Շվանի բջիջ
From Wikipedia, the free encyclopedia
Շվանի բջիջ (նեյրոլեմոցիտ), նեյրոգլիայի բջիջների տեսակ ծայրամասային նյարդային համակարգում։ Կոչվում են գերմանացի ֆիզիոլոգ Թեոդոր Շվանի (նկար) անունով։ Շվանի բջիջները լինում են երկու տեսակի՝ միելինացնող և չմիելինացնող։
Շվանի բջիջները մասնակցում են աքսոններով նյարդային ազդակի (գործողության պոտենցիալ) հաղորդմանը, նյարդային բջիջների զարգացմանը, վերականգնմանն ու սնուցմանը, նյարդային արտաբջջային մատրիքսի ստեղծմանը, սինապսային հաղորդման կարգավորմանը, հակածինների ներկայացմանը T-լիմֆոցիտներին։ Շվանի բջիջների ախտահարումով ուղեկցվում են տարբեր հիվանդություններ։
Միելինապատ աքսոններում Շվանի բջիջները ստեղծում են միելինային թաղանթ, որը տեղ-տեղ ընդհատվում է Ռանվեի հանգույցներով[1]։ Մեկ Շվանի բջիջը ծածկում է աքսոնի մոտաորապես 100 մկմ տարածք։ Միելինապատման հատկությամբ Շվանի բջիջնեը նման են կենտրոնական նյարդային համակարգի օլիգոդենդրոցիտներին։
Չմիելինացնող Շվանի բջիջները ներգրավված են աքսոնների պահպանմանը։ Նրանք շրջապատում են բարակ աքսոններին (նկարի արտաքին հղում) և ձևավորում Ռեմակի հանգույցներ[2]։ Շվանի բջիջներով միելինապատումը սկսվում է սաղմնային զարգացման շրջանում և ընթանում է աքսոնի առանցքի շուրջ այս բջիջների մինչև 100 անգամ պարուրմամբ։