From Wikipedia, the free encyclopedia
Նովալիս (գերմ.՝ Georg Philipp Friedrich von Hardenberg, մայիսի 2, 1772[1][2][3][…], Վիդերշտեդտ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մարտի 25, 1801[1][2][3][…], Վայսենֆելս, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1], բուն անվամբ՝ Գեորգ Ֆրիդրիխ ֆրայհեր ֆոն Հարդենբերգ), գերմանացի բանաստեղծ է, արձակագիր, փիլիսոփա, գիտնական, վաղ ռոմանտիկների կարկառուն ներկայացուցիչներից։ Նովալիսի պոետիկան իր ուրույն դերն է ծաղացել ֆրանսիական սիմվոլիստներից շատերի, գերմանական էքսպրեսիոնիստների և նորռոմանտիկների հայացքների ձևավորման մեջ։
Նովալիս Novalis | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1772[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիդերշտեդտ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 25, 1801[1][2][3][…] (28 տարեկան) |
Մահվան վայր | Վայսենֆելս, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Գերեզման | Alter Friedhof[5] |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի կյուրֆիուրսություն |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան, Ենայի համալսարան (հունիս 1794), Վիտենբերգի համալսարան և Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա |
Երկեր | Heinrich von Ofterdingen? և Hymns to the Night? |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, ճարտարագետ, գրական տեսաբան և գրող |
Ծնողներ | հայր՝ Heinrich Ulrich Erasmus von Hardenberg? |
Ստորագրություն | |
Novalis Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգը ծնվել է Կուրզախզենում, Հարցի լանջերին ընկած Օբերվիդերշտեդտ կալվածքում։ Սերում է հին ներքին-գերմանական ազնվականությունից։ Ծնողները աչքի էին ընկնում իրենց բարեպաշտ համբավով։ «Նովալիս» կեղծանունը հավանաբար ընտանեկան մի կալվածքի անունն է։
Նովալիսը տանը որոշ ժամանակ մասնավոր դասեր ստանալուց հետո 1790 թ.-ին հաճախում է Այզլեբենի գիմնազիա, որտեղ ճարտասանության և անտիկ գրականության նախնական գիտելիքներ է ձեռք բերում։ 1794 թ.-ից Ենայում, Լայպցիգում և Վիտտենբերգում իրավագիտություն է ուսանում։ 1791 թ.-ին լսում է պատմության վերաբերյալ Շիլլերի դասախոսությունները և անձնական կապեր է հաստատում նրա հետ։ Այնուհետև հանդիպում է Յոհան Վոլֆգանգ Գյոթեին, Յոհան Գոթֆրիդ Հերդերին և Ժան Պոլին, բարեկամանում է Լուդվիգ Տիկի, Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգի և Շլեգել եղբայրների հետ։
Այս ընթացքում ծանոթանում է դեռատի Սոֆի ֆոն Կյուհնի հետ և 1795 թ.-ի մարտի 15-ին նշանվում է նրա հետ՝ վերջինիս ծննդյան տասներեքամյակի օրը։ 1797 թ.-ի մարտին իր տասնհինգամյա հարսնացուի վաղաժամ և տանջալից մահը ցնցում է նրան։ Սիրո և մահվան հարազատության թեման դառնում է կենտրոնականներից։ Այդուհետ նույն ծիրի մեջ տեսնելով Սերը, Գիշերը, Քրիստոնեությունը, Միստիկան՝ բանաստեղծը Սերը ընկալում և պատկերում է իբրև նախաստեղծ համատիեզերական և միաժամանակ զարմանալիորեն զուտ անհատական զորություն։ Հենց այս ընկալումներով են գրված «Հիմներ գիշերվան»-ը (1800)։
1795-1796 թթ. Նովալիսը ուսումնասիրում է Յոհան Գոթլիբ Ֆիխտեի փիլիսոփայությունը, որը մեծ ազդեցություն է գործում նրա վրա։ 1797 թ.-ից Ֆրայբուրգի լեռնային ակադեմիայում ընդլայնում է իր բնագիտական գիտելիքները։
1798 թ.-ին Ֆրիդրիխ և Ավգուստ Վիլհելմ Շլեգելների հրատարակած «Աթենեում» հանդեսում լույս են տեսնում նրա առաջին Ֆրագմենտները՝ «Ծաղկափոշի» վերնագրով և «Նովալիս» կեղծանվամբ։
1798 թ.-ին նշանվում է Յուլի ֆոն Խարպենտիերի հետ։
1799 թ.-ին Յենայում հանդիպում է այսպես կոչված «Ենայի ռոմանտիկներ»-ին, որոնցից Լյուդվիգ Տիկի հետ արդեն բարեկամական հարաբերություններ էր հաստատել։
1801 թ.-ի մարտի 25-ին թոքախտի հետևանքով կնքում է իր մահկանացուն։ Մահվանից քիչ առաջ եղբոր ականջին ասում է. «Զատկին ես Դրախտում կլինեմ»։ Թաղվում է Վայսենֆելզի հին գերեզմանոցում։ Կենդանության օրոք հրատարակված տեսնում է «Ծաղկափոշի»-ֆրագմենտները, «Հավատ և սեր կամ Թագավոր և թագուհի» ֆրագմենտների փոքրիկ ժողովածուն (1798) և «Հիմներ գիշերվան» (1800) բանաստեղծական շարքը։ «Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» անավարտ վեպը, «Աշակերտները Սայիսում»-ը և «Քրիստոնեությունը և Եվրոպան» այսպես կոչված հոդվածը լույս են տեսնում արդեն հետմահու՝ Լուդվիգ Տիկի և Ֆրիդրիխ Շլեգելի ջանքերով։
Նովալիսը գերմանական վաղ ռոմանտիզմի ամենանշանակալի դեմքերից է։ Իբրև իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը՝ նա իր ստեղծագործությունը սնել է բնագիտության, իրավունքի, փիլիսոփայության, գեղագիտության, քաղաքականության, հանքաբանության, գյուղատնտեսական գիտելիքների անսպառ իմացությամբ։ Այս ամենը ի մի են բերված կարծես թե արվեստի և գիտության ընդհանուր մի հանրագիտարան կազմելու գաղափարով։ 1798-1799 թթ. նրա նշագրումները ամփոփված և հրատարակված են իբրև “Ընդհանուր սևագրություն”:
Ֆրիդրիխ Շլեգելի հետ միասին Նովալիսը ֆրագմենտը մշակում և դարձնում է ռոմատիկական յուրահատուկ գրական-գեղարվեստական ձև։
Նրա գրական ստեղծագործության միջուկը “աշխարհի ռոմանտիկականացման” ձգտումն է և գիտության ու բանաստեղծության կապի որոնումը։ Հետևանքը պետք է լիներ “առաջադիմական համապարփակ բանաստեղծությունը”: Նովալիսը համոզված է, որ փիլիսոփայությունն ու նրա հիմքը հանդիսացող բանաստեղծությունը պետք է մշտապես ներհոսեն միմյանց մեջ։
Որ հենց ռոմանտիկական ֆրագմենտն է “առաջադիմական համապարփակ բանաստեղծությանը” հատուկ պատկերման ձևը՝ ցույց է տալիս այդ նոր ժանրի մեծ հաջողությունը ռոմանտիկների շրջանում։
Նովալիսի ստեղծագործության հիմքում ամեն ինչ ներառող մի միտք է ընկած. “Մենք մի առաքելություն ունենք՝ մենք կոչված ենք երկիրը կազմավորելու համար”: Պետք է միջնորդ դառնալ՝ ամեն ինչ մի շարունակական գործընթացի մեջ ներառելու համար, որտեղ Մարդը փորձում է իրեն բերել այն նախասկզբնական վիճակին, որտեղ նրա և բնության ներդաշնակությունն է։
Նովալիսի վրա առանձնապես նշանակալի է մեծ միստիկ Յակոբ Բյոմեի (1575-1624) ազդեցությունը. նրա երկերը բանաստեղծը ուսումնասիրում է 1800 թ.-ին։ Միստիկական աշխարհընկալումը և ամենուր զգացվող պիետիստական զգացողությունները Նովալիսին մղում են ընդլայնելու քրիստոնեության, հավատի և Աստծո մասին պաշտոնական պատկերացումները՝ դրանք կապելով իր անդրանցումային փիլիսոփայության հետ։ Ամենայն փիլիսոփայություն, ըստ բանաստեղծի, Տան կարոտ է, և այն էկզիստենցիալիստական հարցին, թե “ո՞ւր ենք գնում մենք”, ապշեցուցիչ պատասխան է տրվում. “Ամեն մի ճանապարհ տանում է Տուն”:
Նովալիսի ժառանգության հարուստ մի էջը, իհարկե, քնարերգությունն է։ Այնպիսի բանաստեղծություններ, ինչպիսին, օրինակ, “Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն” վեպում տեղադրված “Մեռյալների երգն” է, համաշխարհային պոեզիայի գլուխգործոցներ են։ “Հոգևոր երգեր” ընդհանուր խորագիրը կրող շարքը ստեղծվել է 1879-1800 թթ.-ին, դրանց մի մասը ներառված է լութերական երգարաններում և մինչև օրս երգվում է։
1800 թ.-ին “Աթենեում” հանդեսում լույս է տեսնում “Հիմներ գիշերվան” բանաստեղծական շարքը։ Այն Նովալիսի և, միաժամանակ, վաղ ռոմանտիզմի բանաստեղծության բարձրակետերից է։ Յոթ հիմներից բաղկացած այս ստեղծագործությունը կենսագրականի և հորինվածքի գեղեցիկ մի միասնություն է։ Թեման կյանքի և մահվան ռոմատիկական մեկնությունն է, այն սահմանների որոնումը, որտեղ Գիշերվա մեջ կյանքն ու մահը դառնում են համահարաբերականներ, մեկի սահմանները պայմանավորված են նաև մյուսով, քանի որ, ի վերջո, “Մահը կյանքի ռոմանտիկականացված սկզբունքն է”: Այս հիմներով միաժամանակ բացվում է միջնորդական մի կրոն, որի հիմնական գաղափարը մարդու և աստվածայինի միջև մշտական մի առնչակցության առկայությունն է։ Այդ միջնորդը Քրիստոսն է։ Երբեմն-երբեմն, - օրինակ, 3-րդ հիմնում, - առկայծող մեռյալ սիրեցյալը (տվյալ դեպքում Սոփի ֆոն Կուհնը) այդ միջնորդությունը ստանձնում է դարձյալ Նրա ծիրի մեջ։
«Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» անավարտ վեպի հիմքում ընկած է 13-րդ դարի միննեզինգեր Հայնրիխ ֆոն Օֆտերդինգենի մասին լեգենդը։ Արտաքին հենքի վրա հավաքվում է երգչի կայացման ներքին բարդ գործընթացը, որի իդեալը երազում հայտնված և ալեգորիկ պատկերված Կապույտ Ծաղիկն է՝ Անարտահայտելու, Բացարձակի տեսլականի ռոմանտիկական կարոտն ու տվայտանքը։ Իմաստային հիմնական ծանրությունը կրում են Հայնրիխի երազները, նրան պատմվող հեքիաթներն ու միֆերը։ Վեպը երկու մաս ունի։ Առաջինը՝ “Սպասումը”, Հայնրիխի թափառումներն են և նրա հոգևոր որոնումները։ Երկրորդ մասը վերնագրված է “Կատարումն”, որը հեղինակը չի հասցրել ավարտել։ Այն նվիրված է բանաստեղծությանը և աշխարհում նրա նշանակությանը։ Ըստ մտահղացման՝ հերոսը պետք է շարունակեր իր թափառումներն ու որոնումները և ի վերջո Կապույտ Ծաղիկը քաղեր իր երազից։ Շատ կարևոր է վեպում և ապա “Մենախոսություն” (1798) պատառիկում իր արտահայտությունն ստացած լեզվի հղացքը, ըստ որի լեզուն ինքը մի դեմիուրգ է, որը օժտված է որոշակի ինքնուրույն կյանքով և գործառույթով։ Վեպը գրվել է իբրև հակադրություն Գյոթեի “Վիլհելմ Մայստերի” գեղագիտական “ոչբանաստեղծական” հղացքին։ “Որքան բանաստեղծական՝ այնքան իրական” սկզբունքը գերմանացի վաղ-ռոմանտիկին խստիվ տարբերում է գյոթեական մոտեցումներից։
Հատվածի հիմնական գաղափարը տիպական ռոմանտիկական է. գիտության աշխարհը - արհեստական աշխարհն է, իսկ իրականությունը հասանելի է ոչ թե բանականությամբ, այլ զգացմունքով։ Տեսանելի աշխարհի ողջ տարրա-իրեղեն բազմազանությունը, ողջ բաժան-բաժան եղած հատվածները արտաքուստ տարբեր են, բայց մի միասնական գաղտնիքի համաէակից երևույթներն են, որը թաքցնում է կյանքի-մահվան աստվածուհի Իզիդան. Բացել այդ գաղտնիքը, բարձրացնել Իզիդայի քողը նշանակում է հայել միևնույն՝ քո շուրջը և քո մեջ հանգչող աշխարհի հոգևոր էությունը։
Ստեղծվել է 1799 թ.-ին, սակայն տպագրվել է հեղինակի մահվանից շատ անց՝ 1826 թ.-ին։ Այն Եվրոպայի մի բանաստեղծական, մշակութա-պատմական ծրագիր է, որը միջնադարյան ինչ-որ ուտոպիայի քաղաքական արտացոլմամբ մի նոր Եվրոպա է ենթադրում, ինչի հիմքը այսպես կոչված “բանաստեղծական քրիստոնեությունն” է, որը ազատության և անհատականության համադրման է հասցնում։ Այս տեսական մտորումների հիմքում, իհարկե, Ֆր. Դ. Է. Շլայերմախերի՝ 1799 թ.-ին լույս տեսած “Կրոնի մասին” աշխատության դրույթներն են։
Die kommentierte, sogenannte historisch-kritische Ausgabe ist die vollstՊndige Werkausgabe auf Grundlage der erhaltenen Handschriften beziehungsweise der Erstdrucke und Standardedition der Novalis-Forschung. Band 5 enthՊlt ein umfassendes Personen-, Sach- und Ortsregister.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.