Ոսկեղջյուր
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեղջյուր (թուրքերեն՝ Haliç; հունարեն՝ Κεράτιος Κόλπος), նեղ կոր ծոց, որը թափվում է Բոսֆորի նեղուցը Մարմարա ծովի հետ հատման վայրում։ Հիմնականում գտնվում է Ստամբուլի տարածքում՝ բաժանելով քաղաքի եվրոպական հատվածը հյուսիսային և հարավային հատվածների։ Ոսկեղջյուրի գետաբերանի մոտ ժամանակին եղել է Բյուզանդիոն գաղութը, որի տարածքում էլ հետագայում կառուցվեց Կոստանդնուպոլիս քաղաքը։
Ծոցի ափերին են գտնվում պատմական Գալաթա, Ֆեներ, Բլաքերնա, Բալաթ, Էյուպ, Քասըմփաշա թաղամասերը։ Միջնադարից սկսած այստեղ բնակվել են կոստանդնուպոլսի հրեաներ և իտալացի առևտրականներ։ Բյուզանդական ժամանակաշրջանում Ոսկեղջյուրի հյուսիսային ափին գոյություն է ունեցել Ջենովայի հանրապետությանը ենթակա գաղութ, իսկ օսմանյան ժամանակաշրջանում Ոսկեղջյուրը եղել է քաղաքի ֆինանսական և առևտրային հատվածի բաղկացուցիչ մասը։
19-րդ դարում ճանապարհորդները անվանել են ծոցը «քաղաքի գեղեցկագույն հատված», իսկ 20-րդ դարում տեղանքը աղտոտվել է արտաքին անկառավարելի միգրացիայի և արդյունաբերական զարգացման արդյունքում։ Ներկայումս Ոսկեղջյուրի ափերին են գտնվում Ստամբուլի աղքատ թաղամասերը, հատկապես Ֆաթիհը, ինչպես նաև քաղաքի պատմական թաղամասերը և Սարայբուրնու թերակղզին։