![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Insulincrystals.jpg/640px-Insulincrystals.jpg&w=640&q=50)
Կենսատեխնոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
Կենսատեխնոլոգիան կենսաբանության բնագավառ է, որն ընդգրկում է կենդանի համակարգերի և օրգանիզմների միջոցով արտադրանքների ստացում կամ կենսաբանական համակարգերի, կենդանի օրգանիզմների կամ նրանց բաղադրամասերի տեխնոլոգիական կիրառում՝ վերջնական արտադրանքների կամ գործընթացների փոփոխման նպատակով (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիա, 2-րդ հոդված)[1]։ Կախված գործիքներից և կիրառություններից, այն հաճախ ընդգրկում է մոլեկուլային կենսաբանության, կենսաինժեներիայի, կենսաբժշկական ինժեներիայի, կենսաբանական արտադրության, մոլեկուլային ինժեներիայի և հարակից այլ բնագավառներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Insulincrystals.jpg/640px-Insulincrystals.jpg)
Հազարամյակներ շարունակ կենսատեխնոլոգիան կիրառվել է գյուղատնտեսության, սննդի արտադրության և բժշկության մեջ[2]։ Տերմինը ներմուծվել է 1919 թվականին հունգարացի ինժեներ Կարոլի Էրեկիի կողմից։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբներին կենսատեխնոլոգիան իր սահմաններն ընդլայնելով, ընդգրկել է նոր և բազմազան գիտական ուղղություններ, որոնցից են գենոմիկան, ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիաները, կիրառական իմունոլոգիան և դեղաբանական թերապիաների ու ախտորոշիչ թեստերի զարգացումը[2]։