![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fa/Mare_Tranquillitatis.jpg/640px-Mare_Tranquillitatis.jpg&w=640&q=50)
Հանդարտության ծով
From Wikipedia, the free encyclopedia
Հանդարտության ծով (լատին․՝ Mare Tranquillitatis) լուսնային ծով է Լուսնի դեպի Երկիրը ուղղված կողմում։ Սա առաջին վայրն է այլ երկնային մարմնի վրա որտեղ ոտք է դրել մարդը։
Հիմնականում կազմված է բազալտներից, որոնք առաջացել են Վերին Իմբրիան ժամանակաշրջանում միջին և երիտասարդ տարիքային խմբերում։ Ավազանը շրջապատող լեռնային զանգվածները դասվում են Ստորին Իմբրիան ժամանակաշրջանին, սակայն ավազանը հավանաբար վերաբերվում է Նախանեկտարյան ժամանակաշրջանին։ Այս ավազանը ունի անկանոն սահմաններ և չունի բազմաօղակ կազմվածք։ Այս անկանոն տոպոլոգիան պայմանավորված է Հանդարտության, Նեկտարի, Ճգնաժամների, Առատության և Պարզության ծովերի հատումով Մրրիկների օվկիանոսի միջով անցնող երկու օղակների հետ։ Ծովի հյուսիս արևելյան եզրին մոտ գտնվող Քնի ճահիճը լցված է Հանդարտության ծովից արտանետված բազալտների բեկորներով։
Այս ծովը Լուսնի մնացած մասերի համեմատ ունի մի փոքր կապտավուն երանգ և բավականին լավ է առանձնանում տարբեր լուսանկարներում։ Գույնը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բազալտային հողում կամ ժայռերում մետաղների ավելի բարձր պարունակությամբ[3]։
Ի տարբերություն այլ ծովերի, Հանդարտության ծովի կենտրոնում գրավիտացիոն կոնցենտրացիա (մասկոն) չի հայտնաբերվել։ Մասկոնները հայտնաբերվել են այլ ծովերի կենտրոնում 1966-1968 թվականներին հինգ Լունար օրբիտեր տիեզերանավերի դոպլերային հետազոտությունների արդյունքում[4]։ Ծովի գրավիտացիոն դաշտը քարտեզագրվել է ավելի բարձր լուծաչափության հետազոտությունների ընթացքում, ավելի ուշ Լունար փրեքուրսոր և GRAIL կայաններից։