From Wikipedia, the free encyclopedia
«Հարցում պատգամախոսին»[3] (անգլ.՝ Consulting the Oracle), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1884 թվականին[4]։ Կտավն այժմ գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
Հարցում պատգամախոսին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս[1] |
տարի | 1884 |
բարձրություն | 119,4 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 198,1 ± 1 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Թեյթ[2] |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ |
1884 թվականին Էնթոնի Հոբսոնը «The Illustrated London News»-ում կտավն անվանել է «տարվա կարևոր աշխատանքներից մեկը»[4]։ Քննադատը նշել է, որ նկարն օգնել է «հաստատելու Ուոթերհաուսին որպես դասական նկարիչ»։ Նկարը գնել է սըր Հենրի Թեյթը, որը ներառել է այն ազգի համար իր 1894 թվականի կտակում։
Կախարդանքը և կանխագուշակումը կարևոր տարրեր են եղել Ուոթերհաուսի ստեղծագործության մեջ։ «Հարցում պատգամախոսին» նկարում, որն ստեղծվել է 1884 թվականին, պատկերված են յոթ աղջիկներ, որոնք կիսաշրջանով նստած են տաճարի լուսավորված զոհասեղանի շուրջ և հուզմունքով սպասում են, մինչ քրմուհին կմեկնաբանի պատգամախոսի ասածը։ Կերպարները գտնվում են անուշահոտությամբ հագեցած միջավայրում, և քրմուհին ժեստով կանանց ցույց է տալիս, որ նրան լռեն, մինչ ինքը փորձում է մեկնաբանել պատգամախոսի զմռսված գլխի խոսքերը։ Տեսարանի կահավորանքն ունի մերձավորարևելյան ոճ, և հավանաբար Ուոթերհաուսը վերցրել է այն այնպիսի նկարիչներից, ինչպիսիք են օրիենտալիստներ Ջոն Ֆրեդերիկ Լյուիսը (1805-1876) և Ժան Լեոն Ժերոմը (1824-1904)[4][5]։ Տեսարանի բարակ, հարուստ զարդարված դետալների շնորհիվ կտավը նկարչի լավագույն աշխատանքներից մեկն է[5]։
Երբ նկարն առաջին անգամ ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում, այն բացատրվել է հետևյալ կերպ. «Պատգամախոսը կամ տերաֆիմն իրենից ներկայացնում է մարդկային գլուխը, որը մշակվել է դեղորայքով, ամրացվել պատին, իսկ նրա առաջ այլ ծեսերով վառվել են լամպեր։ Կանխագուշակողների երևակայությունն այնքան լարված էր, որ նրանց թվում էր, թե լսում են ցածր ձայն, որը պատմում է ապագա իրադարձությունների մասին»[4]։ Նկարը կարելի է համեմատել նաև Ուոթերհաուսի ավելի վաղ կտավներից մեկի՝ «Կախարդական օղակի» հետ (1886)։
Էնթոնի Հոբսոնը նկարի կոմպոզիցիան համեմատել է կողպեքի անցքի հետ՝ բացատրելով, որ «դա վերաբերում է ոչ թե տեսարանի հեռադիտակային պատկերմանը, այլ կողպեքի անցքի ձև ունեցող կերպարների խմբին, որի օղակը դիտողի ուշադրությունը կենտրոնացնում է մեկ այլ միակ կերպարի վրա»[6]։ Կոմպոզիցիան իր ողջ էկզոտիկությամբ հանդերձ իրականում դասական է։ Կամարավոր լուսամուտների շարքը, հատակի կիսակլոր ձևավորումը և մարմարե լայն միջակայքը ռիթմ են հաղորդում նկարին։ Այն հավասարակշռվում է գորգերի նախշավոր անկյունագծերով և քրմուհու կռացած մարմնով, նրա ձեռքը հանդես է գալիս ցերեկային լույսի ֆոնին, որը ներս է թափանցում բաց լուսամուտից։ Կանանց դեմքերի արտահայտություններն ուժգնացնում են լարվածության միջավայրը, մինչ քրմուհին սպասում է պատգամախոսի ասածին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.