From Wikipedia, the free encyclopedia
Լամոնտ Մարսել Յակոբս (իտալ.՝ Lamont Marcell Jacobs, սեպտեմբերի 26, 1994[2][1][3][…], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1][4]), իտալացի սպրինտեր ու հեռացատկորդ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021 թվական)։ 2021 թվականի օգոստոսի 1-ին Յակոբսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել 100 մետր մրցատարածությունում՝ դառնալով չեմպիոն։
Յակոբսը 2020-21 թվականների մրցաշրջանն ավարտել է որպես 60 մետր վազքի համաշխարհային վարկանիշի առաջատար[5]։
Յակոբսի մայրը իտալուհի է, իսկ հայրը ծնունդով Տեխասից է (ծնվել է Էլ Պասոյում)։ Տեխասում Յակոբսն ապրել է ընդամենը մեկ ամիս, որից հետո հորը գործուղել են Հարավային Կորեա, և նա մոր հետ տեղափոխվել է Դեզենցանո դել Գարդա[6][7]։ Լամոնտ Մարսելն այնտեղ 10 տարեկանում սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով՝ սկզբում նախընտրելով սպրինտը, իսկ 2011 թվականին իր համար բացահայտել է հեռացատկը։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Հռոմ[7], որտեղ ապրում է իր ընկերուհու՝ Նիկոլի և երկու երեխաների՝ Էնթոնիի և Մեգանի (ծնվել են 2019 և 2021 թվականին) հետ։ Յակոբսն ունի մեկ այլ որդի ևս՝ Ջերեմին (ծնվ.՝ 2013) նախորդ հարաբերություններից, երբ նա 19 տարեկան էր[8]։
2016 թվականին Յակոբսը հաղթել է Իտալիայի աթլետիկայի առաջնությունում (հեռացատկ)։ 8,07 մետր անձնական ռեկորդով նա 10-րդ տեղն է զբաղեցրել ԻԱԱՖ-ի համաշխարհային վարկանիշում՝ 2017 թվականի թեթևատլետային սեզոնի արդյունքներով[9]։ Իտալիայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա ցատկել է 8,48 մետր, ինչը իտալացու համար լավագույն ցուցանիշն է դարձել, թեև այդ արդյունքը չի կարելի ազգային ռեկորդ ճանաչել +2,8 մետր/վ արագությամբ քամու պատճառով (հաշվվում է մինչև +2,0 մետր/վ)[10][11]։
2021 թվականի մայիսի 13-ին Սավոնայում Յակոբսը 100 մետր վազքի Իտալիայի ռեկորդ է սահմանել՝ 9,95 վ արդյունքով[12], իսկ պատմության մեջ դարձել է 150-րդ մարդը, որը հաղթահարել է 10 վայրկյանանոց արգելքը։ 2021 թվականի հունիսի 26-ին, չնայած -1,0 մ/վ արագությամբ հանդիպակաց քամուն, նա գերազանցել է Իտալիայի առաջնության ռեկորդը Ռովերետոյում՝ 10,01 վրկ արդյունքով և նվաճել է չորրորդ անընդմեջ ազգային տիտղոսը։
Երբ Մարսել Յակոբսին հարցրել են նրա ծագման մասին, նա ասել է, որ իրեն զգում է 100 տոկոսով իտալացի՝ խոստովանելով, որ շատ լավ չի խոսում անգլերեն[13]։
2021 թվականի օգոստոսի 1-ին դարձել է օլիմպիական չեմպիոն 100 մետր մրցատարածությունում՝ եզրափակչում ցույց տալով 9,80 վ ժամանակ, որն անձնական ռեկորդ է[14]:
2021 թվականի օգոստոսի 6-ին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն տղամարդկանց 4х100 մետր փոխանցումավազքում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.