From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական ժողովրդական ապստամբությունը տեղի է ունեցել 1857—1859 թթ. անգլիական տիրապետության դեմ։ Ավարտվել է ապստամբության ճնշմամբ և Արևելահնդկական ընկերության վերացմամբ, որի հետևանքով Հնդկաստանը անցնում է Բրիտանական գահի ուղիղ ենթակայության տակ։
Թվական | 1857 թ. մայիս — 1859 թ. ապրիլ |
---|---|
Վայր | Փենջաբ–Բենգալիա (Հնդկաստան) |
Արդյունք | Ապստամբության ճնշումը Օստ-Հնդկական ընկերության վերացումը։ Հնդկաստանը անցնում է Բրիտանական գահի ուղիղ ենթակայության տակ։ |
Հակառակորդներ | |
Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն Բրիտանական կայսրության բանակը Նեպալը | Սիփահիներ Հնդկաստանի 7 իշխանություններ |
Հրամանատարներ | |
Քոլին Քեմփբել | Բահադուր Շահ II Տանտիա Տոպի |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Պատճառներն էին հարկերի ծանրացումը, բրահմանների (նրանցից էր կազմվում բենգալական բանակը) հարկային արտոնության, սիփահիների (տեղական բնակչությունից հավաքագրված վարձկան զինվորներ) որոշ իրավունքների վերացումը, խոշոր ֆեոդալների մի մասի հողազրկումը, անգլիական ապրանքների հոսքի հետևանքով հնդկական արհեստագործության անկումը։ Բրիտանակացիների վարած քաղաքականությունը լցրել էր բնակչության համբերության բաժակը և ապստամբություն սկսելու համար միայն առիթ էր անհրաժեշտ։ Առիթ հանդիսացավ սիփահիների սպառազինության տակ անցած նոր Էնֆիլդի հրացանը[1]։
Փամփուշտը, որը անհրաժեշտ էր բացել կծելով ներծծված էր կովի և խոզի ճարպով (կովը հինդուիզմում համարվում է սուրբ կենդանի, իսկ խոզը իսլամում արգելված է)։ Չնայած նրան, որ սիփահիների ջոկատները խառը կազմ ունեին, հինդուստների և մուսուլմանների մեջ հաջողվեց համաձայնություն ձեռք բերել և սկսվեց ապստամբությունը։ Ապստամբության շարժիչ ուժը ժողովրդական զանգվածներն էին, ռազմական միջուկը՝ սիփահիները, սակայն ղեկավարության մեջ կարևոր դեր էին խաղում ֆեոդալները։
Ապստամբությունը սկսվել է բենգալական բանակում։ 1857 թվականի մայիսի 10-ին սիփահիների երեք գունդ, ապստամբեցին և գնացին Դելի, որտեղ նրանց աջակցեցին տեղի սիփահիներն ու բնակչությունը։ Ապստամբները հռչակեցին Մեծ Մողոլների կայսրության վերականգնումը և գահ բարձրացրին գահաժառանգ Բահադուր շահ II-ին։
Դելիից բացի, որտեղ Բահադուր Շահ II-ի կառավարությունից զատ ստեղծվել էր նաև սիփահիների և քաղաքացիների բարձրագույն վարչական խորհուրդ, երկու այլ վայրում (Կանպուր և Լակհնաու) ևս առաջացել էին ապստամբական ինքնուրույն կենտրոններ և կառավարություններ։ Ապստամբների ղեկավարության պաշտպանական տակտիկան անգլիացիներին հնարավորություն տվեց ապստամբների մի մասին մեկուսացնել Գանգեսի հովտում։ 1857 թվականի հուլիսի 15-ին և 16-ին անգլիացիները պարտության մատնեցին Կանպուրի ապստամբներին, իսկ սեպտեմբերի 19-ին, 4 ամիս պաշարելուց հետո, գրավեցին Դելին։ Ապստամբության կենտրոն դարձավ Աուդը։ 1858 թվականի մարտի 19-ին գաղութարարները գրավեցին նաև Լակհնաուն։
Ապստամբներն անցան պարտիզանական պատերազմի, որի ընթացքում ռազմական հմուտ գործողություններով աչքի ընկան ապստամբության շատ ղեկավարներ՝ Ահմեդ-շահը, Մաուլավին, Լակշմի-Բաին, և ուրիշներ։ 1858 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվեց Վիկտորյա թագուհու մանիֆեստը ապստամբությանը մասնակցած ֆեոդալներին ներելու վերաբերյալ, որի հետևանքով ֆեոդալական վերնախավը հեռացավ ապստամբությունից։ Մինչև 1859 թվականի ապրիլը գաղութարարները ճնշեցին պարտիզանական շարժումները։ Անգլիացիները դաժան հաշվեհարդար տեսան պարտված ապստամբների հետ։
Ապստամբության պարտության հիմնական պատճառներն էին՝ անգլիացիների ռազմական գերազանցությունը, ապստամբ ֆեոդալների ու գյուղացիների հետապնդած տարբեր նպատակները, իսկ Հնդկաստանի ժողովուրդների տարանջատվածությունը օգնեց գաղութարարներին մեկուսացնել ապստամբության հիմնական օջախը և դրա մարման վրա կենտրոնացնել Փենջաբի, Բենգալիայի և Դեկանի ողջ ուժերը։
Անգլիացիները հարկադրված էին փոխել իրենց քաղաքականությունը Հնդկաստանում։ Դեռևս 1858 թվականի օգոստոսի 2-ին բրիտանական Պարլամենտը որոշում կայացրեց վերացնել Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը։ Մի շարք օրենքներով ամրապնդվեցին հնդիկ իշխանների և կալվածատերերի հողատիրական իրավունքները։ Գյուղացիների դժգոհությունը հաշվի առնելով՝ հրապարակվեցին օրենքներ վարձակալության վերաբերյալ, որոնք որոշ չափով սահմանափակեցին զամինդարիների (հողատերերի) կամայականությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.