իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Տարդելլի, (Իտալերեն արտասանություն՝ [ˈmarko tarˈdɛlli], սեպտեմբերի 24, 1954[2][3], Կարեջինե, Լուկա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, մենեջեր։ Իր կարիերան սկսել է «Պիզա» ֆուտբոլային ակումբում, իսկ ավելի ուշ հանդես է եկել «Կոմո», «Յուվենտուս» և «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբներում՝ նախքան շվեյցարական «Սանկտ Գալեն» ակումբում կարիերան ավարտելը։ Նա շատ հաջող կարիերա է անցկացրել «Յուվենտուսում»՝ նվաճելով հինգ չեմպիոնական տիտղոսներ, ինչպես նաև Իտալիայի գավաթի մի քանի տիտղոսներ և ՈՒԵՖԱ-ի չորս խոշոր մրցաշարեր (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան, Գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը)՝ դառնալով ՈՒԵՖԱ-ի բոլոր երեք խոշոր ակումբային մրցաշարերում հաղթած առաջին երեք խաղացողներից մեկը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» թիմակիցներ Անտոնիո Կաբրինիի և Գաետանո Շիրեայի հետ միասին[5]։
Տարդելլին հաջողության է հասել նաև Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Նա իր երկիրը ներկայացրել է ֆուտբոլի Աշխարհի երեք առաջնություններում (1978, 1982 և 1986 թվականներին)՝ հաղթելով 1982 թվականի մրցաշարում։ 1982 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ եզրափակչում նրա խփած գոլը տոնելը համարվում է Աշխարհի առաջնությունների պատմության ամենանշանավոր պահերից մեկը[6][7]։ Մասնակցել է նաև ՈՒԵՖԱ Եվրո 1980-ին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը և ընդգրկվել է մրցաշարի թիմի կազմում։
Համարվելով Իտալիայի մեծագույն կիսապաշտպաններից և իր սերնդի լավագույն խաղացողներից մեկը՝ Տարդելլին եռանդուն և միևնույն ժամանակ տեխնիկապես հմուտ երկկողմանի կիսապաշտպան էր, որը հայտնի էր ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ ներդրում ունենալու ունակությամբ[8][9][10][11]։ 2015 թվականին նա ընդգրկվել է իտալական ֆուտբոլի Փառքի սրահում։
Որպես մենեջեր՝ Տարդելլին սկզբում աշխատել է Իտալիայի մինչև 16 տարեկանների թիմի հետ, իսկ ավելի ուշ եղել է Չեզարե Մալդինիի օգնականը մինչև 21 տարեկանների թիմում։ Հետագայում նա գլխավորել է մի քանի ակումբներ Իտալիայում, այնուհետև դարձել է Իտալիայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ հաղթելով 1997 թվականի Միջերկրածովյան խաղերում և 2000 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում, որից հետո վերադարձել է մարզչական աշխատանքի ակումբային մակարդակում։ 2004-2005 թվականներին նա նաև ղեկավարել է Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականը, մինչդեռ 2008-2013 թվականներին աշխատել է որպես Ջովաննի Տրապատտոնիի օգնականը Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Տարդելին ծնվել է Լուկա գավառի Կարեջինեում։ Կարիերան սկսել է 1972 թվականին, «Պիզա» ֆուտբոլային ակումբում, իտալական Սերիա C խմբում։ Երկու տարի անց նա խաղացել է Սերիա B խմբի «Կոմո» ակումբի հետ, նախքան հաջորդ տարի՝ 1975 թվականի հոկտեմբերին, միանալով Սերիա A խմբի «Յուվենտուս» ակումբին[10][11]։
Թուրինյան ակումբում իր տասնամյա պաշտոնավարման ընթացքում նա մեծ հաջողությունների է հասել՝ դառնալով առաջին երեք խաղացողներից մեկը, որը թիմակիցներ Անտոնիո Կաբրինիի և Գաետանո Շիրեայի հետ հաղթել է եվրոպական բոլոր երեք խոշոր մրցաշարերում (1977 թվականի ՈՒԵՖԱ Գավաթը, 1984 թվականի Գավաթակիրների գավաթը և 1985 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան)[5]։ «Յուվենտուսի» հետ նա նաև նվաճել է իտալական Սերիայի A-ի հինգ առաջնություն և Իտալիայի գավաթի երկու տիտղոս, ինչպես նաև 1984 թվականի Եվրոպայի Սուպերգավաթը[10][11]։
Նա որոշիչ գոլ է խփել 1977 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի առաջին խաղում «Աթլետիկ Բիլբաո» ակումբին՝ ինչի արդյունքում «Յուվենտուսը» նվաճել է Եվրոպայի առաջին տիտղոսը[10][11]։
Ընդհանուր առմամբ Տարդելլին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 376 հանդիպում և դարձել է 51 գոլի հեղինակ[10][11]։ Նա թուրինյան ակումբից հեռացել է 1985 թվականին՝ տեղափոխվելով «Ինտեր», որտեղ մնացել է մինչև 1987 թվականը, մինչև 1988 թվականին կարիերան ավարտելը՝ շվեյցարական «Սանկտ Գալեն» ակումբում մրցաշրջան անցկացնելուց հետո[10][11]։
Տարդելլին միջազգային մակարդակով իր նորամուտը նշել է 1976 թվականի ապրիլի 7-ին՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[12]։ Նա խաղացել է 1978 թվականի աշխարհի առաջնությունում և 1980 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, հասել է կիսաեզրափակիչ և երկու մրցաշարերում զբաղեցրել է չորրորդ տեղը, ինչպես նաև ընդգրկվել է Եվրո 80-ի հավաքականի կազմում։ Նա իրեն լավ է դրսևորել հատկապես 1982 թվականի Աշխարհի առաջնությունում Իտալիայի հաղթական արշավի ժամանակ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նրա առաջին գոլը գրանցվել է խմբային փուլի երկրորդ տուրի՝ Արգենտինայի դեմ խաղում, իսկ մրցաշարի երկրորդ հիշարժան գոլը՝ Արևմտյան Գերմանիայի դեմ եզրափակչում, տուգանայինից ձախ ոտքի հարվածով։ Երկրորդ գոլի տոնակատարությունը համարվում է 1982 թվականի Աշխարհի առաջնությունում Իտալիայի հաղթանակի գլխավոր խորհրդանիշներից մեկը[10][11][13]։
2014 թվականին 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ գոլի նրա հայտնի տոնակատարությունը Բրիտանական հեռարձակման կորպորացիան կոչեց Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների չորրորդ կարևորագույն պահը[14]։ Նա ընդհանուր առմամբ 81 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում՝ իր վերջին խաղը անցկացնելով Նորվեգիայի դեմ 1985 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև եղել է Իտալիայի հավաքականի ավագը 1983-1985 թվականներին[12]։ 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես է եկել հավաքականի կազմում, սակայն չի խաղացել: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1988 թվականին[10][11]։
1980-ականների սկզբին Տարդելլին համարվում էր աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը[8][9][15][16]։ Արագ, համառ և եռանդուն խաղացող՝ լավ ոտքերով, նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն իտալացի կիսապաշտպաններից մեկը և երկկողմանի կիսապաշտպան էր, որը հայտնի էր որպես ֆուտբոլիստ իր մարտավարական խելքով, բազմակողմանիությամբ և աշխատանքի արագությամբ, ինչը թույլ էր տալիս նրան խաղալ կիսապաշտպանության ցանկացած վայրում։ Չնայած այն հանգամանքին, որ նա սովորաբար խաղում էր կենտրոնում ավելի հարձակողական կիսապաշտպանի դիրքում, նա իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև մի քանի այլ դիրքերում և ունակ էր խաղալ որպես պաշտպան․ իր վաղ կարիերայի ընթացքում նա խաղում էր որպես եզրային պաշտպան դաշտի երկու կողմերում, ինչպես նաև որպես կենտրոնական պաշտպան՝ շնորհիվ իր վարպետության նշանառության և գնդակ շահելու կարողությունների[9][10][11][15][16][17][18][19][20][21]։ Չնայած Տարդելին հիմնականում հայտնի էր իր արագությամբ, դիմացկունությամբ և պաշտպանական հմտություններով[8][9][11], նա նաև ուներ հզոր հարված և ունակ էր հարվածել և գնդակը փոխանցել ցանկացած ոտքով[11][22]։ Իր հիանալի արագության և սլացիկ կազմվածքի պատճառով «Յուվենտուսից» Տարդելլիի թիմակից Լուչանո Սպինոզին նրան տվել է իտալական «Schizzo» մականունը[17][23][24]։ 2007 թվականին Թայմս անգլիական օրաթերթը Տարդելլիին դասել է պատմության 50 ամենաուժեղ ֆուտբոլիստների ցուցակի 10-րդ հորիզոնականում[25]:
Տարդելին իր մարզչական կարիերան սկսել է որպես Իտալիայի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ 1988 թվականին՝ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից անմիջապես հետո։ Երկու տարի անց նա դարձել է գլխավոր մարզիչ Չեզարե Մալդինիի օգնականը Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում: 1993 թվականին նա անցել է «Կոմո» ակումբ։ Նա գլխավորել է «Կոմոն»՝ բարձրանալով Սերիա B խումբ, բայց չի կարողացել խուսափել անկումից։
1995 թվականին նա գլխավորել է «Չեզենա» ֆուտբոլային ակումբը, որը Սերիա B խմբի թիմ էր։ Տարդելլին երեք մրցաշրջան է անցկացրել «Չեզենայում»՝ նախքան մեկնելը և դառնալով Իտալիայի մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ: Հաջորդ տարի նա նվաճել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, ինչպես նաև մարզել է Իտալիայի հավաքականը, որը մասնակցել է 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և հասել է քառորդ եզրափակիչ։ Տարդելլին դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչը 2000/01 մրցաշրջանում։
Տարդելին որոշ ժամանակ եղել է իր նախկին «Յուվենտուսի» վարչական խորհրդի կազմում 2006 թվականին, նախքան 2007 թվականին հրաժարական տալը, ենթադրաբար ակումբի զարգացման ուղղության վերաբերյալ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով[26]։ 2008 թվականի փետրվարին միացել է Իռլանդիայի Հանրապետության ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ որպես նորանշանակ գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատտոնիի օգնական։ Նա վերամիավորվել է «Յուվենտուսի» նախկին թիմակից Լիամ Բրեդիի հետ, որը նույնպես նշանակվել է Տրապատտոնիի օգնական։
Տարդելլին Իռլանդիայի հավաքականից հեռացել է 2013 թվականի սեպտեմբերի 11-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ մեկ օր առաջ Ավստրիայից կրած պարտությունից հետո[27]։
Տարդելլին աշխատավոր դասի ընտանիքից էր և չորս երեխաներից կրտսերն էր։ Նրա հայրը բանվոր էր, իսկ մայրը տնային տնտեսուհի։ Դպրոցական տարիներին նա գումար է վաստակել՝ աշխատելով որպես մատուցող։
1991 թվականին իտալացի դերասանուհի Մոանա Պոցին պնդում էր, որ սիրավեպ է ունեցել Տարդելլիի հետ[28]։
Տարդելլին ունի երկու երեխա․ դուստրը՝ Սառան (լրագրող) առաջին ամուսնությունից[29] և որդին՝ Նիկոլան (մոդել) լրագրող Ստելլա Պենդեի հետ հարաբերություններից[30]։
2016 թվականից Տարդելին հարաբերությունների մեջ է լրագրող Միրտա Մերլինոյի հետ[31]։ Տարդելլին մեկն էր ավելի քան 80 իտալացի հայտնիներից, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ հօգուտ 2016 թվականի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի[32]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Ելույթներ | Գոլեր | Ելույթներ | Գոլեր | Ելույթներ | Գոլեր | Ելույթներ | Գոլեր | ||
«Պիզա» | 1972–73 | Սերիա C | 8 | 2 | – | – | 8 | 2 | ||
1973–74 | 33 | 2 | – | – | 33 | 2 | ||||
Ընդհանուր | 41 | 4 | – | – | 41 | 4 | ||||
«Կոմո» | 1974–75 | Սերիա B | 36 | 2 | – | 36 | 2 | |||
Յուվենտուս | 1975–76 | Սերիա A | 26 | 2 | 4 | 0 | 3[Ն 1] | 0 | 33 | 2 |
1976–77 | 28 | 4 | 4 | 1 | 12[Ն 2] | 2 | 44 | 7 | ||
1977–78 | 26 | 4 | 4 | 1 | 6[Ն 1] | 1 | 36 | 6 | ||
1978–79 | 29 | 4 | 9 | 3 | 2[Ն 1] | 0 | 40 | 7 | ||
1979–80 | 18 | 4 | 2 | 0 | 7[Ն 3] | 0 | 27 | 4 | ||
1980–81 | 28 | 7 | 6 | 0 | 3[Ն 2] | 1 | 37 | 8 | ||
1981–82 | 22 | 3 | 4 | 1 | 3[Ն 1] | 0 | 29 | 4 | ||
1982–83 | 26 | 5 | 10 | 1 | 8[Ն 1] | 3 | 44 | 9 | ||
1983–84 | 28 | 0 | 6 | 1 | 8[Ն 3] | 1 | 42 | 2 | ||
1984–85 | 28 | 2 | 6 | 0 | 9[Ն 4] | 1 | 43 | 3 | ||
Ընդհանուր | 259 | 35 | 55 | 8 | 61 | 9 | 375 | 52 | ||
Ինտեր | 1985–86 | Սերիա A | 19 | 2 | 7 | 2 | 9[Ն 2] | 3 | 34 | 7 |
1986–87 | 24 | 0 | 7 | 1 | 6[Ն 2] | 0 | 37 | 1 | ||
Ընդհանուր | 43 | 2 | 14 | 3 | 14 | 3 | 71 | 8 | ||
«Սանկտ Գալեն» | 1987–88 | Շվեյցարիայի Սուպերլիգա | 14 | 0 | – | 14 | 0 | |||
Ընդհանուր կարիերա | 393 | 43 | 69 | 11 | 75 | 12 | 537 | 66 |
Թիմ | Երկիր | Սկիզբ | Ավարտ | Տվյալներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հաղթ% | ||||
«Կոմո» | 26 հունիսի 1993 | 13 հունիսի 1995 | 79 | 23 | 26 | 30 | 29,11 | |
«Չեզենա» | 13 հունիսի 1995 | 25 հոկտեմբերի 1996 | 48 | 15 | 13 | 20 | 31,25 | |
Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական | 18 դեկտեմբերի 1997 | 10 հոկտեմբերի 2000 | 25 | 18 | 5 | 2 | 72,00 | |
Ինտեր | 7 հոկտեմբերի 2000 | 19 հունիսի 2001 | 41 | 15 | 14 | 12 | 36,59 | |
«Բարի ՖԱ» | 29 դեկտեմբերի 2002 | 11 նոյեմբերի 2003 | 39 | 11 | 15 | 13 | 28,21 | |
Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքական | 25 մարտի 2004 | 11 հոկտեմբերի 2004 | 8 | 5 | 1 | 2 | 62,50 | |
«Արեզզո ՖԱ» | 28 փետրվարի 2005 | 21 ապրիլի 2005 | 6 | 2 | 1 | 3 | 33,33 | |
Ընդհանուր | 246 | 89 | 75 | 82 | 36 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.