From Wikipedia, the free encyclopedia
Հ․ Լ․ Հանլի (անգլ.՝ H. L. Hunley), 1863 թվականի Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների սուզանավը։ Կառուցվել է մասնավոր ձեռնարկատերեր՝ Հորաս Լոուսոն Հանլիի, Ջեյմս Մակ Քլինթոնի և Բաքսթեր Ուոթսոնի միջոցներով։ Առաջին սուզանավն է եղել, որը ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի նավ է խորտակել[1]։ Սուզանավը այդ ընթացքում լիովին սուզված չի եղել։ Հաջող հարձակումից հետո կործանվել է։ Մեծ դեր է խաղացել ռազմա-ծովային արվեստի պատմության մեջ՝ ցուցադրելով ընդծովյա պատերազմի և՛ առավելությունները, և՛ վտանգները։
Երեք սուզանավի կործանման արդյունքում կոնֆեդերացիան կորցրել է անձնակազմի 21 անդամ։ Վերջին նավը շահագործման անցնելուց հետո կոչվել է ի պատիվ գյուտարար Հորաս Լոուսոն Հանլիի։
Սուզանավի և նրա նախորդների («Պիոներ», «Բեյու Սենթ Ջոն», «Ամերիքաըն դայվեր») ստեղծումը ֆինանսավորել են ձեռնարկատերեր Հորաս Լոուսոն Հանլին, Ջեյմս Մակ Քլինթոնը և Բաքսթեր Ուոթսոնը։ Սկզբնական շրջանում նրանք փորձարկումներ են արել էլեկտրամագնիսական և շոգու շարժիչներով, բայց վերջում կանգ են առել սովորական մեխանիկական, որը շարժման մեջ էր դրվում մկանային ուժով։
«Հ․ Լ․ Հանլին» կառուցվել է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում 1863 թվականին։ Ջուրն են իջեցրել հուլիս ամսին, իսկ օգոստոսի 12-ին երկաթգծով տեղափոխել են Հարավային Կարոլինայի Չարլստոն քաղաք, որտեղ նա շարք է մտել, որպես ռազմական տեխնիկա։
«Հ․ Լ․ Հանլին» 40 ոտնաչափ (12 մետր) երկարությունով և համարյա 4 ոտնաչափ (1, 17 մետր) լայնությամբ «սիգար» էր[2]։ Ուիլիամ Ալեքսաների նկարների հիման վրա երկար տարիներ կարծիք կար, թե սուզանավի հիմք է ծառայել շոգեկաթսայի իրանը։ Հետագայում ապացուցվել է որ նավը կառուցվել է, որպես սուզանավ, և հատուկ ստացել է գլանաձև, ջրահոսուն ձև։Նավի երկու ծայրերում բալաստային գլանատակառներ էին տեղադրված, որոնք հատուկ փականներով լցվում և դատարկվում էին ձեռքի պոմպերով։ Նավի մարմնում հատուկ բալաստ կար, որը կայունություն էր տալիս նավին։ Շտապ վեր լողալու կարիքի դեպքում սուզանավի ներսից հատուկ հեղյուսները քանդելու միջոցով բալաստները անջատվում ՝էին նավից և նա թեթևացած վեր էր լողում։
Նախապես պլանավորված էր նավը զինել քաշվող արկով և կոնտակտային պայթուցիչով։ Սուզանավը պետք է մոտենար կանգնած նշանակետին, սուզվելով անցներ նրա տակից և այն պահին, երբ պայթուցիկ հայտնվեր հակառակորդի նավի տակ՝ պայթեցներ այն։ Այս պլանը չի փորձարկվել, քանի որ պայթյունը կարող էր վտանգավոր լինել նաև սուզանավի համար, և արկը քաշող ճոպանը կարող էր փաթաթվել նավի պտուտակին։
Արդյունքում սուզանավը զինել են ձողային արկով, որը 22 ոտնաչափ (6, 7 մ) ձող էր ծայրին ամրացված 90 ֆունտ (41 կգ) կշռող արկով, որը լցված էր սև վառոդով[3]։ Արկը նախատեսված էր օգտագործել նավի 1, 6 մետրից ոչ պակաս սուզված լինելու դեպքում։ Պայթուցիչի կառուցվածքի մասին տեղեկություններ չկան։ Դա կարող էր լինել և՛ մեխանիկական, և՛ էլեկտրական, որի մասին վկայում են սուզանավի մեջ գտնված էլեկտրահաղորդալարի մնացորդները։
Անձնակազմում ութ մարդ կար՝ հրամանատար-սպա և յոթ նավաստի-թիավարներ։ Հրամանատարի տեղը նավի քթամասում էր՝ ղեկանիվի և հորիզոնական ղեկի լծակների մոտ, իսկ նավաստիները նստում էին երկար, երկայնական նստարանին և պտտում էին ծնկաձև լիսեռը, որը անմիջականորեն միացած էր թիավարող պտուտակին։ Թիավարները ընտրվում էին կամավորներից, և չնայած ծառայության դժվարությանն ու վտանգավորությանը, ցանկացողների թիվը մեծ էր։
1863 թվականի օգոստոսի 12-ին սուզանավը փորձնական սուզման ժամանակ խորտակվել է և զոհվել են անձնակազմի հինգ անդամները։ Հոկտեմբերի 15-ին խորտակվել է երկրորդ անգամ։ Այս անգամ զոհվել են անձնակազմի բոլոր՝ ութ անդամները, նրանց թվում սուզանավի գյուտարարը՝ Հորաս Լոուսոն Հանլին։ Երկու անգամ էլ նավը բարձրացրել են և նորից շարք մտցրել։
Իր առաջին և վերջին գրոհը «Հ․ Լ․ Հանլին» կատարել է 1864 թվականի փետրվարի 17-ին։ Նրա թիրախն էր Չարլսթոնի ափերի մոտկանգնած 12 թնդանոթ սպառազինությամբ, 1240 տ[4] տարողությամբ ԱՄՆ ծովային ուժերի «Հաուսաթոնիկ» (անգլ.՝ USS Housatonic) նավը և իրականացնում էր քաղաքի ծովային շրջափակումը։
«Հ․ Լ․ Հանլին» լեյտենանտ Ջորջ Ե, Դիքսոնի հրամանատարությամբ և յոթ կամավոր-նավաստիներով անցել է ափից նավ ընկած տարածքը և հաջող գրոհել է։ Հինգ րոպեի ընթացքում նավը ջրի տակն է անցել, զոհվել է անձնակազմից հինգ մարդ, մնացածը փրկվել են նավակներով կամ նավի բեկորների օգնությամբ։
Հաջող գրոհից հետո սուզանավը պայմանական նշան է տվել ափ, և սկսել սուզումը[5], որից հետո անհետ կորել է։ Ըստ ամերիկյան հետազոտողների կարծիքի սուզանավը մեխանիկական վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել վեր բարձրանալ։ Այս կարծիքը հենված է այն փաստի վրա, որ նավաստիները զոհվել են իրենց հաստիքային տեղերում, և հետևաբար նրանց մահվան պատճառը եղել է թթվածնի պակասը սուզված վիճակում։
Երկար ժամանակ նավի խորտակման վայրը անհայտ էր, և այն գնահատվել է 40 մլն ամերիկյան դոլլար։ Առաջին անգամ նրա գտնելու մասին հայտարարել է Էդվարդ Լի Սփենսը 1970 թվականին[6][7] հաջորդը՝ 1995 թվականին Ռալֆ Ուիլբանքսը[8][9]։ Մինչ այժմ վեճ է գնում երկու կողմերի միջև, թե ո՞վ է գտել նավը։
«Հ․ Լ․ Հանլին» գտել են «Հաուսաթոնիկի» խորտակման վայրից ոչ հեռու[10], տիղմի մեջ, որի պատճառով էլ նավը բավականին լավ է պահպանվել։ Հարավային Կարոլինայի Նորթ-Չարլսթոնի Ուորեն Լաշի վերականգնման կենտրոնի հայտարարությամբ նավը վերականգնվել է և 2015 թվականից ցուցադրվում է կենտրոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.