From Wikipedia, the free encyclopedia
Հորդանանի ազգային խորհրդանիշներ (արաբ․՝ رموز وطنية في الأردن), Հորդանանի թագավորության պետական խորհրդանիշերը և այն խորհրդանիշերը, որոնք օգտագործվում են Հորդանանում և արտասահմանում երկիրը և նրա ժողովրդին ներկայացնելու համար։
Հորդանանի թագավորության կողմից պետականորեն ընդունված երեք խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը և օրհներգը, որը կոչվում է «Աս-սալամ ալ-մալաքի ալ-ուրդունի»։
Հորդանանի դրոշը Հորդանանի թագավորության գլխավոր խորհրդանիշերից մեկն է։ Այն ներկայացնում է Հորդանանը երկրի ներսում և աշխարհում։
Այս դրոշը իրենից ներկայացնում է երեք հորիզոնական գծեր, որոնք ունեն համապատասխանաբար սև, սպիտակ և կանաչ գունավորում։ Այս գույները միացված են շևրոնով, իսկ շևրոնի վրա պատկերված է յոթանկյուն աստղ[1]։
Հորդանանի թագավորության դրոշը ընդունվել է 1928 թվականի ապրիլի 18-ին։
Վերջինիս հիմքում ընկած է այն դրոշը, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդանշում էր Հորդանանի ժողովրդի ազգային-ազատագրական հեղափոխությունը՝ ընդդեմ Օսմանյան կայսրության[2]։
Հորդանանի զինանշանը երկրի երեք պետական խորհրդանիշերից մեկն է։ Այն կարևոր դեր ունի երկրի մշակույթում և միջազգային հարաբերություններում։
Զինանշանը ընդունվել է 1921 թվականին՝ Աբդուլլահ I իբն ալ-Հուսեյնի օրոք։ Այն նաև ծառայում է, որպես երկիրը կառավարող Հաշիմյան թագավորական արքայատոհմի պաշտոնական խորհրդանիշ։
1982 թվականին նախարարների խորհրդի հրապարակած թիվ 6 պաշտոնական հայտարարության մեջ ներկայացվել են զինանշանի առանձնահատկությունները։
Հորդանանի թագավորության ազգային օրհներգը կրում է «Հորդանանի թագավորական հիմն» կամ «Աս-սալամ ալ-մալաքի ալ-ուրդունի» անվանումը (արաբ․՝ السلام الملكي الأردني): Որպես թագավորական օրհներգ ընդունվել է 1946 թվականին։
Հորդանանի թագավորական հիմնի հեղինակը պաղեստինա-լիբանանյան բանաստեղծ և Հորդանանի նախկին վարչապետ Աբդել Մունիմ ալ-Ռիֆայն է (արաբ․՝ عبد المنعم الرفاعي): Այն գրվել է 1939 թվականին։
Օրհներգի հիմքում ընկած է թագավորի և Հաշիմյանների վեհության գաղափարը։ Թագավորը ներկայացվում է, որպես Հորդանանի արաբների մեծ։
Որպես խորհրդանշական գույներ, Հորդանանում օգտագործվում են պանարաբական կամ համաարաբական գույները, որոնք արդիական են նաև արաբական մյուս պետություններում՝ Եգիպտոսում, Սիրիայում, Քուվեյթում, Սուդանում, Իրաքում և այլն։
Գրեթե բոլոր պանարաբական գույները՝ կարմիր, սև, սպիտակ, կանաչ, օգտագործվում են Հորդանանի թագավորության դրոշի և զինանշանի վրա։
Սև գույնը խորհրդանշում է Աբբասյան խալիֆայությունը, մի պետություն, որը սերում էր Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի գերդաստանից։ Շուրջ երկու դար խալիֆայությունը ծաղկում էր, սակայն ավատատիրական մասնատվածությունը վերջիվերջո հանգեցրին խալիֆայության անկմանը և նվաճմանը մոնղոլների կողմից։
Սպիտակը՝ Օմայյան խալիֆայության ազգային գույնն է։ Հանդիսանում է Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիան։
Ֆաթիմյան խալիֆայության խորհրդանշական գույնը կանաչն է, որն էլ հանդիսանում է երկրի դրոշի միակ գույնը։
Կարմիր գույնը խորհրդանշում է արաբական փառահեղ հեղափոխությունը կամ «արաբական զարթոնքը»։
Հորդանանի թագավորության գույները օգտագործվում են նաև Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի և այլ սպորտային ակումբների խորհրդանշանների վրա։ Այն կիրառվում է նաև կրթական հաստատությունների պատկերանիշների վրա։
Հորդանանի կենսաբանական խորհրդանիշերն են ազգային ծառը, ազգային կենդանին, ազգային թռչունը և ազգային ծաղիկը։
Հորդանանի ազգային ծառը համարվում է լեռնային կաղնին։ Այս կաղնին Հորդանանում տարածված լինելուց բացի աճում է նաև Հունաստանում, Իսրայելում, Սիրիայում, Լիբանանում և Թուրքիայում։ Պատկանում է կաղնիների ընտանիքին։
Հորդանանի ազգային թռչունը դժգույն ոսպնուկն է, որը իրենից ներկայացնում է ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչուն։ Որպես ազգային թռչուն ընտրվել է դժգույն ոսպնուկը, քանի որ նրա մարմնի գունավորումը շատ նման է Պետրա քաղաքի գունավորմանը[3]։
Այս արաբական երկրի ազգային ծաղիկը սև իրիսն է։ Այս ծաղիկը հանդիպում է ամբողջ Հորդանանում, հատկապես՝ Մաանի մուհաֆազայում։
Սպիտակ օրիքսը Հորդանանի ազգային կենդանին է և նաև երկրի գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Այս կենդանին օրիքսների ցեղի ամենափոքր ներկայացուցիչն է։ Տարածված է, ոչ միայն Հորդանանում, այլ նաև Օմանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում։ Համարվում է Արաբական թերակղզու էնդեմիկ կենդանատեսակ։
Հորդանանի ազգային ուտեստը մանստաֆն է (արաբ․՝ المنسف الاردني): Այն նաև երկրի ամենատարածված ճաշատեսակներից է։
Մանստաֆի գլխավոր բաղադրամասերն են յուղալի սոուսով համեմված գառան միսը, յոգուրտը և բրինձը։ Հորդանանում այն օգտագործվում է, որպես տոնական ուտեստ և պատրաստում ամանորյա տոներին, այլ տոների և հարսանիքների ժամանակ։
Մատուցվում է տարբեր սննդամթերքների հետ։ Մանստաֆը բացի հորդանանյան խոհանոցից, օգտագործվում է նաև Պաղեստինի, Իրաքի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի ազգային խոհանոցներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.