Մինչկոլումբոսյան Ամերիկա
From Wikipedia, the free encyclopedia
Մինչկոլումբոսյան Ամերիկա, Արևմտյան կիսագնդի պատմությունը նախքան Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումը։ Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին։ Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ։ Մյուսները, մասնավորապես՝ մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները։
Նրանք մշակում էին եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, դդում, Կենտրոնական Ամերիկայում` կակաո, լոլիկ, իսկ Անդյան լեռներում` կարտոֆիլ։ Տնային կենդանիներից պահում էին շներ և հնդկահավեր, իսկ ձիեր այստեղ բերեցին եվրոպացիները։ Տեղաբնիկներին անծանոթ էին երկաթը, անիվը, բրուտի անիվը։ Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ։ Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան Հնդկաստանն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ։