From Wikipedia, the free encyclopedia
Հակաբիոտիկների սխալ օգտագործում, երբեմն անվանում են նաև հակաբիոտիկների չարաշահում կամ հակաբիոտիկների գերօգտագործում, վերաբերվում է հակաբիոտիկների սխալ կամ չափից շատ օգտագործմանը, ինչը առողջության վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Այն նպաստող գործոն է հակաբիոտիկակայունության զարգացման, բազմադեղակայուն բակտերիաների ստեղծման համար, որոնք ոչ ֆորմալ ձևով կոչվում են «սուպեր մանրէներ», երբ հարաբերականորեն անվտանգ բակտերիան (ինչպիսիք են ստաֆիլակոկերը, էնտերոկոկերը և ացինետոբակտերը) կարող է մի քանի հակաբիոտիկների նկատմամբ ձեռք բերել կայունություն և հանգեցնել կյանքին սպառնացող վարակների առաջացմանը[1]։
Հակաբիոտիկներ եղել են դեռ 1928 թվականից, երբ Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերել է պենիցիլինը։ 1980-ականներից, կենդանիների բուժման կարևոր միջոց համարվող հակաբիոտիկների կիրառումը կարող էր հաստատվել՝ անասնաբույժների հսկողության տակ գտնվելով։ 1996 թվականին հիմնվել է Հակամանրէային կայունության կարգավորման ազգային համակարգը (ՀԿԿԱՀ) (National Antimicrobial Resistance Monitoring System (NARMS))[2]։ 2010 թվականից սկսել են հրապարակել տարեկան զեկույցներ սննդում հակամանրէային դեղերի առկայության մասին։ 2012 թվականից սկսած՝ հանրային պահանջ է ներկայացվել, թե ինչպես պետք է հավաքել և զեկուցել տվյալները սննդարդյունաբերության մեջ օգտագործվող կենդանիների շրջանում հակամանրէային միջոցների օգտագործման հետ կապված հարցերի վերաբերյալ։
NARMS-ը համագործակցել է CDC-ի (Հիվանդության վերահսկման և կանխարգելման կենտրոններ (Centers for Disease Control and Prevention)) և USDA-ի (ԱՄՆ գյուղդեպարտամենտ) հետ հետազոտելով հակամանրէային կայունության վտանգների բնույթը և կարևորությունը, որոնք կապված են սննդարդյունաբերության մեջ հակաբիոտիկների կիրառման հետ, հրապարակել է 150 համատեղ ակնարկային հետազոտություն։ 2014 թվականին FDA-ն համագործակցել է CDC-ի և USDA-ի հետ, որ ուսումնասիրեն տվյալներ ձեռք բերելու լրացուցիչ մեխանիզմներ, որոնք պարունակում են սննդարդյունաբերության մեջ կիրառվող կենդանիների շրջանում հակաբիոտիկների օգտագործումը։ 2015 թվականին FDA-ն թողարկել է Veterinary Feed Directive-ի (VFD) վերջնական կանոնը։ Այս կանոնի համաձայն անասնաբուժներն իրենց կենդանիների կերակրման ընթացքում հակամանրէային միջոցներ օգտագործելու համար պետք է թույլատվություն ստանան[2]։
Հակաբիոտիկները բուժում են բակտերիալ վարակները, այլ ոչ թե վիրուսային վարակները։
Հակաբիոտիկների գերօգտագործման հաճախ հանդիպող դեպքեր.
Հակաբիոտիկները կարող են առաջացնել ծանր ռեակցիաներ, բերելով բուժման արժեքի զգալի բարձրացման[10]։ ԱՄՆ-ում դեղերից կողմնակի ազդեցությունների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներն են հակաբիոտիկները և հակավարակային դեղերը։ 2011 թվականին ԱՄՆ-ի 32 նահանգներում կատարված հետազոտությունը ցույց են տվել, որ կողմնակի ազդեցությունների 24%-ը բաժին է ընկնում հակաբիոտիկներին և հակավարակային դեղերին, որոնք առաջանում են հենց ընդունման պահին և սրանցից 28%-ը առաջանում եմ հիվանդանոցում գտնվելու ժամանակ[11]։
Եթե հակամանրէային կայունությունը շարունակի նույն տեմպով աճել, հաշվարկված է, որ 2050 թվականին ամեն տարի տաս միլիոն մարդ կմահանա բուժման բացակայության պատճառով և 2050 թվականին աշխարհի ՀՆԱ-ն 2-3.5%-ով կնվազի[12]։ Հակաբիոտիկների սխալ օգտագործման և հակամանրէային կայունության դեմ համաշխարհային ոչ մի միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հաշվարկված է, որ 2014-2050 թվականներին դեղերի կայունությունից 300 միլիոն մարդ կարող է վաղաժամ մահանալ և տնտեսական արդյունքը կկորցնի 60-100 տրիլիոն դոլար[12]։ Եթե ներկայիս հակամանրէային կայունությունը ուշացվի 10 տարով, ապա 2014-2050 թվականների ընթացքում աշխարհի ՀՆԱ-ից կխնայվի 65 տրիլիոն դոլար[12]։
Հակաբիոտիկի նշանակումը ինֆեկցիոնիստի կողմից, այլ ոչ թե ոչ ինֆեկցիոնիստ բժշկի կողմից՝ կնվազեցնի դեղերի օգտագործումը և կիջեցնի արժեքը[13]։
Չնայած հակաբիոտիկները պետք են բակտերիալ ծանր վարակների բուժման համար, դրանց սխալ օգտագործումը նպաստել է բակտերիալ կայունության աճին։ Ֆտորքվինոլոնների և այլ հակաբիոտիկների գերօգտագործումը, բակտերիաների շրջանում բերում է հակաբիոտիկակայունության, որը կարող է խոչընդոտել հակաբիոտիկակայուն վարակների բուժմանը[14][15][16]։ Միջին ականջի բորբոքում ունեցող երեխաների շրջանում հակաբիոտիկների չափից ավել օգտագործումը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ բակտերաներ լիարժեք կայունություն են ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ[17]։ Հակամանրէային դեղերի օգտագործումը շինանյութերի և անձնական խնամքի պարագաների մեջ բերել է հակաբիոտիկակայունության տնային պայմաններում, որտեղ էլ մարդիկ անցկացնում են իրենց կյանքի մեծ մասը[18]։
Ֆտորքվինոլոնների լայնատարած օգտագործումը որպես առաջին ընտրության հակաբիոտիկ բերեց հակաբիոտիկային զգայունության նվազման, որը բացասական հետևանքներ է ունեցել լուրջ բակտերիալ վարակների ժամանակ, օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզի դեպքում, երբ քվինոլոնները կենսական նշանակություն ունեն բուժման մեջ[19][20][21]։
Հակաբիոտիկները վիրուսային վարակների ժամանակ, ինչպես օրինակ մրսածության վիրուսների դեպքում, չունեն ոչ մի ազդեցություն։ Նրանք կոկորդի ցավի ժամանակ նույնպես անարդյունավետ են, քանի որ այն հիմնականում վիրուսային ծագման է և ինքնալավացող[22]։ Բրոնխաբորբերի մեծամասնությունը (90–95%) նույպես վիրուսային ծագման են, որոնք մի քանի շաբաթից ենթարկվում են ինքնալավացման, այս դեպքում հակաբիոտիկների կիրառումը ավելորդ է և կարող է հիվանդների շրջանում առաջացնել կողմնակի ազդեցություններ[23]։ Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկ օգտագործելուց, հակաբիոտիկը ոչնչացնում է օրգանիզմում այլ բակտերիաներին, որոնք օգտակար են կամ անվնաս։ Սխալ բուժման արդյունքում անվտանգ բակտերիաները կարող են ձեռք բերել հակաբիոտիկակայունություն, որը կարող են փոխանցել այլ բակտերիաների կամ անվտանգ բակտերիաները կարող են փոխարինվել խիստ վտանգավորներով[24]։
Ատամնաբուժական հակաբիոտիկային պրոֆիլակտիկայի մասին Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի պաշտոնական ուղեցույցների համաձայն վարակային էնդոկարդիտի կանխարգելման համար օգտագործում են հակաբիոտիկներ։ Չնայած ներկայիս (2007) ուղեցույցներում սահմանափակված է հակաբիոտիկների օգտագործումը, շատ ատամնաբուժներ[25] և ատամնաբուժական հիվանդեր[26] հետևում են 1997 թվականի ուղեցույցներին, որը բերում է հակաբիոտիկների գերօգտագործման[27]։
2017-ի փետրվարին Լոնդոնի կայսերական քոլեջի կողմից կատարված հետազոտությունում հայտնաբերվեց, որ Միացյալ Թագավորություններում 20 առցանց կայքերից, 9 հակաբիոտիկներ են վաճառում (անօրինական)[28]։
Անասնաբուծության մեջ հակաբիոտիկները օգտագործվում են մեծ քանակներով։ Աշխարհում հակաբիոտիկները ամենաշատը օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների շրջանում, որն ավելացվում է կերին կամ խմելու ջրին որպես հիվանդությունները կանխարգելող կամ աճը խթանող միջոց[29]։ Մարդու հակաբիոտիկակայունության վրա ազդող վերոնշյալ հակաբիոտիկների, հիմնականում հակամանրէային աճը խթանողների, ազդեցության չափի շուրջ վեճեր ծագեցին։ Որոշ աղբյուրներ հաստատում են, որ չկա բավարար տեղեկություն, թե կենդանիների շրջանում, որ հակաբիոտիկների կիրառումն է մարդկանց համար ամենամեծ վտանգը ներկայացնում[30], դրա համար ստեղծվել են կանոններ, որոնք սահմանափակում են վնասակար ազդեցությունները, օրինակ՝ բակտերայի հակաբիոտիկակայունության զարգացումը գյուղատնտեսական կենդանիների շրջանում հակաբիոտիկների օգտագործման ժամանակ և որ բակտերիան կարող է դեղակայունության գեները փոխանցել մարդուն ախտահարող բակտերիաներին[31]։ 2017 թվականիի հունվարի 1-ին, FDA-ի կողմից ընդունված օրենսդրությամբ պահանջվում է, որ մարդու համար կարևոր և կենդանիների կերի մեջ օգտագործվող հակաբիոտիկները (առաջնահերթ ազատ վաճառքի դեղերը) դասակարգվեն որպես Veterinary Feed Directive (VFD) դեղեր։ Այս գործողությունը պահանջում է, որ ֆերմերներն աշխատեն անասնաբույժների հետ, որպեսզի ստանան VFD-ի գրավոր կարգադրումները[32]։ Այս ակտի ազդեցությունը պահանջ է դնում անասնաբույժ-պատվիրատու-հիվանդ (veterinarian-client-patient relationship (VCPR)) կապի հաստատման վրա։ Այս կապի շնորհիվ, ֆերմերներն անասնաբույժներից կստանան հավելյալ տեղեկություններ։ Սննդում դեղակայուն բակտերիաների առկայությունը մարդկանց շրջանում կարող է վարակի պատճառ դառնալ։ Ինչպես մարդկանց շրջանում, այնպես էլ սննդարդյունաբերության մեջ օգտագործվող կենդանիներին հակաբիոտիկ տալուց, բացի դեղակայուն բակտերիաներից բոլոր բակտերաները ոչնչանում են։ Մսատու կենդանիների մորթի և մշակման ժամանակ աղիքներում գտնվող դեղակայուն մանրէները կարող են վարակել միսը կամ այլ կենդանական արտադրանքներ։ Դեղակայուն մանրէները կենդանու աղիքից կղանքի միջոցով կարող են անցնել արտաքին միջավայր (ջուր և հող)։ Եթե կենդանու կղանքը կամ ջուրը, որոնք պարունակում են դեղակայուն մանրէներ, օգտագործվի որպես պարարտանյութ կամ այդ ջրով ոռոգեն մրգերը և բանջարաղենները, ապա սա կարող է բերել դեղակայուն մանրէների տարածմանը[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.