From Wikipedia, the free encyclopedia
Ուայլդ-քարդ (անգլ.՝ wild card, բառացի՝ «վայրի քարտ»), սպորտում հատուկ հրավեր որևէ մարզիկի կամ թիմի, որը չի կարողացել անցնել տվյալ մրցաշարին մասնակցելու որակավորումը։ Սովորաբար տրվում է կազմակերպիչների կամ ֆեդերացիայի կողմից՝ նախկին ելույթների, հանդիսատեսի համակրանքի կամ այլ ցուցանիշների հիման վրա։
Որոշ դեպքերում «ուայլդ-քարդ» տրամադրվում է ընդունող երկրին՝ նրա մասնակիցների հնարավորությունները մեծացնելու նպատակով[1]։ Օլիմպիական խաղերի առանձին մարզաձևերում և աթլետիկայի ու լողի աշխարհի առաջնություններում ինքնաբերաբար թույլատրվում են մրցումներն ընդունող երկրի մարզիկները։ Օլիմպիական խաղերի որոշ այլ մարզաձևերում, օրինակ՝ ձյուդոյում, նետաձգությունում, բադմինտոնում կիրառվում է «ուայլդ-քարդի» տրամադրումը համապատասխան մարզական ֆեդերացիաների կողմից։
Բացառիկ դեպքերում «ուայլդ-քարդ» ստացած մարզիկը կամ թիմը դառնում է մեդալակիր։ Օրինակ՝ 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերին Կի Սուն Հուն (ԿԺԴՀ) ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի[2], իսկ լեհ Ռիշարդ Վոլնին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում[3]։
Խորվաթ Գորան Իվանիշևիչը հաղթել է 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում (նա միակ հաղթողն է պատմության մեջ, ով հիմնական ցանց է մտել շնորհիվ կազմակերպիչների տված «ուայլդ-քարդի»)[4]։ Նույնը 2009 թվականին կրկնել է Քիմ Քլեյստերսը (Բելգիա) թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում. երկամյա ընդմիջումից հետո վերադառնալով պրոֆեսիոնալ սպորտ և այդ պահին չունենալով մրցաշարին ուղղակիորեն մասնակցելու համար անհրաժեշտ բավականաչափ վարկանիշային միավոր՝ նա կազմակերպիչներից ստացավ «ուայլդ-քարդ» և կարողացավ հաղթել US Open-ում[5]։
«Ուայլդ-քարդով» մրցաշարին մասնակցած և հաղթած հավաքականի օրինակ է Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 1992 թվականի առաջնությունում։ Ընտրական մրցաշարում Դանիան զբաղեցրել էր ընդամենը երկրորդ տեղը՝ ուղեգիրը զիջելով Հարավսլավիայի հավաքականին, սակայն սկսված պատերազմի պատճառով Հարավսլավիան որակազրկվեց, իսկ հապճեպորեն հավաքված Դանիայի հավաքականը մեկնեց Շվեդիա, որտեղ տոնեց սենսացիոն հաղթանակ՝ առաջ անցնելով այնպիսի ահեղ մրցակիցներից, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Նիդերլանդները և Գերմանիան[6]։
Իսկ վոլեյբոլի 2011 թվականի աշխարհի գավաթի տղամարդկանց մրցաշարում առաջին երկու տեղերը զբաղեցրին «ուայլդ-քարդ» ստացած Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.