Նիկոմիդիայի բարբառ
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոմիդիայի բարբառ - հայերենի կը ճյուղին պատկանող երկաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։
Խոսվել է Փոքր Ասիայի Նիկոմիդիա, Ատափազար քաղաքներում և շրջակայքի գյուղերում (Յալովա, Ասլանբեկ, Պարտիզակ, Կեյվե, Ձենկիլեր)։
Հրաչյա Աճառյանի կողմից ուսումնասիրվել է միայն Ասլանբեկի ենթաբարբառը (Վենետիկ, 1898)[1]։ Նիկոմիդիայի բարբառն ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ (պ>բ, բ >պ, փ․ փ>փ), քմային ձայնավորներ (ա, օ, ու)։ Գրաբարի նգն, նկն հնչյունա–կապակցության դիմաց բարբառում առկա է յն, տր–ի դիմաց՝ յր, բառասկզբի ղ–ի դիմաց՝ խ, որոշ դիրքերում կ–ի և հ–ի դիմաց՝ յ։ Ունի ֆ հնչույթը։ Հոգնակերտ մասնիկներն են՝ էր, ներ, վի, վանք։ Բացառականի վերջավորությունն է՝ էն, գործիականինը՝ օվ։ Հատկացուցիչը հանդես է գալիս հոդով։ Դասական թվականները կազմվում են ինջի մասնիկով։ Անորոշ հոդն ունի ետադաս կիրառություն։ Նիկոմիդիայի բարբառը պահպանել է ուլ լծորդությունը։ Ներկա ժամանակը կազմվում է գը, գու նախադաս մասնիկներով։ Վաղակատար դերբայի վերջավորությունն է էր, հարակատարինը՝ աձ։ Ապառնի ժամանակը կազմվում է բիդի մասնիկով։ Ունի ներգործաձև և կրավորաձև խոնարհման ձևերի տարբերակվածություն՝ համապատասխան վերջավորություններով, յօր մասնիկով շարունակականի ձևեր։