Մասնակից:Badalyan Sergey/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Հղիության ժամանակ ՁԻԱՀ-ով վարակվելն ունի բարձր ռիսկ՝ վիրուսը մորից պտղին փոխանցելու համար, որը հանդիպում է գլխավորապես երեք դեպքերում․ հղիության, ծննդալուծման և կրծքով կերակրման ժամանակ։ Սա բավականին կարևոր թեմա է, քանի որ, բժշկական համապատասխան միջամտություն ցուցաբերելու պարագայում, վիրուսի փոխանցման ռիսկը կարող է նշանակալիորեն նվազել, իսկ առանց բուժման ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարող է օրգանիզմի լրջագույն հյուծման և անգամ մահվան պատճառ լինել թե՛ մոր, թե՛ երեխայի համար։ Հիվանդությունների վերահսկման կենտրոններն (անգլ․՝ The Centers for Disease Control (CDC)) առանձնակի ուշադրություն են դարձնում այս խնդրին՝ առողջապահական համապատասխան ծրագրեր մշակելով։ 2014-ից 2017 թվականների ընթացքում Ամերիկայի միացյալ նահանգներում և Պուերտո Ռիկոյում, որտեղ հիմնականում հասանելի է նախածննդյան խնամքը, 10,257 նորածիններ մոր արգանդում ենթարկվել են ՁԻԱՀ-ի ազդեցությանը, բայց չեն վարակվել, իսկ 244-ը վարակվել են[1]։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանության բեռը, ներառյալ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, անհամաչափորեն ազդում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա, մասնավորապես՝ Հարավային Աֆրիկայի երկրների[2]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ ամեն տարի հղիացել է ՄԻԱՎ-ով ապրող 1․3 միլիոն կին և աղջիկներ[3]։
Նախածննդյան շրջանի համապատասխան մշտադիտարկումը, հակառետրովիրուսային թերապիայի (անգլ․ հապավում՝ ART) միջոցով ՄԻԱՎ-ի բուժումը և ծննդաբերությունից հետո առաջարկվող խորհուրդներին հետևողական լինելն օգնում են նվազեցնել թե՛ նորածինների շրջանում ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը, թե՛ մայրական հիվանդացությունը։ Նշանակալի է այն փաստը, որ առանց հակառետրովիրուսային թերապիայի, մանկաբարձական միջամտությունների և կրծքով ճիշտ կերակրելու խորհուրդների, ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը մոտ 30% է[4]։ Ռիսկը նվազում է մինչև 1%-ից քիչ, երբ պահպանվում են վերոնշյալ ուղեցույցերը[5]։ Այս փաստը հաշվի առնելով՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան համալսարանն (անգլ․՝ The American College of Obstetrics and Gynecology (ACOG)) առաջարկում է իրականացնել ՄԻԱՎ-ի պարբերական թեստավորումներ նախքան հղիությունն ու հղիության առաջին եռամսյակի ընթացքում[6]։
ՄԻԱՎ-ով վարակվելը հղիանալու հակացուցում չէ։ ՄԻԱՎ կրող կանանց, ովքեր ցանկանում են հղիանալ, խորհուրդ է տրվում նախքան հղիությունն անցնել բժշկի խորհրդատվություն։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ում ՄԻԱՎ ունեցող կանանց 20-34%-ը նախքան հղիանալն անտեղյակ է իրենց ախտորոշման մասին, որից հետո միայն անցնում են նախածննդյան մշտադիտարկում[7]։