ Իր կամքն արտահայտելով` տիկին Ուոլեսնն, ամենայն հավանականությամբ, ցանկացել է հավերժացնել իր ամուսնու հիշատակը, միևնույն ժամանակ` նա նաև ընդգծել է հավաքածուի ձևավորման և պահպանման հարցում իր կարևոր դերը։ Կտակը նաև պարտադրում է, որ երբևէ որևէ իր չի կարող հեռացվել Հավաքածուից` անգամ ժամանակավոր ցուցադրություններում ցուցադրվելու համար։ Թանգարանը նաև իրավունք չունի ձեռք բերել կամ նվեր ստանալ որևէ առարկա։ Տիկին Ուոլեսը նաև հստակեցրել է, որ կառավարությունը պետք է թանգարանի նոր շենքի համար տարածք հատկացնի, և որ ամբողջ հավաքածուն պետք է պահվի նույն վայրում։ Հերթֆորդ հաուսի հավաքածուն նույնությամբ պահպանվում է նաև մեր օրերում. թանգարանը չի գործել միայն երկու համաշխարհային պատերազմների տարիներին։
Մահից առաջ տիկին Ուոլեսն իր կարողության մեծ մասը, այդ թվում և` Հերթֆորդ հաուսից դուրս գտնվող գեղարվեստական հավաքածուները ժառանգել է սըր Ջոն Մյուրէյ Սքոթին (1847-1912), որը սըր Ռիչարդ Ուոլեսի քարտուղարն էր և նրա այրու ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն։ Մյուրէյ Սքոթն անսպասելիորեն դարձել է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, Լաֆիտ փողոցում բնակարանի և Փարիզում` պալատի սեփականատեր, ինչպես նաև` նրան է հասել մեկ այլ անշարժ գույք Լոնդոնում, որտեղ գտնվում էին կահույքի հավաքածուներ, քանդակներ, գոբելեն և ճենապակի։ Նա դարձել է Ուոլեսի հավաքածուի առաջին խնամատարը։ Արդյունքում նա վաճառել է Փարիզի պալատը, իսկ իր մահից հետո Փարիզի բնակարանն ու արվեստի հավաքածուները ժառանգել է իր ընկերուհուն` բարոնուհի Սէքվիլին, որը հավաքածուն արագ վաճառել է արվեստի գործակալ Ժակ Սելիգմանին։ Վերջինս այն մաս-մաս վաճառել է հաջորդ մի քանի տարիների ընթացքում. «Ուոլեսի երկրորդ հավաքածուի» արվեստի գործերն այժմ կարելի է տեսնել Ամերիկայի և Եվրոպայի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Ուոլեսի հավաքածուն ունի Բրիտանիայի արտագերատեսչական հասարակական հաստատության և բարեգործական կազմակերպության կարգավիճակ, ղեկավարվում է 1992 թվականի Թանգարանների ու պատկերասրահների մասին ակտով։
Թանգարանի մուտքը, այդ թվում և` ժամանակավոր ցուցադրությունների համար, ազատ է։
Թանգարանն աշխատում է ամեն օր (բացի դեկտեմբերի 24-26), ժամը 10:00-17:00։ Հարկերի անվճար նախագիծը կարելի է ստանալ տեղեկատվական բյուրոյում, այնտեղ նաև փոքր վճարի դիմաց հասանելի են ցուցանմուշների` անգլերենով և ֆրանսերենով ձայնային բացատրություններ, ինչպես նաև` մուլտիմեդիա ուղեկցորդ` երեխաների համար։
Թանգարանում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` սահմանափակ հնարավորություններով այցելուների համար։ Կազմակերպվում են հատուկ միջոցառումներ երեխաների և ընտանեկան ժամանցի համար, թանգարանի տարածքում անցկացվում են համերգներ, դասախոսություններ, ստեղծագործական երեկոներ, գեղանկարչության դասեր, հետազոտողները կարող են աշխատել թանգարանի գրադարանում կամ արխիվում։
Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում թանգարանում ապահովվում է «Լուսավորականության դարաշրջանի արվեստը. նկար, տեքստ, օբյեկտ» դասընթացի անցկացումն ասպիրանտների համար[7]։
Թանգարանը ստեղծել է նաև տվյալների Wallace Live համացանցային բազա[8], որում կարելի է փնտրել թանգարանի պատկերներն ու դրանց մասին տեղեկատվություն։ YouTube-ում և փդքասթերում հասանելի են տեսանյութեր թանգարանի գանձերի մասին։
Թանգարանի խանութում կա ալբոմների, գրքերի, հուշանվերների և նվերների մեծ ընտրություն, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են եղել թանգարանում առկա հավաքածուները։
Թանգարանն իր գլուխգործոցներն է համարում.
Ուոլեսի հավաքածուն ցուցադրվում է «տնային միջավայրում»` Հերթֆորդ հաուսում, որը շինության նախկին սեփականատերեր Սըր Ռիչարդ Ուոլեսի և տիկին Ուոլեսի գլխավոր նստավայրն էր և գտնվում է Լոնդոնի կենտրոնում ու կառուցվել է որպես Մանչեսթեր Հաուս 18-րդ դարում։
Առանձնատունը կառուցվել էր ըստ ճարտարապետ Ջոշուա Բրաունի նախագծի, 1776-1788 թվականներին, Մանչեստրի 4-րդ հերցոգ Ջորջ Մոնտեքյուի կողմից, Պորտման ընտանիքին պատկանող վարձակալած հողի վրա։ Երեքհարկանի շենքը բաղկացած էր հինգ բաժիններից` հարավային ճակատում և ուներ մեծ վենետիկյան պատուհան։
1791-1795 թվականներին այն օգտագործվել է Իսպանիայի հյուպատոսության կողմից, 1797 թվականին շենքը վարձակալել է Ֆրենսիս Ինգրամ Սեյմուր-Կոնվեյը, Հերթֆորդի 2-րդ մարկիզը։ 1807 թվականին նա երկրորդ հարկի յուրաքանչյուր կողմում երկուական սենյակ է ավելացրել և ձմեռային այգի` գլխավոր մուտքի մոտ։ 2-րդ մարկիզը տունն օգտագործել է որպես իր հիմնական լոնդոնյան նստավայր` այնտեղ շատ ընդունելություններ ու երեկոներ կազմակերպելով, որոնցից ամենահայտնին 1814 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո կազմակերպած Դաշնակիցների գերիշխանների պարահանդեսն էր։ 1836-1851 թվականներին շենքում է տեղակայվել Ֆրանսիայի հյուպատոսությունը։
Ռիչարդ Սեյմուր-Կոնվեյը, Հերթֆորդի 4-րդ մարկիզը, հիմնականում ապրել է Փարիզում և Մանչեստր-հաուսը հիմնականում օգտագործվել է արվեստի աճող հավաքածուն պահելու համար։ Միայն 1871 թվականին Փարիզի կոմունայից հետոսըր Ռիչարդ Ուոլեսը, 4-րդ մարկիզի արտաամուսնական որդին, որոշել է վերադառնալ Լոնդոն` փարիզյան իր հավաքածու մեծ մասի հետ։ Մանչեստր հաուսի վարձակալական իրավունքները ձեռք բերելով Հերթֆորդի 5-րդ մարկիզ Ֆրենսիս Ջորջ Հյուգ Սեյմուրից` նա տունը վերանվանել է Հերթֆորդ հաուս։ Ճարտարապետ Թոմաս Էմբլերը սըր Ռիչարդի պատվերով վերակառուցել է շինությունը, հավելյալ շինություններ ու սենյակներ կառուցել։ 1897-1900 թվականներին շենքը դարձել է Հասարակական աշխատանքների գրասենյակ։
2000 թվականին թանգարանում 100-ամյակի նախագիծը ճարտարապետ Ռիկ Մազերի կողմից իրականացնելուց հետո թանգարանի տարածքն ավելացել է 30 տոկոսով. կառուցվել է ֆրանսիական ոճի ռեստորան[9]։
Ուոլեսի հավաքածուում ներկայացված են նկարների ու մանրանկաների, կերամիկայի, զենքի ու զրահի հավաքածուներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, կահույք, քանդակներ։
Հավաքածուի արվեստի գործերը ներառում են[10]։
Ուոլեսի հավաքածուն ներառում է 14-19-րդ դարերում յուղաներկով պատկերված եվրոպական մեծաքանակ նկարներ, որն Անգլիայի թանգարաններից զիջում է միայն Լոնդոնի ազգային պատկերասրահին։
Հավաքածուի` «հին վարպետների» նկարները համաշխարհային գլուխգործոցներ են, որոնք ստեղծվել են ժամանակի առաջատար նկարիչների կողմից։ Ուոլեսի հավաքածուում հատկապես շատ են 17-րդ դարի հոլանդական ու ֆլամանդական գեղանկարչության գործեր, ցուցադրվում են նաև անգլիացի, իտալացի ու իսպանացի առաջատար նկարիչների աշխատանքներ։ Քանի որ Հերթֆորդի չորրորդ մարկիզը` Ռիչարդ Սեյմուչ Կոնվեյը, գրեթե մշտապես ապրում էր Փարիզում, զարմանալի չէ, որ հավաքածուի մեջ լիարժեքորեն ներկայացված են 18 և 19-րդ դարերի ֆրանսիացի աառաջատար նկարիչները. Վատտոն. Բուշեն, Ֆրագոնարը, Ալեքսանդր Գաբրիել Դեկանը, Մեյսոնիեն, որոնց կտավներից ուղղակի չկան Բրիտանական ազգային այլ հավաքածուներում։ Թանգարանի` 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության հավաքածուն աշխարհում լավագույններից է։
Ներկայացված են նաև 19-րդ դարի մի խումբ անգլիացի ու ֆրանսիացի գեղանկարիչներ, այդ թվում` Ռիչարդ Բոնինգտոնի, Ուիլյամ Թըրների, Թեոդոր Ժերիկոյի և Դեկանի աշխատանքներ, ինչպես նաև` 16-19-րդ դարերի ավելի քան 300 մանրանկարներ, որոնցից մեծամասնությունը ֆրանսիացի վարպետների աշխատանքներ են։ Թանգարանի նկարները, ջրանկարներն ու մանրանկարները եզակի հնարավորություն են տալիս մեր ժամանակներում տեսնել 19-րդ դարի կեսերի համար նորաձև հավաքածու, որը հավաքվել է Լոնդոնում և Փարիզում` բացառիկ ճաշակով ու գրեթե անսահմանափակ ռեսուրսներով։
Նկարների, ջրանկարների ու գծանկարների հավաքածուն ներկայացնում է եվրոպական բոլոր առաջատար դպրոցները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.