Յորքի համաձայնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Յորքի համաձայնագիր, 1237 թվականի սեպտեմբերի 25-ին Յորքում Անգլիայի թագավոր Հենրի III-ի ու Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր II-ի միջև կնքված պայմանագիր, որը հաստատում էր, որ Նորթումբերլենդը, Քումբերլենդն ու Ուեսթմորլենդը ենթարկվում էին անգլիական իշխանությանը։ Հստակեցրել է անգլո-շոտլանդական սահմանն այնպես, որ այն համարյա անփոփոխ է մնացել մինչ մեր օրերը (միակ փոփոխությունը վերաբերել է Վիճելի տարածքներին ու Բերվիք-ըփոն-Թվիդին)[1]։ Համաձայնագիրը մանրամասն ներկայացրել է մի քանի ֆեոդալական սեփականությունների ապագա կարգավիճակն ու հստակեցրել ևս մի քանի հարց երկու թագավորների համար՝ պատմականորեն վերջ դնելով դեպի հարավ սահմանն ընդարձակելու շոտլանդական թագավորության փորձերին։
Յորքի համաձայնագիր | |
---|---|
Յորքի համաձայնագիր | |
Պատրաստվել է | 1237 թ. սեպտեմբերի 25 |
Ստորագրվել է — վայր |
1237 թ. սեպտեմբերի 25 Յորք |
Ստորագրել են | Հենրի III Ալեքսանդր II |
Համաձայնագիրը երկու թագավորների միջև շարունակական հարաբերությունների ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններից մեկն էր։ Պապական ներկայացուցիչ Օթոն (նաև հայտնի որպես Օդոն դի Մոնֆերատո) Հենրիի խնդրանքով արդեն Անգլիայի թագավորությունում էր, որպեսզի 1237 թվականի սեպտեմբերին մասնակցի Լոնդոնում կայանալիք սինոդին։ Նրան նախօրոք տեղեկացրել էին Յորքի հանդիպման մասին, որին նա նույնպես մասնակցել է։ Հանդիպումն արձանագրվել է այդ ժամանակի պատմաբան Մեթյու Փերիսի կողմից, որն արհամարհանքով է արտահայտվել և՛ Ալեքսանդրի, և՛ Օթոյի մասին։ Ալեքսանդրի հասցեին Փերիսի անհիմն մեղադրանքները, որոնցում նա վերջինիս ներկայացնում է որպես անքաղաքավարիորեն անբարեկիրթ ու ագրեսիվ, կրկնվել են մի քանի պատմական մեկնաբանություններում։