![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e9/Avalanche_on_Everest.jpg/640px-Avalanche_on_Everest.jpg&w=640&q=50)
Ձնահյուս
From Wikipedia, the free encyclopedia
Ձնահյուս կամ հուսին[1], լեռների լանջերից գահավիժող, սողացող ձյան մեծ զանգվածակույտ[2]։ Ձնահյուսերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, դառնալով մարդկային զոհերի (մասնավորապես՝ լեռնագնացների, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդ սիրողների), ինչպես նաև ավերածությունների պատճառ։ Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։ Սրա հետևանքով մարդիկ շնչահեղձ են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։ Օդը չի կարողանում թափանցել ձյան միջով, և թթվածնի պակասից մարդիկ խեղդվում են։ Այս ամենից բացի ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու վնասվածքներ հասցնել։ Տուժածներին փրկելու համար խանգարում է նաև այն, որ ձյունը փափուկ է, և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով օգնության կանչերը մնում են անպատասխան։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e9/Avalanche_on_Everest.jpg/640px-Avalanche_on_Everest.jpg)
Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են աշխարհի բոլոր լեռնային շրջաններում[3]։ Դրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը[4]։ Երբեմն ձնահյուսերն ունենում են մեծ և անդառնալի հետևանքներ։
1999 թվականի փետրվարին 170 հազար տոննա զանգված ունեցող ձնահյուսը ամբողջությամբ ավերեց Ավստրիայի Գալտուր ավանը, որի հետևանքով զոհվեց 30 մարդ[4]։ 2012 թվականի մարտին Աֆղանստանում ձնահյուսերի մի քանի դեպքի պատճառով ավերվեցին տներ և զոհվեց ավելի քան 100 մարդ[5]։
Լինում են ձնահյուսերով հարուստ տարիներ, երբ նրանք առաջանում են տարբեր վայրերում։ Նման տարի է եղել 1950-1951 թվականների սեզոնը, որը ստացել է «Ահաբեկման ձմեռ» անվանումը։