Հունաստանի դատաիրավական համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի դատաիրավական համակարգ, պատմականորեն ձևավորված ազգային իրավական սկզբունքների հիմունքայնությամբ արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների ամբողջությունը Հունաստանի Հանրապետությունում։ Դատարանակազմական գործընթացները, ինչպես նաև դատաիրավական համակարգի կազմակերպման օրենսդրական հիմքերը նախատեսվում է Հունաստանի Սահմանադրությամբ[1]։ Դատաիրավական համակարգը ներառում է հունական բոլոր դատարանները՝ ըստ ստորակարգության։ Հունաստանի Սահմանադրությունը ամրագրում է իշխանության տարանջատման սկզբունքի գերակայությունը, ինչն էլ ենթադրում է արդարադատական համակարգի անկախություն օրենսդիր և գործադիր իշխանական օղակներից։
Գործնականում, Հունաստանի դատաիրավական համակարգը պայմանականորեն տրոհված է երեք հիմնական օղակների։ Այսօրինակ դասակարգման համար հիմք է ծառայում իրականացվող արդարադատության բնույթը։ Ըստ այդմ՝ Հունաստանի դատարանները դասակարգվում են հետևյալ կերպ․
- Քաղաքացիաիրավական արդարադատություն իրականացնող,
- Քրեաիրավական արդարադատություն իրականացնող,
- Վարչաիրավական արդարադատություն իրականացնող։
Քննարկվող դատական շրջանակների բարեխիղճ և անաչառ գործունեությունը երաշխավորվում է սահմանադրական վերահսկողությամբ, ի դեմս՝ Գերագույն սահմանադրական դատարանի, Գերագույն հատուկ դատարանների և ԵՄ իրավունքի։