Միրանդա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Միրանդա (Ուրան V), Ուրանի հինգ մեծ արբանյակներից մոլորակին ամենամոտ ու ամենափոքր արբանյակն է։ Հայտնաբերվել է Ջերարդ Կոյպերի կողմից 1948 թվականի փետրվարի 16-ին, ՄակԴոնալդի աստղադիտարանում։ Անվանվել է Վիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոսուհու անունով[1], արբանյակի այլընտրանքային անվանումն է Ուրան V:
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միրանդա (այլ կիրառումներ)
Միրանդա (Ուրան V) | |
---|---|
«Վոյաջեր-2» կայանից կատարված լուսանկար | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 16 փետրվար 1948 թ. (Ջերարդ Կոյպեր[1]ի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 15,79 ± 0,04[2] |
Հեռավորությունը Ուրանից | 129 900[3] կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 129 900[3] կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,0013[3] |
Սիդերիկ պարբերություն | 1,413[3] օր |
Ուղեծրային արագություն | 24 067,7 կմ/ժ |
Թեքվածություն | 4,338° (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 240,4 + 234,2 + 232,9 կմ (235,8 ± 0,7 կմ)[3] |
Մակերևույթի մակերես | 698 710,82[3] կմ² |
Ծավալ | 54 918 670[3] կմ³ |
Զանգված | 6,59 ± 0,75 × 1019[3] կգ |
Միջին խտություն | 1,214[3] գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,079[3] մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 695[3] կմ/ժ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն (դեպի Ուրանն է ուղղված միշտ մի կողմով) |
Առանցքի թեքում | 0,0°[3] |
Ալբեդո | 0,32 ± 0,03[2] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 60 Կ (−213,15 °C)[4] |
Մինչ այժմ Միրանդայի միակ լուսանկարները ստացվել են Վոյաջեր-2 կայանի միջոցով, նրա Ուրանի մոտով անցման ընթացքում 1986 թվականի հունվարին։ Անցման ժամանակ արբանյակի միայն հարավային կիսագունդն էր ուղղված դեպի Արեգակը, և հետևաբար հնարավոր է եղել լուսանկարել միայն արբանյակի այս մասը։ Քանի որ միջմոլորակային կայանը իր անցման ժամանակ ամենամոտը անցել է Միրանդային, այս արբանյակը առավել մանրամասն է լուսանկարված։
Միրանդայի պտույտի առանցքը, ինչպես և բոլոր Ուրանի խոշոր արբանյակների մոտ, ընկած է մոլորակի պտույտի հարթությանը շատ մոտ, ինչը հանգեցնում է շատ յուրօրինակ սեզոնային ցիկլերի։ Ամենայն հավանականությամբ Միրանդան ձևավորվել է ակկրեցիոն սկավառակից (կամ միգամածությունից), որը կամ գտնվում էր Ուրանի շուրջ նրա առաջացումից սկսած որոշ ժամանակվա ընթացքում, կամ էլ առաջացել էր մոլորակի այլ մարմնի հետ հզորագույն բախման արդյունքում, ինչը ըստ որոշ կարծիքների էլ եղել է մոլորակի պտույտի առանցքի մեծ թեքման պատճառը (97,86°)։ Մինչդեռ Միրանդայի ուղեծրի թեքումը մոլորակի հասարակածի նկատմամբ ամենամեծն է բոլոր մեծ արբանյակների միջև 4,338°:
Արբանյակի մակերևույթը հավանաբար կազմված է ջրային սառույցից, սիլիկատների, կարբոնատների և ամոնիակի խառնուրդներով։ Տարօրինակ է այն փաստը, որ այս փոքր արբանյակը ունի մակերևույթի ռելիեֆի այսպիսի մեծ բազմազանություն (սովորաբար այս չափի մարմինների մակերևույթը ավելի միատար է ներքին ակտիվության պակասի պատճառով)։ Միրանդայի մակերևույթին կան ընդարձակ բլրոտ հարթավայրեր, որոնք ծածկված են խառնարաններով և կտրտված են բեկվածքներով, կիրճերով և սարավանդներով։ Մակերևույթին երևում են երեք արտասովոր շրջաններ որոնք ունեն ավելի քան 200 կմ չափեր (այսպես կոչված պսակներ)։ Այս երկրաբանական ձևավորումները, ինչպես և ուղեծրի տարորինակորեն մեծ թեքումը, խոսում են Միրանդայի բարդ երկրաբանական պատմության մասին։ Նրա վրա կարող էին ազդել ուղեծրային ռեզոնանսները, մակընթացային ուժերը, ընդերքի կոնվեկցիան, մասնակի ձգողական դիֆերենցացումը և նյութի ընդլայնումը, ինչպես նաև կրիոհրաբխային գործունեության դրվագները։