From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Գոթլիբ Ֆիխտե (գերմ.՝ Johann Gottlieb Fichte, մայիսի 19, 1762[1][2][3][…], Ռամենաու, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունվարի 27, 1814[1][3][5][…] կամ հունվարի 29, 1814[6][7], Բեռլին, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա և հասարակական գործիչ, գերմանական դասական իդեալիզմի ներկայացուցիչ։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Ենայի և Լայպցիգի համալսարաններում։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ աշխատություն է գրել ի պաշտպանություն մտքի ազատության։ 1794-1799 թվականներին եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր, սակայն աթեիզմ քարոզելու մեղադրանքի պատճառով, ստիպված հեռացել է Ենայից, տեղափոխվել Բեռլին, 1810 թվականից՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1810-1812 թվականներին՝ առաջին ընտրովի ռեկտորը։ Ֆիխտեի դասախոսական գործունեության գագաթնակետը եղավ հռչակավոր «Խոսք ուղղված գերմանական ազգին» ճառը (1808)։
Նա մահացավ 1814 թվականի հունվարի 29-ին Բեռլինում՝ վարակվելով տենդով կնոջից, ով անձնվիրաբար իրեն նվիրել էր զինվորական հոսպիտալներում վիրավորներին խնամելուն։
Ֆիխտեի հիմնական գաղափարները արտահայտված են մի շարք աշխատություններում՝ «Գիտաուսմունք» ընդհանուր վերնագրով (1794)։ Ֆիխտեն ելնում է «տեսական բանականության» (գիտության) նկատմամբ «գործնական բանականության» (բարոյականության) առաջնայնության կանտյան դրույթից։ Սակայն, որպեսզի բարոյականությունը մարդկային կյանքի իրական հիմքը հանդիսանա, այն պետք է կանխադրվի տեսականորեն՝ գիտակցության ակտիվության պայմանների համակարգային բացահայտման մեջ։ Այս խնդիրը դրված է փիլիսոփայության առջև։
Փիլիսոփայության սկիզբը Ֆիխտեն տեսնում է «Ես»-ի անմիջականորեն տրված փաստի մեջ, որը «արգասաբեր երևակայության» (սուբյեկտի անգիտակցական գործունեության) միջոցով ենթադրում է «ոչ-Ես»-ը՝ ճանաչողության օբյեկտը։ Այդպիսով հաստատվում են «գիտաուսմունքի» առաջին երկու հիմնադրույթները՝ ինքն իրեն որպես թեզիս ենթադրող «Ես»-ը և որպես հակաթեզիս նրան հակադրված «ոչ-Ես»-ը։ Այս հակաթեզիսը Ֆիխտեն հաղթահարում է երրորդ հիմնադրույթում, որը հաստատում է «Ես»-ի և «ոչ-Ես»-ի համադրությանը, որովհետև սուբյեկտի և օբյեկտի հակադրումը նա հասկանում է էմպիրիկորեն, այնինչ այս հակադրման բուն պայմանը թաքնված է բացարձակ «Ես»-ի մեջ։
«Գիտաուսմունքի» հետագա վերամշակումներում Ֆիխտեն հատկապես պնդում է այս դրույթը՝ խուսափելու համար այն կարծիքից, թե իբր մարդկային «Ես»-ն է ստեղծում իրեն շրջապատող էմպիրիկական աշխարհը։ Տեսական փիլիսոփայության իմաստն այն է, որ մարդկային «Ես»-ը, ինչպես և նրան շրջապատող աշխարհը, բացարձակ (աստվածային) «Ես»-ի արդյունքներն են։
Ֆիխտեի գործնական փիլիսոփայության (ընդգրկում է բարոյագիտությունը, իրավունքի ու պետության մասին ուսմունքը և մանկավարժությունը) կենտրոնում ստոիցիզմի ոգով ըմբոնված ազատության գաղափարն է։ Քանի որ աշխարհը ենթարկվում է անհրաժեշտության սկզբունքին, ազատությունը ոչ թե անհրաժեշտ օրենքների շրջանակից դուրս գալու անիմաստ փորձն է, այլ բարոյական նորմաներին ինքնակամ նվիրվածությունը։
Ֆիխտեի փիլիսոփայությունը մեծապես ազդել է գերմանական դասական իդեալիզմի (Շելինգ և մասամբ Հեգել) և ռոմանտիզմի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.