From Wikipedia, the free encyclopedia
Կիլաուեա (լատին․՝ Kilauea, [ˈkiːlɔuˈwɛjə]), գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում (Հավայան կղզիներ)։ Բարձրությունը՝ 1247 մ։ Կիլաուեան վահանաձև է, զառիկող լանջերով։ Հրաբխի վերին մասը վերջանում Է 4,5 կմ տրամագիծ և ավելի քան 230 մ խորություն ունեցող կալդերայով։ Վերջին նշանավոր ժայթքումները տեղի են ունեցել 1952 թվականին, 1954 թվականին և 1955 թվականին։ Հրաբուխը ինտենսիվ փուլում է եղել 2011 թվականի[1] մարտի 6-ին։
Տեսակ | Վահանային հրաբուխ և Գործող հրաբուխ |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղադրություն | Հավայի շրջան |
Նյութ | բազալտ |
Բարձրություն (ԲԾՄ) | 1247 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 332010 |
Գտնվում է ավելի բարձր Մաունա Լոա հրաբխից հարավարևելք (գրեթե լանջին)։ Առանձին հրաբուխ է, քանի որ ունի ինքնուրույն մագմատիկ պալատ (որտեղ ծագում է հրաբուխը, կուտակվում են գազեր ու բարձր ճնշում մագման վերև մղելու համար)։
Կիլաուեայի բարձրությունը ծովի մակարդակից 1247 մ է, նրա ստորոտը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակին՝ 5,5 կմ խորության վրա։
Իրենից ներկայացնում է «վահան հրաբուխ» խառնարանով։ Խառնարանի երկարությունը 4 կմ է, լայնությունը`3,2 կմ, իսկ արևմտյան եզրին` 120 մ խորությամբ։ Հիմնական ապարներն են օլիվինային բազալտ, տոլեյիտ, խարամ և հրաբխային մոխիր։
Հրաբխային վահանը ձգվում է արևելքից արևմուտք երկու հիմնական ճեղքվածքային գոտիների երկայնքով, որոնք տարածվում են գագաթային կալդերայից դեպի արևելք և հարավարևմուտք։ Ճեղքվածքային գոտիները մակերևույթում նշվում են ճաքերով, խարամի կոներով և ցողացիր կոներով։ Ճեղքման գոտիների երկայնքով կան տաք աղբյուրներ, ջրային գոլորշիների արտանետում և բնածին ծծմբի հանքավայրեր։
Այն ունի բազմաթիվ կողմնային խառնարաններ և մի քանի խարամի և մոխրի կոն, որոնցից լավա է հոսում։ Արևելյան ճեղքման գոտու երկայնքով 14 մղանցքային խառնարաններ են ցրված՝ հիմնական խառնարանից 16 կմ հեռավորության վրա։ Դրանցից ամենամեծն ու խորը Մակաոպու-հի խառնարանն է։
(2018-ի հունիսին արտաքին լավայի հոսքերով ավերված Գրին-լեյք լիճը)
Կիլաուեան Հավայան հրաբուխներից ամենաերիտասարդն է և Երկրագնդի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը։ Ներկայիս Կիլաուեա հրաբխի խառնարանը գոյացել է 1470-1510 թվականների ժայթքումների արանքում։ Այդ ժամանակվանից սկսվեց պայթյունի ու ժայթքումների մի շրջան, որը տևեց մոտ 300 տարի, որի ընթացքում խառնարանից լավայի աղբյուրները հասան 600 մետրի բարձրության և դուրս մղված նյութերի հսկայական ծավալները գագաթի շուրջ կազմել են մինչև 11 մետր հաստությամբ տեֆրա[2](օդ նետված մասսան, որը հետագայում նստել է լանջերին)։ 1790-ին տեղի ունեցել ուժեղ զգալի ժայթքում ` (մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար) մարդկային զոհերով։ 1823-ի ժայթքումով սկսվեց էֆուզիվ ժայթքումների նոր շրջան, որը շարունակվում է մինչ օրս, կենտրոնական կալդերայից լավային հոսքերով և հարավարևմտյան և արևելյան ճեղքման գոտիներից[3]։
Կիլաուեայի փաստագրված զգալի ժայթքումներն, ըստ տարիների[4].
1750-1955 թվականներին ժայթքել է 3,29 կմ³ հրաբխային նյութ, որը լեռան հարավային լանջին առաջացրել է քարքարոտ Կաու անապատը։
1955 թվականին (փետրվարի 28 - մայիսի 26) խառնարանից ժայթքած լավան հոսել է 32-45 կմ հեռավորության վրա։ Ըստ Գ. Մակդոնալդի, ժայթքումը եղել է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրին նախորդում էին բազմաթիվ երկրաշարժեր և ստորգետնյա դղրդյուն։ Արտամղված լավայի քանակը կազմել է մոտ 110,000,000 մ³[8]:
1959-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Կիլաուեա-Իկի խառնարանից տեղի ունեցավ խոշոր ժայթքում, որի ժամանակ լավայի և մոխրի արտամղված սյունի բարձրությունը հասել է 580 մետրի։
Հրաբուխը կրկին արթնացավ 1983 թ.-ի հունվարի 3-ին. Ստեղծվեցին Պու-օ ( լավային լճով կենտրոնում) և Կուպայանահայի ծխացող խարամային կոներ։ Այդ ժամանակվանից մինչ 2018 թվականի սեպտեմբերի 4-ը հրաբուխը ժայթքել է տարբեր աստիճանի ուժգնությամբ։
2008-ի մարտի 19-ին բացվեց Հալեմաումաու խառնարանը, որի մեջ առաջացավ լավային լիճ։
Հրաբուխը նոր գործունեության փուլ է մտել 2011 թվականի մարտի 6-ին, երբ Պու -օ կոնը պայթեց և մասամբ փլվեց[9]։
2018-ի մայիսի սկզբին հրաբխի «ճեղքվածքային գոտու» արևելյան մասի երկայնքով սկսվեցին մի շարք ժայթքումներ։ Հրաբխային ակտիվությանը նախորդել և ուղեկցել են երկրաշարժերն ու լավային լճի մակարդակի բարձրացումը Հալեմաումաու խառնարանում։ 2018-ի սեպտեմբերին լավայի հոսքերն ավարտվեցին։ Այդ ընթացքում կղզու մակերեսն ավելացել է 520 ակր-ով (2.1 կմ²)[10]
2018-ին ժայթքման ակտիվացման հակիրճ ժամանակագրություն
Կիլաուեան Հավայական առասպելներում և բանավոր լեգենդներում համարվում է հրաբուխների հավայական Պելե աստվածուհու բնակատեղը։ Կիլաուեա հրաբխի վրա որոշ լավային կազմավորումներ կոչվել են նրա անունով։