From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ֆորսայթ Շարփ (անգլ.՝ William Forsyth Sharpe, հունիսի 16, 1934[1][2], Բոստոն, ԱՄՆ և Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար[4] (1990)։ Եղել է CAPM-ի՝ ակտիվների գնագոյացման մոդելի ստեղծողներից մեկը։ Հեղինակել է նաև այսպես կոչված՝ Շարփի գործակիցը՝ ներդրումային պորտֆելի (ակտիվների) արդյունավետության ցուցիչը։ Ծանրակշիռ ավանդ է ներդրել օպցիոնների գնահատման երկանդամ (բինոմիալ) մոդելի, ակտիվների բաշխումն օպտիմալացնելու նպատակով աստիճանավորման մեթոդի մշակման գործում։
Ուիլյամ Շարփ անգլ.՝ William Sharpe | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1934[1][2] (90 տարեկան) Բոստոն, ԱՄՆ կամ Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուիլյամ Շարպ ընկերություն Ստենֆորդի համալսարան Կալիֆորնիայի համալսարան Վաշինգտոնի համալսարան (1961–1968) |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Riverside Polytechnic High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Արմեն Ալբերտ Ալչյան Գարի Մարկովից |
Եղել է գիտական ղեկավար | Հովարդ Սոսին |
Պարգևներ | Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (1990) |
William Forsyth Sharpe Վիքիպահեստում |
Ուիլյամ Շարփը[5] ծնվել է 1934 թվականի հունիսի 16-ին Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ)։ 1951 թվականին ավարտել է կալիֆոռնիական Ռիվերսայդ քաղաքի միջնակարգ պոլիտեխնիկական դպրոցը[6], ընդունվել Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ֆակուլտետ[7], որոշ ժամանակ անց տեղափոխվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարան՝ «բիզնեսի կառավարում» մասնագիտության գծով ուսումը շարունակելու նպատակով, բայց այդտեղ էլ երկար չի մնացել և վերջնականապես տեղափոխվել է տնտեսագիտական ֆակուլտետ։ Համալսարանում սովորելու ժամանակ նրա վրա մեծ ազդեցություն են գործել տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ալբերտ Ալչյանը և ֆինանսների պրոֆեսոր Ֆրեդ Ուեստոնը, որոնց միջոցով Շարփն առաջին անգամ ծանոթացել է Մարկովիցի պորտֆելային տեսությանը։
1961 թվականին նա սկսել է դասավանդել Վաշինգտոնյան համալսարանում, միաժամանակ ուսումնասիրություններ ու ընդհարացումներ կատարել իր գիտական ատենախոսության համար, որը նվիրված էր ակտիվների գների հավասարակշռման տեսությանը, և որով նա սկիզբ է դրել ակտիվների գնագոյացման CAPM մոդելի ստեղծմանը։ Այդ թեմայով գրած հոդվածը Շարփը 1962 թվականին ուղարկել է «The Journal of Finance» ամսագրին, բայց ճակատագրի հեգնանքով՝ հոդվածը[8], որը հետագայում դարձել է ֆինանսական տնտեսագիտության հիմքերից մեկը, սկզբնապես համարել են ոչ տեղին և մերժել են տպագրել։ Երկու տարի անց, երբ ամսագրի խմբագրակազմը փոխվել էր, հոդվածը լույս է ընծայվել[9]։
1970 թվականից Շարփն սկսել է դասավանդել Սթենֆորդի համալսարանում, միաժամանակ շարունակել է իր գիտահետազոտական աշխատանքները ներդրումների, պորտֆելի բաշխման, կենսաթոշակային հիմնադրամների վերաբերյալ։ Բացի այդ, անմիջականորեն մասնակցել է ներդրումային գործընթացներին՝ խորհրդատվություն առաջարկելով Merrill Lynch և Wells Fargo ընկերությունների համար, այդ կերպ հնարավորություն ունենալով գործնականում կիրառելու ֆինանսական տեսության վրա հիմնված «դեղատոմսերը»։ 1986 թվականին նա Frank Russell ընկերության համագործակցությամբ հիմնել է Sharpe-Russell Research ընկերությունը, որը մասնագիտացել էր ակտիվների բաշխման հարցերով հետազոտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։
Շարփը եղել է Ամերիկյան ֆինանսական ընկերակցության նախագահ։ 1989 թվականին նա թողել է դասախոսական աշխատանքը՝ պահպանելով Ստենֆորդի համալսարանի ֆինանսների պատվավոր պրոֆեսորի կոչումը, և կենտրոնացել է իր խորհրդատվական ֆիրմայի գործերը վարելու վրա։ 1996 թվականին հիմնել է Financial Engines (FNGN) ընկերությունը։
Անվանի տնտեսագետը 2009 թվականից հանդես է եկել որպես «ակտիվների ադապտիվ (հարմարեցված) բաշխման» կողմնակից ու ջատագով (ըստ այդմ՝ ամեն միջոց գործի է դրվում ակտիվների բաշխման համար շուկայական ամենաարդիական միտումերը կիրառելու և այդպիսով եկամտաբերությունն առավելագույնի, գների փոփոխությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով)[10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.