![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Drosera_anglica_ne2.jpg/640px-Drosera_anglica_ne2.jpg&w=640&q=50)
Միջատակեր բույսեր
From Wikipedia, the free encyclopedia
Միջատակեր բույսեր, բազմամյա խոտաբույսեր, թփեր, թփիկներ, որոնք որսում են միջատներ (հազվադեպ այլ մանր կենդանիներ) և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ։ Հանդիպում են ամենուրեք (առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում)։ Հայտնի է միջատակեր բույսերի մոտ 500, Հայաստանում՝ 3 տեսակ։ Աճում են ազոտական միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում։ Ազոտային քաղցը, ինչպես նաև ֆոսֆորի, կալիումի անբավարարությունը միջատակեր բույսերը լրացնում են որսած միջատների հաշվին։
Բույսերի խումբ | |
---|---|
![]() Ցողաբույս անգլիական (Drosera anglica) | |
Անվանում | |
Միջատակեր բույսեր | |
Անվանման կարգավիճակ | |
նշված չէ | |
Մայր տաքսոն | |
Թագավորություն Բույսեր (Plantae) | |
նշված չէ | |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Brocchinia_reducta_%282%29.jpg/640px-Brocchinia_reducta_%282%29.jpg)
Ունեն միջատորս հարմարանքներ՝ սափորներ, պարկեր, թարթիչավոր, ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն և հոտավետ նյութեր։ Պեպսինի տիպի հատուկ ֆերմենտների և օրգանական թթուների (մրջնաթթու, բենզոյական թթու ևն) միջոցով միջատակեր բույսերը որսած միջատների սպիտակուցները քայքայում են առավել պարզ, հեշտ յուրացվող միացությունների։ Վերերկրյա միջատակեր բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրայինների մոտ այն բացակայում է, բայց միջատակեր բույսերը կարող են իրենց գոյությունը պահպանել հողից և ջրից ստացվող նյութերի հաշվին։ Կենդանական սնունդը արագացնում է միջատակեր բույսերի զարգացումը, անցումը ծաղկման և պտղատվության։ Միջատակեր բույսերը շատ զգայուն են, արտաքին գրգիռներին անմիջական և կտրուկ ռեակցիա տալու ունակությունը հասել է կատարելության։ Միջատակեր բույսերից են՝ խորշաբույսը, ազատ լողացող ջրային բույս, տերևների մի մասը ձևափոխվել են մանր փամփշտիկների, որոնցով որսում է ջրային մանր կենդանիներ, որդեր, թրթուրներ։