From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Եվֆրոսինա Սպարտալի (անգլ.՝ Marie Euphrosyne Spartali, հետագայում՝ Սթիլման, անգլ.՝ Stillman, մարտի 10, 1844[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մարտի 6, 1927[1][2] կամ մարտի 1, 1927[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][3]), հունական ծագմամբ բրիտանացի պրեռաֆայելիտ նկարչուհի։ Վաթսունամյա գործունեության ընթացքում ստեղծել է ավելի քան հարյուր աշխատանքներ, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատկերասրահներում։
Մարիա Սպարտալի Սթիլման | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1844[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանվել է | մարտի 6, 1927[1][2] (82 տարեկան) կամ մարտի 1, 1927[3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի և մոդել |
Ոճ | Պրեռաֆայելիտներ[5] |
Ժանր | Պրեռաֆայելիտներ, դիմապատկեր[6], կրոնական նկարչություն[6] և բնանկար[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Սիրո սուրհանդակ |
Ամուսին | Ուիլյամ Ջեյմս Սթիլման[7] |
Marie Spartali Stillman Վիքիպահեստում |
Մարիա Սպարտալին եղել է հարուստ առևտրական Միխայիլ Սպարտալիի (1818-1914) կրտսեր դուստրը։ Միխայիլ Սպարտալին «Spartali & Co» ֆիրմայի ղեկավարն էր Լոնդոնում Հունաստանի գլխավոր հյուպատոսը 1866-1882 թվականներին։ Նա Լոնդոն է մեկնել մոտ 1828 թվականին[8]։ Լոնդոնում էլ ամուսնացել էր Եվֆրոսինայի (հայտնի է որպես Էֆֆի, օրիորդական ազգանունը՝ Վարսամի, 1842-1913) հետ, որը Ջենովայից հույն վաճառականի դուստր էր։
Ընտանիքն ապրել է Քլեֆեմ Քոմոնում գեորգյան տանը, որը հայտնի էր «The Shrubbery» անվամբ, ուներ ընդարձակ այգի և բացվում էր տեսարան դեպի Թեմզան ու Չելսին։ Ամռան ամիսները նրանք անցկացրել են Ուայթ կղզու իրենց տանը, որտեղ Մարիայի հայրը իր հողերում մշակել է խաղող։ Լոնդոնում Միխայիլ Սպարտալին հաճախ անցակցրել է պարտեզային երեկույթներ, ուր հրավիրել է հույսեր ներշնչող երիտասարդ գրողների և նկարիչների։
Մարիա Սպարտալին և նրա զարմուհիները՝ Մարիա Զամբակոն և Ագլայա Կորոնիոն, ընկերների շրջապատում հայտնի էին «Երեք Գրացիաներ» անունով՝ ի պատիվ հին հունական դիցաբանության երեք Քարիտներ Ագլայայի, Եփրոսինայի և Թալիայի, որովհետև երեքն էլ հունական ծագմամբ հայտնի գեղեցկուհիներ էին։ Հույն ձեռնարկատեր Ա. Իոնիդեսի (1810-1890) տանը Մարիան և նրա քույր Քրիստինան (1846-1884) առաջին անգամ հանդիպել են Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի և Սուինբյորնի հետ։ Սուինբյորնը այնքան տպավորված է եղել, որ Սպարտալիի մասին ասել է. «Նա այնքան գեղեցիկ է, որ ես ուզում եմ նստել և լաց լինել»[9]։ Մարիայի արտաքինը տպավորություն էր թողնում. նրա հասակը մոտ 190 սմ էր, իսկ ավելի ուշ տարիներին նա հագնում էր երկար ցած իջնող սև հանդերձանք՝ ժանյակե գլխանոցով, ինչը մեծ ուշադրություն էր գրավում նրա հանդեպ։
Սկսած 1864 թվականից՝ մի քանի տարի Սպարտալին սովորել է Ֆորդ Մեդոքս Բրաունի մոտ նրա երեխաներ Լյուսիի, Քեթրինի և Օլիվերի հետ։ Դանթե Գաբրիել Ռոսսետտին, լսելով, որ Մարիան դարձել է Բրաունի աշակերտուհին, նամակ է գրել նրան 1864 թվականի ապրիլի 26-ին. «Ես հենց նոր լսեցի, որ միսս Սպարտալին լինելու է Ձեր աշակերտուհին։ Ես նաև լսել եմ, որ նա այն նույն զմայլեցուցիչ գեղեցկուհին է, որի մասին այդքան շատ են խոսում։ Այդ իսկ պատճառով թաքցրեք նրան և ոչ մեկի ցույց մի տվեք։ Ես ուզում եմ, որ նա առաջինը ինձ համար կեցվածք ընդունի»։ Մարիան Ռոսսետտի համար առաջին անգամ կեցվածք է ընդունել 1867 թվականին։ Օգոստոսի 14-ին Ռոսսետտին գրել է Ջեյն Մորիսին. «Ես նրա գլուխը համարում եմ ամենաբարդը բոլոր նրանցից, ում երբևէ նկարել եմ։ Դա կապված է ոչ այնքան ձևերի հետ, որքան կյանքի նուրբ հմայքի, որն անհնար է վերստեղծել»։
Նա կեցվածք է ընդունել Ֆորդ Մեդոքս Բրաունի, Բյորն-Ջոնսի («Ջրաղաց»), Ջուլյա Մարգարեթ Քամերոնի, Ռոսսետտիի («Ֆյամետտայի տեսիլք», «Դանթեի տեսիլքը», («Տաղավար մարգագետնի վրա»), Սփենսեր-Սթենհոուփի համար։
1871 թվականին, հակառակ ծնողների ցանկությանը, Մարիա Սպարտալին ամուսնացել է ամերիկացի լրագրող և նկարիչ Ուիլյամ Ջեյմս Սթիլմանի հետ։ Մարիան նրա երկրորդ կինն էր, առաջին կինը երկու տարի առաջ ինքնասպան էր եղել։ Զույգը միասին կեցվածք էր ընդունել Ռոսսետտիի համար, սակայն հստակ հայտնի չէ, արդյոք դա նրանց առաջին հանդիպումն էր։ Սթիլմանն աշխատել է ամերիկյան «The Crayonne» ամսագրում, ավելի ուշ եղել է «Թայմսի» արտասահմանյան թղթակիցը։ Արտասահմանյան թղթակցի աշխատանքի պատճառով ամուսինները 1878-1883 թվականներին հաճախ են իրենց ժամանակը կիսել Լոնդոնի և Ֆլորենցիայի մեջ, ապա 1889-1896 թվականներին՝ Հռոմի։ Մարիան նաև ճանապարհորդել է Ամերիկայում և միակ բրիտանացի պրեռաֆայելիտ նկարիչն է եղել, որն աշխատել է Միացյալ Նահանգներում։ Զույգն ունեցել է երեք երեխա։
Մարիա Սպարտալի Սթիլմանը մահացել է 1927 թվականի մարտին Հարավային Քենսինգտոնում և դիակիզվել է Բրուքվուդի գերեզմանատանը, որտեղ և թաղվել է ամուսնու հետ։
Մարիա Սպարտալի Սթիլմանի աշխատանքների թեման բնութագրական է պրեռաֆայելիտ նկարիչների համար՝ կանանց կերպարներ, Ուիլյամ Շեքսպիրի, Ֆրանչեսկո Պետրարկայի, Դանթե Ալիգիերիի, Ջովաննի Բոկաչչոյի ստեղծագործությունների տեսարաններ, ինչպես նաև իտալական բնանկարներ։ Նրա ցուցադրություններն ընթացել են Դադլի պատկերասրահում, Գրոսվենոր պատկերասրահում և դրան հաջորդող Նոր պատկերասրահում (անգլ.՝ The New Gallery), Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ԱՄՆ արևելքի բազմաթիվ պատկերասրահներում, ներառյալ 1876 թվականին Ֆիլադելֆիայի համաշխարհային ցուցահանդեսը։ 1982 թվականին ԱՄՆ-ում ներկայացվել է նրա աշխատանքների հիշատակի ցուցադրությունը։
Դևիդ Էլիոթը իր գրքում հաշվարկել է Մարիա Սպարտալի Սթիլմանի ավելի քան 170 նկար։ Ստորև ներկայացված են նկարչուհու ամենահայտնի, այլ գրքերում հիշատակված նկարները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.