Նագսենտմիկլոշի գանձ
From Wikipedia, the free encyclopedia
Նագսենտմիկլոշի գանձ ( հունգ.՝ nagyszentmiklósi kincs, ռումիներեն՝ tezaurul de la Sânnicolau Mare, գերմ.՝ Schatz von NagyszentmiklósSchatz von Nagyszentmiklós ), 5-8-րդ դարերի ոսկե անոթների գտածո է, որը հայտնաբերվել է 1799 թվականին հունգարական Նագ Սենտ Միկլոշ գյուղի մոտ (այժմ՝ Ռումինիայի Սիննիկոլաու Մարե քաղաքը)։ Գտնվում է Ավստրիայի Վիեննայի արվեստի և պատմության թանգարանում[1]։
Գանձը բաղկացած է 23 ոսկե անոթներից։ Սրանք գավաթներ, սափորներ, սպասք են և մեկ ռիտոն։ Դրանք առատորեն զարդարված են մարդկանց, թռչունների, կենդանիների, թևավոր հրեշների պատկերներով, ծաղկային և երկրաչափական զարդանախշերով։ Պատկերային սափորներից մեկի վրա պատկերները դրված են կլոր մեդալիոնների մեջ։ Նրանցում պատկերված են զրահով ձիավոր, գերուն առաջնորդող անձ, մերկ կին, որը պարում է ձեռքերում ծաղիկներով, նետաձիգ որսորդ, եղնիկին հոշոտող արծիվ և գրիֆին։ Որոշ անոթներ ունեն հունարեն և թյուրքերեն գրություններ։ Առկա տվյալների վերլուծությունը և առկա տեքստերի նոր ընթերցումը ցույց է տալիս, որ արձանագրությունները կարող էին արված լինել տեղի ռոմանականացված բնակչության լեզվով[2]։ Նագսենտմիկլոշի գանձի առարկաների արձանագրությունները նման են ինչպես Դոնի ավազանի ռունաներին, այնպես էլ Մուրֆատլարի վանական համալիրի ռունիկ խմբին[3]։
Սկզբում գանձը համարվում էր հոների կողմից լքված, սակայն այս վարկածը ի վերջո մերժվեց։ Գանձի ծագումը մնում է վիճելի. այն կարող էին թաղված լինել հին բուլղարների կողմից՝ Կրումի գլխավորությամբ[4], քոչվոր մադյարների կամ ավարների կողմից։ Հնարավոր է, որ անոթները պատրաստել են կավարները կամ խազարները[5]։
Նագսենտմիկլոշի գանձի անոթների կապը Արևելյան Եվրոպայի տափաստանների քոչվորների հետ ընդունվել է հետազոտողների մեծ մասի կողմից։ Նագսենտմիկլոշի, անտառապատ Մերձիրտիշի շրջանի Կիպ-III-ի անոթների, Ստորին Դոնի Պոդգորնենսկի IV գերեզմանի 14-րդ դամբարանաթմբի, Օբի և Կրասնոդարի ստորին հոսանքի Կոցկի քաղաքի Կոնդինսկի գյուղի մոտ գտնված անոթների առասպելական ձևավորումը հուշում է, որ դրանք ծիսական գործողությունների ատրիբուտներ են։ Ենթադրաբար դրանք օգտագործվել են ինչպես կրոնական տոների ժամանակ (ամառային և ձմեռային արևադարձի, գարնանային և աշնանային գիշերահավասարի օրերին), այնպես էլ արտակարգ իրավիճակներում (սով, հիվանդություն, ռազմական գործողություններ)[6]։
Հին ռուսական և մորավա-չեխական մի շարք գտածոների դեկորատիվ մոտիվներ առաջացել են այն ոճի հիման վրա, որն ունի նույն սևծովյան (իրանական) ծագումը, որն արտացոլվել է նաև Նագսենտմիկլոշի գանձի ոսկե անոթների զարդարման մեջ[7]։
Քանի որ գանձի գտնվելու վայրը ժամանակակից Ռումինիայում է, տեղական իշխանությունները բարձրացնում են այն այս երկրի թանգարաններին փոխանցելու հարցը[8]։
- Նագսենտմիկլոշի գտածոներից
- Գավաթ ցլի գլխով, որը Հունգարիայում հայտնի է որպես Ատտիլայի գավաթ
- Դիցաբանական տեսարան Նագսենտմիկլոշի անոթի վրա. Աստվածային թռչունը բարձրացնում է մարդու մարմինը