քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Մարդու խորիոնային գոնադոտրոպին, խորիոնի կողմից արտադրովող հորմոն։ Այն սկսվում է արտադրվել սաղմի իմպլանտացիայից 6-8 օր հետո և հղիության բնականոն ընթացքի կարևորագույն բնութագրիչ է։ Ինչպես լյութեինացնող և ֆոլիկուլախթանող հորմոնները, այնպես էլ մարդու խորիոնային գոնադոտրոպինը պատկանում է գոնադոտրոպինային հորմոնների դասին, սակայն նրանցից տարբերվում է մոլեկուլում որոշ ամինաթթունների հաջորդականությամբ։ Սկսվում է արտադրվել հղիության սկզբից, քանակությունը մի քանի հազար անգամ ավելանում է հղիության 7-11 շաբաթներում, այնուհետ աստիճանաբար սկսում է նվազել։
Հորմոնի՝ մեզի մեջ գտնվող β ենթամիավորների որակական որոշման վրա է հիմնված հղիության թեստը։ Հղիության ընթացքում խորիոնային գոնադոտրոպինի ցածր մակարդակը կամ աճման նվազումը վկայում է ինքնակամ վիժման վտանգի կամ արտարգանդային հղիության առկայության մասին։
Տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ արյան մեջ խորիոնային գոնադոտրոպինի առկայությունը վկայում է այդ հորմոնը արտադրող ուռուցքի առկայության մասին։
Խորիոնային գոնադոտրոպինը իր քիմիական կառուցվածի տեսանկյունից պատկանում է գլիկոպրոտեինների դասին և կազմված է երկու՝ α և β ենթամիավորներից։ α ենթամիավորը իր կառուցվածքով նույնական է լյութեինացնող, ֆոլիկուլախթանող և թիրեոտրոպ հորմոններին։ β ենթամիավորը յուրահատուկ է և բնորոշ է միայն այս հորմոնին. հենց այս մասով էլ խորիոնային գոնադոտրոպինը տարբերվում է վերոնշյալ հորմոններից։
Խորիոնային գոնադոտրոպինը կազմված է 237 ամինաթթուներից և ունի 36.7 կԴտ մոլեկուլային զանգված[1]։
Խորիոնային գոնադոտրոպինը, ինչպես լյութեինացնող և ֆոլիկուլախթանող հորմոնները, օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ և նրանց նման միանում է գոնադոտրոպինային ընկալիչներին։ Նրա լյութեինացնող հատկությունը գերազանցում է ֆոլիկուլախթանող հատկությանը և այս տեսակետից գերազանցում է մակուղեղի առաջնային բիլթի կողմից արտադրվող «սովորական» լյութեինացնող հորմոնին։
Պտղի ընկերքի կողմից արտադրվող խորիոնային գոնադոտրոպինի շնորհիվ հղիների մոտ դեղին մարմինը գոյատևում է 10-12 շաբաթ և արտադրում է էստրոգեն և պրոգեստերոն՝ապահովելով հղիության համար այդ կարևոր հորմոնների նորմալ մակարդակը մինչև այն ժամանակ,երբ ընկերքը ի վիճակի կլինի ինքն արտադրել տվյալ հորմոնների նորմալ քանակությունը։ Հղիների մոտ խորիոնային գոնադոտրոպինի ազդեցությամբ դեղին մարմինը ապահովում է պրոգեստերոնի բարձր մակարդակ, որը ոչ հղիների մոտ ֆիզիոլոգիապես անհնար է։ Այն նաև ձվարանների ֆոլիկուլներին ստիպում է արտադրել էստրոգեններ և թույլ անդրոգեններ։
Խորիոնային գոնադոտրոպինը ունի նաև կորտիկոտրոպ ազդեցություն, և ակտիվացնում է մակերիկամների կեղևային շերտում ստերոիդոգենեզը և ապահովում է հղիության ընթացքում մակերիկամների հիպերպլազիան։
Գլյուկոկորտիկոիդների արտադրությունը նպաստում է օրգանիզմի՝սթրեսսների նկատմամբ կայունության բարձրացմանը,որոնք նկատվում են հղիության ընթացքում։ Դրանք նաև ունեն իմունոսուպրեսիվ ազդեցություն և նպաստում են արգանդում կիսով չափ օտար մարմնի ներդրմանը և զարգացմանը։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ մակուղեղի գոնադոտրոպինները չունեն այսպիսի հատկություններ։
Խորիոնային գոնադոտրոպինը մեծ նշանակություն ունի նաև ընկերքի գործառական ակտիվության զարգացման և պահպանման համար,բարելավում է նրա աճը և ավելացնում է թավիկների քանակությունը։
Արտածին խորիոնային գոնադոտրոպինի ներմուծումը կանաց մոտ բարձրացնում է էստրոգենների և պրոգեստերոնի արտադրությունը ձվարանների կողմից,ինչպես նաև բերում է տարաժամկետ օվուլյացիայի և պատռված դեղին մարմնի լյութեինացման։
Տղամարդկանց մոտ արտածին հորմոնը խթանում է սպերմատոգենեզը և սեռական հորմոնների արտադրությունը։
Հղիության դեղատնային թեստը հիմնված է խորիոնային հորմոնի մեզի մեջ որոշման վրա։ Հղիության ավելի ստույգ որոշման համար իրականացնում են արյան մեջ հորմոնի քանակական չափում։
Ոչ հղի կանաց և տղամարդկանց մոտ խորիոնային գոնադոտրոպինի բարձր մակարդակը վկայում է լուրջ հիվանդությունների մասին։
Խորիոնային գոնադոտրոպինի ցածր մակարդակը հղիների մոտ կարող է վկայել հղիության ժամանակահատվածի սխալ հաշվարկի կամ լուրջ խանգարումների մասին։
Ժամկետ(բեղմն.) | Քանակ (uIU/mL) |
1—2 շաբաթ | 25—155 |
2—3 շաբաթ | 101—4870 |
3—4 շաբաթ | 1110—31500 |
4—5 շաբաթ | 2560—82300 |
5—6 շաբաթ | 23100—151000 |
6—7 շաբաթ | 27300—233000 |
7—11 շաբաթ | 20900—291000 |
11—16 շաբաթ | 6140—103000 |
16—21 շաբաթ | 4720—80100 |
21—39 շաբաթ | 2700—78100 |
Կեղծ բացասական արժեքներ կարող են ստացվել.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.