Նեոդրուիդականություն
From Wikipedia, the free encyclopedia
Նեոդրուիդականություն, ժամանակակից դրուիդիզմ (անգլ.՝ Druidry, նաև Druidism) նկարագրվում է որպես ժամանակակից հոգևոր կամ կրոնական շարժում, որի խորհուրդն է հարգել աշխարհի ֆիզիկական լանդշաֆտը, բուսական աշխարհը, կենդանական աշխարհը և ժողովուրդներին, ինչպես նաև բնության աստվածներին և տեղի ոգիներին[1]։ Ժամանակակից դրուիդների աստվածաբանական տեսակետները բազմազան են, բայց նրանք բոլորն էլ հարգում են բնության աստվածային էությունը[2]։
Նեոդրուիդականություն | |
---|---|
Տեսակ | կրոնական կազմակերպություն |
Neodruidism Վիքիպահեստում |
Այն վերագրվում է էկլեկտիկ նեոհեթանոսականությանը[3]՝ նեոհեթանոսական շարժումների էկլեկտիզմի և վերակառուցողականության բաժանման շրջանակներում[4]։
Թեև ժամանակակից դրուիդիականության պրակտիկայում կան զգալի տարածաշրջանային և խմբային տարբերություններ՝ ամբողջ աշխարհում դրուիդները միավորված են ընդհանուր հոգևոր և կրոնական պրակտիկաների հիմնական շարքով՝ մեդիտացիա, աղոթք/աստվածությունների և ոգիների հետ շփում, պատկերացումներ էքստրասենսոր մեթոդների մասին, դիմում բնության ոգիներին` կրոնական պրակտիկաներ և ծեսեր կատարելու համար, բնության հետ կապի կանոնավոր պրակտիկա և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ[5]։
Վաղ նեոդրուիդիզմը ծագել է Բրիտանիայում 18-րդ դարում՝ որպես ռոմանտիզմի մաս, որը փառաբանում էր բրիտանական երկաթե դարի հնագույն կելտական ժողովուրդներին, վաղ նեոդրուիդները ձգտում էին ընդօրինակել երկաթե դարի քահանաներին՝ դրուիդներին։ Այն ժամանակ այս հնագույն քահանաների մասին քիչ ճշգրիտ տեղեկություն է հայտնի եղել՝ ուստի նեոդրուիդիզմը նրանց հետ անմիջական կապ չունի, չնայած որոշ նեոդրուիդների հակառակ պնդումներին[6]։
18-րդ դարի վերջին նեոդրուիդները ստեղծել են կազմակերպություններ՝ եղբայրությունների տեսքով, որոնք հիմնված էին մասոնականության վրա, որոնք օգտագործում էին բրիտանական դրուիդների և բարդների ռոմանտիկ կերպարը որպես նախապատմական Բրիտանիայի բնիկ հոգևորության խորհրդանիշ։ Այս խմբերից մի քանիսը զուտ եղբայրական և մշակութային էին, օրինակ՝ ամենահին պահպանվածը՝ Դրուիդների հնագույն միաբանությունը հիմնադրվել է 1781 թվականին, որն իր ավանդույթները ձևակերպել է Բրիտանիայի ազգային երևակայությունից։ Մյուս խմբերը 20-րդ դարի սկզբին միաձուլվել են ժամանակակից շարժումների հետ, ինչպիսիք են ֆիզիկական կուլտուրայի շարժումը և նատուրիզմը։ 1980-ականներից ի վեր որոշ նեոդրուիդական խմբեր որդեգրել են կելտական վերակառուցողականության մեթոդաբանությունը՝ փորձելով ստեղծել պատմականորեն ավելի ճշգրիտ պրակտիկա։ Այնուամենայնիվ դեռևս վիճահարույց խնդիր կա, թե որքանով է նման ժամանակակից դրուիդիզմը երկաթի դարաշրջանի դրուիդների ավանդույթներին։
2020 թվականի դրությամբ նեոդրուիդիզմը ներկայացված էր 34 երկրներում[7]։ Կարևորությունը, որ ժամանակակից դրուիդները տալիս են կելտական լեզվին և մշակույթին, տատանվում է՝ կախված այն մշակութային միջավայրից, որում ապրում է առանձին դրուիդը[7]։ 2020 թվականին նեոդրուիդների 92 %-ն ապրում էր Բրիտանական կղզիներից դուրս[7]։
Համաձայն Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի 2011–2013 թվականների մարդահամարի տվյալների և 2008 թվականին Միացյալ Նահանգներում ARIS զեկույցի համաձայն՝ անգլիախոս երկրներում ապրող նեոդրուիդների թիվը կազմել է 59299 մարդ[7]։ Ենթադրվում է, որ նեոդրուիդների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան այս թիվը, քանի որ շատ երկրներ, որտեղ ապրում են դրուիդները, իրենց մարդահամարներում նրանց որպես առանձին խումբ չեն գրանցել[7]։ Հեթանոսական հավատքի հարցումները նույնպես հավանաբար թերագնահատում են նեոդրուիդների թիվը։ Նեոդրուիդների ընդամենը 63 տոկոսն իրեն նույնացնում է հեթանոսների կատեգորիաներից որևէ մեկի հետ[7]։ Բացի այդ, Աշխարհում դրուիդների 74 տոկոսը նշում է գաղտնիության և անվտանգության լուրջ մտահոգություններ՝ կապված իրենց տեղական համայնքներում խտրականության և հալածանքների հետ, այդ իսկ պատճառով նրանք ենթադրաբար չեն հայտնում իրենց դրուիդների պատկանելության մասին մարդահամարներում[7]:
Մինչ ժամանակակից դրուիդիան արագորեն տարածվել է շատ երկրներում, նեոդրուիդները դավանափոխ չեն եղե [8] և նրանց 74 %-ը ձգտում է գաղտնի պահել իրենց հոգևոր գործունեությունը[9]։