ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյով (ռուս.՝ Макси́м Ники́форович Воробьёв, օգոստոսի 6 (17), 1787 կամ 1787[1], Պսկով, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1855 կամ 1855[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս գեղանկարիչ և գծանկարիչ, 19-րդ դարի առաջին կեսի ռոմանտիկ-դասական բնանկարի հիմնադիր և մեծագույն վարպետ, աշակերտների մեծ խմբի ուսուցիչ, որը պատմագրության մեջ հայտնի է իր անունով՝ վորոբյովյան դպրոց։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1814) և պրոֆեսոր (1823), պատվավոր պրոֆեսոր (1843)։
Մաքսիմ Վորոբյով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6 (17), 1787 կամ 1787[1] |
Ծննդավայր | Պսկով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1855 կամ 1855[1] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1809) |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ֆեոդոր Ալեքսեև և Ժան Թոմաս դե Տոմոն |
Աշակերտներ | Alexander Dorogov?, Mikhail Spiridonovich Erassi?, Alexey Voloskov? և Հովհաննես Այվազովսկի |
Maxim Vorobiev Վիքիպահեստում |
Եղել է ավագ սպայի որդի, ով ծառայել է ակադեմիայում որպես հերթապահ, ընդունվել է ակադեմիա տաս տարեկան հասակում (1797) և մեծ հաջողություններ ունեցել նկարչության, հեռանկարչության, ճարտարապետության (պրոֆեսոր Թոմաս դե Թոմոնի մոտ) և բնանկարչության բնագավառում, վերջինում նրա ուսուցիչներ են եղել Ֆեոդոր Ալեքսեևը և հավանաբար, բնանկարիչ Միխայիլ Իվանովը։ Երիտասարդ նկարչի կողմից ընտրված, ավելի ճիշտ՝ ակադեմիական ղեկավարների կողմից նրան հանձնարարված նկարչության տեսակը եղել է ճարտարապետա-բնանկարայինը։ Լավ է նկարել և ճիշտ խմբավորել մարդկային կերպարները, որոնք աշխուժացրել և գունեղացրել են նրա նկարները։
Դեկորատիվ ուղղության բնանկարիչ, Միջին Ռուսաստանի պատմական տարածքներն ուսումնասիրող արշավախմբի անդամ Ֆ. Յա Ալեքսեևը 1809 թվականին երիտասարդ Վորոբյովին ընդունել է որպես օգնական՝ քաղաքային տեսարաններ նկարելու համար։ Մարդկային կերպարներով այդ տեսարանները աշխուժացնելու համար Ալեքսեևը նկարել է կայսեր քաղաքներ այցելությունների դրվագները։ Այդ պաշտոնական առաջադրանքը նրա և Վորոբյովի կողմից հաջողությամբ է կատարվել։
1813-1814 թվականներին Վորոբյովն այցելել է Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր շտաբներ, իսկ 1820 թվականին կառավարության հանձնարարությամբ մեկնել Պաղեստին, որտեղ նկարել, չափագրել և ուրվագծել է քրիստոնյաների կողմից հարգված բոլոր հիմնական վայրերը։ Այդ ձեռնարկի դժվարությունն այն է եղել, որ բոլոր չափումները և գծագրերը պետք է կատարվեին տեղական մուսուլմանական իշխանությունների վերահսկողությունից գաղտնի։ Բացի տաճարներից, Վորոբյովը նկարել է Երուսաղեմի և Մեռյալ ծովի մի քանի բնանկարային տեսարաններ, իսկ Պաղեստին տանող ճանապարհին՝ Կոստանդնուպոլսի, Հռոդոս կղզու, Զմյուռնիայի, Յաֆֆայի և այլ վայրերի տեսարաններ։ Ապագա նկարների համար այդ բոլոր նյութերը բաղկացած էին 90 թերթ ջրաներկ նկարներից, որոշ էսքիզներից, որոշ նկարներ էլ ամբողջությամբ ավարտված էին։ Վորոբյովի ճամփորդությունը դեպի սուրբ վայրեր կազմակերպել է Նիկոլայ Պավլովիչը, ով այդ ժամանակ դեռևս մեծ իշխան էր և ցանկանում էր պատշաճ ձևով վերականգնել Քրիստոսի Հարության եկեղեցին Նոր Երուսաղեմում և Մոսկվայի մերձակայքում։
1823 թվականից Վորոբյովը եղել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բնանկարչության դասարանի պրոֆեսոր։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուն պես Վորոբյովը նկարել է «Երուսաղեմի Հարության տաճարի նախամուտքը» (1823) և նույն թվականին՝ «Նևան Տրոիցկի կամրջի կողմից լուսնի լույսի ներքո»։ Հետագայում նկարել է «Հարության տաճարում Գողգոթայի մատուռի ինտերիերը» (նկարներն արտահայտում են հաղորդության կանչի պահը)։ 1827 թվականին նկարել է «Արևածագը Նևայի վրա», «Մեռյալ ծով», «Երեկոն արաբ շեյխ Աբու Ղոշի հետ» (գրեթե ժանրային նկար), «Տեսարան Զմյուռնիայից»։ 1828 թվականին՝ թուրքական պատերազմի ժամանակ, Վորոբյովը եղել է Նիկոլայ I-ի շքախմբի կազմում՝ նրա ցուցումներով կտավներ և էտյուդներ նկարելու համար։ Այդ ժամանակվա աշխատանքներից են «Վառնայի պաշարման տեսարանը», «Վառնայի պայթյունը», «Տեսարան Օդեսայից», «Նավը փոթորկի ժամանակ, որի վրա թագավորն էր գտնվում»։ Երուսաղեմի մասին խորապես պահպանված հիշողությունները կյանքի են կոչվել պաղեստինյան ճամփորդությունից 16 տարի անց («Ընդհանուր տեսարան Երուսաղեմից» և «Կոստանդնուպոլսի տեսարանը ասիական ափից»)։
1840 թվականին սկսվել է Վորոբյովի կյանքի տխուր ժամանակաշրջանը՝ կորցնելով սիրելի կնոջը, նա սկսել է բարոյապես վերափոխվել դեպի վատը, իրեն ավելորդություններ թույլ տալ, նույն ժամանակահատվածում նվազել է նրա գեղարվեստական գործունեությունը, նրա մոտ զարգացել է հիվանդությունը, ինչից էլ մահացել է 1855 թվականին։ Կյանքի վերջին տարիներին հիմնականում զբաղվել է իտալական տեսարաններով՝ հիմնվելով 1844-1846 թվականների իր ճանապարհորդությունների ընթացքում Հռոմի և Պալերմոյի շրջակայքում կատարած էտյուդների վրա։
Թաղվել է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը՝ կնոջ կողքին[3]։ 1936 թվականին աճյունը և հուշարձանը տեղափոխվել են Ալեքսանդր Նևսկի մայրավանքի արվեստի վարպետների գերեզմանատուն[4]։
Վորոբյովի ստեղծագործությունները ժամանակակիցների կողմից շատ բարձր են գնահատվել։ «Գեղեցիկ արվեստների ամսագիր» հանդեսի հրատարակիչ Նեստոր Կուկոլնիկը Վորոբյովի լավագույն աշխատանքներից մեկի «Տեսարան Կոստանդնուպոլսից» կտավի մասին հետևյալ կերպ է արտահայտվել․ «Դա նկար չէ, այլ ջրի, հողի և օդի ներբող»։ Վորոբյովի հեռավոր հորիզոնով բաց բնատեսարաններով լավագույն նկարներից են «Մեռյալ ծովը» և Նևայի որոշ տեսարաններ։ «Նևայի գիշերային տեսարանը», որի մասին հիշատակվել է վերևում, իր ոճով հիշեցնում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Ժոզեֆ Վերնեին։ Այնուամենայնիվ, մեր նկարիչը, ում հիմնական ուժը գծային և օդային հեռանկարչությունն է և գույների միջև փոխհարաբերությունների ողջամիտ ըմբռնումը, հաջող չի պատկերել ջուրը շարժման մեջ, հատկապես մեծ ալիքները։ Եթե Վորոբյովի ստեղծագործությունների թվում քիչ են զուտ գեղարվեստականները, ապա դա պետք է վերագրել ոչ թե նրա տաղանդի պակասին, այլ նրան, որ երկար տարիներ նա կախված էր կողմնակի ցուցումներից՝ կապված սյուժեների ընտրության և մասամբ դրանց մշակման մեթոդների հետ։ Դրանցից են, օրինակ, նրա նկարները՝ կապված 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմի, Երուսաղեմի սրբավայրերի հեռանկարչական կտավների մեծ մասը, շքերթների պատկերներ, հանդիսավոր մուտքեր և այլն, որոնցում գերիշխող պահանջ է եղել իրականությանը անվերապահ հավատարմությունը։ Վորոբյովի ստեղծագործության մեծ մասը ծառայողա-գեղարվեստական է, և միայն հազվադեպ դեպքերում է նա ազատորեն տրվել գեղարվեստական տրամադրությանը և փոխանցել ոչ միայն ընդարձակ համայնապատկերների ընդհանուր տպավորությունները, այլև առնչվել բնության խաղաղ կյանքին, ինչպես երևում է Պարգոլովոյի որոշ տեսարաններում։ Նրա ամենայուրատեսակ գեղարվեստական աշխատանքը, որն ավելի շատ համարձակ է, քան հաջողված, «Ամպրոպն» է (կայծակը հարվածում է ծառին), որտեղ մարդկային կերպարանքը թաքնվում է սարսափելի երևույթից, որը նկարելը գրեթե անհնարին օպտիկական խնդիր է։ Վորոբյովի նկարների տեխնիկան լի է գիտելիքներով, մտածված և ավարտված է, միևնույն ժամանակ ազատ։
Վորոբյովի գեղարվեստական էությունը դրսևորվել է նաև նրա երաժշտությամբ զբաղվելով, նա վարժ տիրապետել է ջութակին։
Վորոբյովին նյութապես աջակցել են կայսրը և այլ բարձրաստիճան անձինք իրենց պատվերներով, նրան ցմահ թոշակ է հատկացվել պաղեստինյան հանձնարարությունը հաջող կատարելու համար, բացի այդ, նա կտավներ է նկարել կոմս Ալեքսանդր Բենկենդորֆի և իշխան Միխայիլ Վորոնցովի համար և հաճախ կրկնօրինակել է իր լավագույն նկարներից մի քանիսը նրանց խնդրանքով։ Սակայն, ի վերջո, նրա ստեղծագործություններից շատերը ոչ ոք չի գնել և նկարիչն ունեցել է իր նկարների մի ամբողջ թանգարան, որոնք վաճառվել են միայն նրա մահից հետո՝ խաղարկվելով վիճակախաղով, որը մեծ հաջողություն չի ունեցել։
Վորոբյովի հիմնական նկարները գտնվել են պալատներում, կոմս Բենկենդորֆի Ֆալլ կալվածքում և մի քանի մասնավոր հավաքածուներում։ Էրմիտաժում է գտնվում «Գողգոթայի մատուռը»։ Ներկայումս նրանք չեն կարող ծառայել որպես ուղեցույց և օրինակ, բայց իր ժամանակ Վորոբյովը շատ բան է սովորեցրել ոչ միայն բնանկարիչների, այլև ժանրային նկարիչներին ու ճարտարապետներին։ Նա, ինչպես ոչ ոք, չի կարողացել տաղանդներ ստեղծել, ուստի իր ուսանողների երկար ցուցակում ավելի շատ աշխատավորներ են եղել (օրինակ՝ եղբայրներ Գրիգորի և Նիկանոր Չերենցովները), քան տաղանդներ։ Այնուամենայնիվ, վերջիններիս մեջ կան այնպիսի անուններ, ինչպիսիք են անժամանակ մահացած Միխայիլ Լեբեդևը, Լև Լագորիոն և Միխայիլ Կլոդտը, Ալեքսեյ Բոգոլյուբովը, Իվան Շիշկինը, սկզբում Վորոբյովի աշակերտներից են եղել նաև Ապոլլինարի Գորավսկին և Ալեքսանդր Գինեն։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)[фр.] : en 10 vol. / entièrement refondue, revue et corrigée sous la direction des héritiers de E. Bénézit. — Nouvelle edition. — Paris : Gründ, 1976. — T. 10 : Styrsky – Zyw. — P. 796. — 962 p. — ISBN 2-7000-0158-3. — .
[нем.] : in 37 Bd. / von H. Vollmer, B. C. Kreplin, H. Wolff, O. Kellner; herausgegeben von Hans Vollmer. — Leipzig : Verlag von E. A. Seamann, 1947. — Bd. 36 : Wilhelmy – Zyzywi. — S. 255. — 616 S. — .
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.