Մասնակից:Sembeot/Օցու
From Wikipedia, the free encyclopedia
Քսավյե Դոլան (ֆր.՝ Xavier Dolan, ), կանադացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, կրկնօրինակող-հնչյունավորող, կինոխմբագիր, մոնտաժող, ֆիլմերի հագուստի ձևավորող և մոդել:
Դոլանն իր գործունեությունը սկսել է դեռևս մանուկ հասակում որպես դերասան՝ նկարահանվելով կանադական հեռուստատեսության որոշ գովազդային հոլովակներում: Սկսած քսան տարեկան հասակից Դոլանը հեղինակել է թվով ութ «արտ հաուս» ֆիլմեր, դրանք են՝ «Ես սպանեցի մորս» (2009), «Երևակայական սեր» (2010), «Եվ միևնույնն է Լորենս» (2012), «Թոմը ագարակում» (2013), «Մայրիկ» (2014), «Սա միայն աշխարհի վերջն է» (2016), «Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը» (2018) և «Մաթիաս և Մաքսիմ» (2019): Որպես ռեժիսոր միջազգային ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի թողարկումից հետո (ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում): Դոլանին հաճախ անվանում են «քվեբեկյան կինոյի վունդերքինդ»[1][2][3][4]:
Դոլանը հայտնի է նաև որպես երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր: 2013 թվականին նա հեղինակել է ֆրանսիական «Indochine» ռոք խմբի «College Boy» երգի տեսահոլովակը, իսկ 2015 թվականին՝ հանրահայտ անգլիացի երգչուհի Ադելի «25» ալբոմի առաջին սինգլ «Hello» երգի տեսահոլովակը: Դոլանի գործունեության մեջ զգալի տեղ ունեն անգլալեզու ֆիլմերի ֆրանսերեն կրկնօրինակման և հնչյունավորման աշխատանքները, ընդհանուր առմամբ նա կրկնօրինակել ու հնչյունավորել է 150-ից ավելի գեղարվեստական, հեռուստատեսային և անիմացիոն ֆիլմեր ու սերիալներ:
Քսավյե Դոլանը արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ութ պարգևների, այդ թվում՝ գրան-պրի մրցանակի «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմի համար և ժյուրիի մրցանակի «Մայրիկ» ֆիլմի համար: Դոլանը նաև «Սեզար» մրցանակի (եռակի) և մի շարք այլ կինոմրցանակների դափնեկիր է: