From Wikipedia, the free encyclopedia
Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված 4 տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
Հյուսվածք | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | բազմաբջիջ կառուցվածք[1], անատոմիական կառուցվածք[2], կենսաբանական նյութ և biological material? |
Մասն է | օրգան |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | հիստոգենեզ |
Մասնագիտություն | հյուսվածաբանություն |
MeSH | A10 |
Foundational Model of Anatomy | 9637 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) |
Biological tissues Վիքիպահեստում |
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.