From Wikipedia, the free encyclopedia
Մշակույթների ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de las Culturas), անցյալի և ներկայի համաշխարհային մշակույթների ուսումնասիրությանը նվիրված ազգային թանգարան Մեխիկոյում։ Տեղակայված է գաղութային ժամանակաշրջանի շենքում, որը նախկինում եղել է դրամահատարանի շենք, իսկ մինչև դրամահատարանի շենք դառնալը եղել է Մոնտեսումա II-ի «Սև տանը» վայրը։ 1850 թվականին դրամահատարանը տեղափոխվել է Ապարտադո փողոց, իսկ շենքը մինչև 1966 թվականն օգտագործվել է տարբեր նպատակներով[1]։
Մշակույթների ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և մշակույթի թանգարան |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Մեխիկո |
Վայր | Մեխիկո |
Ղեկավարության նստավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հիմնադրվել է | դեկտեմբեր 1965 |
Կայք | lugares.inah.gob.mx/lugar-88-es |
Թանգարանը տեղակայված է ացտեկական կառույցում, որը եղել է Մոնտեսումա II-ի «Նոր պալատներ» համալիրի մաս և իսպանացի նվաճողների կողմից կոչվել է «Casa Denegrida» (Սև տուն), ովքեր այն նկարագրում էին որպես սև ներկված առանց պատուհանների սենյակ, որտեղ Մոնտեսումա II-ը խորհրդածում էր, ինչպես նրան խորհուրդ էին տվել շամանները[2]։ Իսպանական նվաճումների ժամանակ «Սև տունը» և Մոնտեսումա II-ի Նոր պալատների մնացած մասը գրեթե ոչնչացվել են[3]։ Այս վայրը այլ հողատարածքների հետ միասին Իսպանական միապետության կողմից հանձնվել է Էռնան Կորտեսին որպես Մեքսիկան նվաճելու պարգև[4]:Կորտեսը վերակառուցել է Նոր պալատներ/Սև տուն համալիրը իսպանական ոճով՝ օգտագործելով հին ացտեկական շենքերի շինանյութեր[3]։ Հետագայում պալատը ժառանգել է Կորտեսի որդին, այնուհետև այն հետ է վաճառել Ֆիլիպ V-ին՝ փոխարքայական պալատ հիմնելու համար[4]։
Վերջին պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են «Սև տան» պատի և բազալտե հատակի մասեր[2]։
Քաղաքապետարանի շենքում ի սկզբանե եղել է դրամահատարան[5]։ Սակայն դրամահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 1731 թվականին դրամահատարանը տեղափոխվեց այս շենք։ Դրամահատարանի տնօրեն Նիկոլաս Պեինադոն, ով նաև ճարտարապետ էր, ձեռնարկեց նախնական քայլերը։ Աշխատանքներ կատարվեցին նաև Պեդրո դե Առիետայի և Լորենցո Ռոդրիգեսի կողմից։ Վերամոդելավորման գործընթացի պատճառով Պեինադոն հայտնվեց բանտում, և աշխատանքներն ավարտին հասցրեց Լուիս Դիես Նավառոն[1]։
Փողոցը, որտեղ տեղակայված է կառույցը, կոչվեց «Մոնեդա» (դրամ)[4]։ 1722-1779 թվականներին շենքն ընդլայնվեց Միգել Կոնստանցոյի, Լորենցո Ռոդրիգեսի, Խոսե Դամյան Օրտիսդե Կաստրոյի կողմից[1]։
1850 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Ապարտադո փողոց և այս շենքն օգտագործվեց տարբեր նպատակներով՝ որպես Փորագրության դպրոց, Գերագույն դատարան և այլն[6]։
1865 թվականին Մեքսիկայի կայսր Մաքսիմիլիան I-ը որոշեց այս շենքում բացել Ազգային պատմության, հնաբանության և պատմության հանրային թանգարան։ Թանգարանը հիմնադրվեց 1825 թվականին Գվադալուպե Վիկտորիա թագավորի կողմից[1]։ 20-րդ դարի սկզբում նկարիչ Ռուֆինո Տամայոն նկարեց "La Revolución" (Հեղափոխություն) որմնանկարը, որտեղ պատկերեց Մեքսիկական հեղափոխությունը[4]։ Այս որմնանկարը կախված է թանգարանի նախասրահում։ Գործունեության սկզբում թանգարանը հաջողություններ է արձանագրել, բայց հետզհետե հավաքածուն սկսել են տեղափոխել տարբեր հաստատություններ[1] : Բնական պատմությանն առնչվող հավաքածուն 1909 թվականին տեղափոխվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Չոպո թանգարան, մեքսիկական պատմական առարկաներին առնչվող հավաքածուն՝ Չապուլտեպեկ ամրոց 1944 թվականին։ Հավաքածուի մնացած մասը 1964 թվականին տեղափոխվեց Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարան[4]։
1931 թվականին գաղութային շրջանի այս կառույցը համարվել է ազգային հուշարձան։ 1966 թվականին շենքը դարձել է Մշակութային թանգարան, որի սրահների ցուցանմուշները ներկայացնում են աշխարհի տարբեր մշակույթների արժեքներ[1]։ Ներկայի և անցյալի համաշխարհային մշակույթներին նվիրված այս թանգարանն իր տեսակի մեջ եզակի է Լատինական Ամերիկայում[7]։ Թանգարանն ունի 16 մշտական և 3 ժամանակավոր ցուցասրահներ։ Որոշ սրահներ նվիրված են նախապատմական մշակույթների արժեքներին, ինչպիսիք են՝ քարանձավային նկարչությունը, նստակյաց, գյուղատնտեսական հասարակություններին առնչվող գործիքներ և այլն։ Մյուս սրահները նվիրված են Միջագետքին, Հին Հունաստանին և Հին Հռոմին։
Հետազոտությունների դարաշրջան սրահում ներկայացված են ամերիկացիների հետ շփման նախաեվրոպական ժամանակաշրջանի տարրեր։ Ժամանակակից մշակույթի ցուցադրություններ կան բոլոր մայրցամաքներից, այդ թվում և մեքսիկացիներին քիչ հայտնի Սամոայից կամ Նոր Իռլանդիայից[4][8]։ Հիմնադրումից ի վեր թանգարանը ստացել է 12,000 նմուշ աշխարհի տարբեր ծայրերից։ Նմուշները ներառում են գործվածք, ապակե առարկաներ, ճենապակի, լուսանկարներ, կիմանո, դիմակներ, ոսկեղեն, քանդակներ։ Դրանց հիմնական մասը բնօրինակներ են և բավականին հին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.