From Wikipedia, the free encyclopedia
Մոնղոլագիտություն, գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է մոնղոլական ժողովուրդների պատմությունը, տնտեսությունը, հնագիտությունը, ազգագրությունը, լեզուն և գրականությունը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մոնղոլագիտության զարգացման հիմք են ծառայել 13—17-րդ դարերի մոնղական հեղինակների ստեղծագործությունները, չինական դինաստիական ժամանակագրությունները, չինական, պարսկական, արաբական, հայ, վրացի հեղինակների և ռուս տարեգիրների գործերը, ճանապարհորդների և դեսպանների հուշերը (Պլանո Աարպինի, Ռուբրուկ, Մարկո Պոլո և ուրիշներ)։ Մոնղոլագիտությունը Եվրոպայում սկսել է զարգանալ 16-րդ դարում, երբ ֆրանսիացի միսիոներ չինագետներ ժ․ Բ․ Դյուգալդը, դը Գինը, Մայան և ուրիշներ առաջին անգամ շրջանառության մեջ դրեցին չինական ժամանակագրությունների և պատմական երկերի մի շարք տեղեկությունները մոնղոլների մասին։ Նույն ժամանակ Ռուսաստանում պատմաբաններ Գ․ Ֆ․ Միլլերը և Ի․ Ե․ Ֆիշերը օգտագործել են ռուս, դիվանների փաստաթղթերը Մոնղոլիայի մասին, իսկ չինագետներ Ի․ Կ․ Ռոսսոխինը և Ա․ Լ․ Լեոնտևը չինարենից և մանջուրերենից թարգմանեցին Մոնղոլիայի պատմության վերաբերյալ երկեր։ Տարածքային մոտիկության և երկարատև համատեղ պատմության շնորհիվ 19-րդ դարի Ռուսաստանը դարձել էր մոնղոլագիտության ճանաչված կենտրոն։ Մոնղոլական քերականության մասին Ի․ Ցա․ Շմիդտի (19-րդ դարի սկիզբ) գործը սկզբնավորել է մոնղական լեզվագիտությունը, և, ընդհանրապես, մոնղոլական բանասիրությունը Ռուսաստանում ու Արևմտյան Եվրոպայում։ Ռուսաստանում հիմնական ուղղություններն էին աղբյուրագիտությունը, գրական հուշարձանների հրատարակումը, բանասիրությունը, իսկ պատմության բնագավառում՝ միջնադարագիտությունը։ Շմիդտի, Ա․ Վ․ Լիպովցևի, Պ․ Ի․ Կաֆարովի, Դ․ Բանզարովի և ուրիշների հրապարակումները գիտության համար փորձում էին բացատրել մոնղոլական մի շարք ժամանակագրություններ և տարեգրություններ։ Ն․ Ցա․ Բիչուրինի, Ի․ Ն․ Բերեզինի, Ք․ Պ․ Պատկանյանի, Վ․ Մ․ Ուսպենսկու, Ն․ Ի․ Վեսելովսկու, Վ․ Լ․ Կոտվիչի և ուրիշների ուսումնասիրությունները գիտական շրջանառության մեջ դրեցին չինական, հայկական և արաբական բազմաթիվ սկզբնաղբյուրներ, ազգագրական և հնագիտական նյութեր։ Լեզվաբաններ և բանասերներ Ա․ Ա․ Բոբրովնիկովի, Օ․ Մ․ Կովալևսկու, Կ․ Ֆ․ Գոլստունսկու և ուրիշների աշխատությունները զգալի ներդրում էին մոնղոլական լեզուների, բանահյուսության և գրականության ուսումնասիրության գործում։ Արևմտաեվրոպական ուսումնասիրողների մեջ 19-րդ դարում կարևոր տեղ է գրավում շվեդ գիտնական Ա․ դ’Օսսոնը, որը գրել է աշխատություն Մոնղոլիայի պատմության վերաբերյալ՝ առաջին անգամ օգտագործելով Ռաշիդ ալ-Դինի «Տարեգրությունների ժողովածուն», Զուվեյնիի երկերը, պարսկերեն, հայերեն, արաբերեն, վրացերեն և այլ լեզուներով սկզբնաղբյուրներ։ Չինական աղբյուրների հիման վրա գործեր է հրապարակել ֆրանսիացի գիտնական Ա․ Ռեմյուզեն։ Մոնղոլների պատմության վերաբերյալ եռահատոր երկ է հրատարակել անգլիացի պատմաբան Հ․ Հաուորսը։ 19-րդ դարի 2-րդ կեսին լույս տեսան Ֆ․ էրդմանի (Գերմանիա), Կ․ Դուգլասի և Դ․ Կառատերսի (Մեծ Բրիտանիա) աշխատությունները Մոնղոլիայի պատմության վերաբերյալ։ Բուրժուական շատ մոնղոլագետների աշխատություններին բնորոշ էին օբյեկտիվիզմը, եվրոպակենտրոն միտումները և գաղութատիրության ջատագովությունը։ XIX—XX դդ․ սահմանագծին համաշխարհային ճանաչում ստացան Վ․ Վ․ Բարոլդի աշխատությունները, ով առաջիններից էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մոնղոլների սոցիալ-տնտեսական պատմությանը։ Լայն գործունեություն ծավալեցին ճանապարհորդներ Պ․ Կ․ Կոզլովը և Գ․ Ե․ Գրում-Գրժիմայլոն, երևան եկան Մոնղոլիայի էկոնոմիկայի վերաբերյալ Մ․ Ի․ Բոգոլեպովի և Մ․ Ն․ Սոբոլևի, Ա․ Պ․ Բոլոբանի և ուրիշների ուսումնասիրությունները։
Մոնղոլական բանահյուսության վերաբերյալ խորհրդային արևելագետ Բորիս Վլադիմիրցովի աշխատությունները կանխորոշեցին բանասիրական հետազոտությունների հետագա բաժանումը լեզվաբանական, տեքստաբանական և գրականագիտական բնագավառների։ Ս․ Ա․ Կոզինը հրապարակեց 13-րդ դարի գրական հուշարձան «Նվիրական ասք»-ի բնագիրը («Ասք»-ի ուսումնասիրությանը աշխատություններ են նվիրել հունգարացի Լ․ Լիգետին, ֆրանսիացի Ա․ Մոսարտը և Պ․ Պելլիոն, գերմ․ է․ Հենիշը, մոնղոլացի լեզվաբան Մ․ Գաադամբան, ժամանակակից մոնղոլ «Նվիրական ասք»֊ը հրատարակել է Ց․ Դամդինսուրենը)։ Կոզինն ուսումնասիրել է նաև «Դեսերիական» Ա «Զանգարիական» էպոսները։ Ն․ Պ․ Շաստինան հրատարակել է մոնղոլական «Շարա թուշի» և «Ալթան թոբչի» տարեգրությունների թարգմանությունը և ուսումնասիրությունը։
Մոնղոլագիտության մեջ մեծ ավանդ ունեն մոնղոլ գիտնականները։ «Ժողովրդական իշխանության» տարիներին նրանք կատարել են հիմնարար ուսումնասիրություններ պատմության (Բ․ Շիրենդիբ, Շ․ Նացագդորժ, Ն․ Սեր Օշավ, Շ․ Բիրա, Բ․ Թուդե և ուրիշներ), տնտեսագիտության (Ն․ ժագվարալ, Դ․ Դուգար), աշխարհագրության (Շ․ Ցեգմիդ, Բ․ Գունգադաշ), գրականության (Ց․ Դամդինսուրեն, Շ․ Լուվսանվանդան, Բ․ Ռինչեն և ուրիշներ), արվեստի բնագավառում։ Մոնղոլագիտության կարևոր կենտրոններ են ՄԺՀ ԳԱ հասարակական գիտությունների հաստատությունները։ Ուլան Բատորում հրատարակվում էին պատմաբանասիրական հուշարձանների մատենաշար («Monumenta Historical, «Studia Folklorica», «Corpus scriptorummongolorum» են)։
Արևմտյան երկրներում մոնղոլագիտության հիմնական ուղղություններն են համարվում աղբյուրագիտությունը, լեզվաբանությունը, բանասիրությունը և սկզբնաղբյուրների հրատարակումը (հիմնականում՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում)[փա՞ստ]։ Մոնղոլների պատմության, լեզվի և գրականության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել Գերմանիայում (Վ․ Հայսսիգ), ԱՄՆ-ում (Ֆ․ Լեսսինգ, Ջ․ Կրյուգեր և ուրիշներ), Ճապոնիայում (Կ․ Սակամոտո, Մ․ Մուրակամի, Ս․ Իվամուրա և ուրիշներ), 1950-ական թվականների կեսին Մեծ Բրիտանիայում և առանձնապես ԱՄՆ-ում։ (Օ․ Լատտիմոր, Ջ․ Ֆրիտերս) ու ճապոնիայում (Կ․ Տանակա) նկատվել է զգալի հետաքրքրություն Մոնղոլիայի նորագույն պատմության, քաղաքականության, միջազգային դրության, տնտեսության, պետական կառուցվածքի նկատմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 702)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.