From Wikipedia, the free encyclopedia
Կաթոլիկությունն Ավստրիայում ներկայացված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջոցով, որը հանդիսանում է համաշխարհային քրիստոնեական կրոնի եկեղեցիներից մեկը։ Կաթոլիկությունը հանդիսանում է երկրի ամենատարածված կրոնը, որի հետևորդների տոկոսային թվաքանակը կազմում է Ավստրիայի բնակչության շուրջ 70 %-ը[1][2]։
Ժամանակակից Ավստրիայի տարածքում առաջին քրիստոնյաները հայտնվել են 2-րդ դարի վերջում։ Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի օրոք այստեղ նահատակվել են սուրբ Ֆլորիանը և եպիսկոպոս Վիկտորին Պետավիացին։ 4-րդից 5-րդ դարերում Ավստրիայի տարածքում սկսեցին հայտնվել Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջին կազմակերպված կառույցները՝ եպիսկոպոսություններ Վիրին (ներկայում՝ Զոլֆելդ), Տեուրնիա (ներկայում՝ Լենդորֆ իմ Դրաուտալ), Ագունտ (ներկայում՝ Լինց), Կուրիա (ներկայում՝ Կուր), Լաուրիկ (ներկայում՝ Լորխ) քաղաքներում։ 6-րդ դարում Ավստրիայի տարածքում գերմանական ցեղերի շրջանում քարոզչություն (միսիոներություն) էին իրականացնում իռլանդական սրբերը, ովքեր այդ տարածքներ էին եկել անգլերի և սաքսերի կողմից Բրիտանական կղզիներում իրենց վանքերի կործանումից հետո։ Մոտավորապես 700 թվականին սուրբ եպիսկոպոս Ռուպերտը հիմնադրեց Սուրբ Պետրոսի աբբայությունը, որի շուրջ հետագայում սկսեց ձևավորվել Զալցբուրգ քաղաքը։ 710 թվականին Զալցբուրգում հիմնվում է Զալցբուրգի եպիսկոպոսությունը, որը հետագայում դարձավ Ավստրիայում և սլավոնական հողերում քրիստոնեության տարածման կենտրոնը։ Զալցբուրգից կաթոլիկ քարոզիչները ժամանեցին Մորավիա։ Զալցբուրգի եպիսկոպոսությունը արևմտյան սլավոնների հողերը համարում էր իր տարածքներ, այդ իսկ պատճառով դեմ էին այլ քարոզիչների գործունեությանն այդ տարածքներում։ Այդ իրավիճակը հանգեցրեց հակամարտության Կյուրեղ և Մեթոդիոս սրբերի հետ, ովքեր այդ ժամանակ զբաղվում էին արևմտյան սլավոնների քրիստոնեացմամբ[1][2][3][4]։
10-րդ դարում հունգարների հարձակումների հետևանքով Ավստրիայում կաթոլիկ կառույցներն անկում գրանցեցին։ 12-րդ դարում Ավստրիայում սկսեցին հիմնվել բազմաթիվ կաթոլիկ վանական համալիրներ, որոնք դարձան լուսավորականության կենտրոններ։ 16-րդ դարում Գերմանիայից Ավստրիա սկսեցին ներթափանցել ռեֆորմացիայի գաղափարներ։ 1570 թվականին Ավստրիայի գրեթե ամբողջ տարածքում տարածվել էին ռեֆորմիստական գաղափարներ, որոնք հատկապես աջակցություն էին ստանում տեղի ազնվականության կողմից։ Ռեֆորմացիային դեմ էին հանդես գալիս կայսերական տունը, ինչպես նաև ճիզվիտները, որոնք Ավստրիայում հիմնել էին տարբեր տեսակի կրթական հաստատություններ, որոնք հանդիսանում էին երկրում կաթոլիկության հիմնասյուները։ Այդպիսի ուսումնական հաստատություններից նշանավոր էին 1552 թվականին հիմնված Վիեննայի կոլեգիան։ Ավստրիայում կաթոլիկությունը սկսեց ամրապնդվել 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի առաջին կեսին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր Ռուդոլֆ II-ի, Մաթիասի և Ֆերդինանդ II-ի օրոք։ Վերջնականապես կաթոլիկությունը իր դիրքերը ռեֆորմացիայի նկատմամբ Ավստրիայում ամրապնդեց 1618-1648 թվականների Երեսնամյա պատերազմից հետո[1][2]։
18-ից մինչև 19-րդ դարի վերջ Ավստրիայում տարածում էր գտել Իոսիֆիզմի կրոնա-քաղաքական շարժումը, որն իր անվանումը ստացել էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Իոսիֆ II-ի անունով։ Իոսիֆ II կայսեր իշխանության օրոք Ավստրիայում ստեղծվեցին բազմաթիվ կաթոլիկ ուսումնական հաստատություններ, բացվեցին նոր ծխեր, բայց միևնույն ժամանակ ճնշվում էին վանական օրդենները։ Ավստրիայում կաթոլիկ եկեղեցին հայտնվեց պետության ազդեցության ներքո։ Իոսիֆիզմի շարժումը քննադատվում էր Հռոմի պապի կողմից, ինչը հանգեցնում էր կայսերական տան և Վատիկանի միջև մշտական հակամարտություններ։ 1855 թվականի օգոստոսի 18-ին Ավստրիական կայսրության և Վատիկանի միջև կնքվեց կոնկորդատ, որը հանգեցրեց պետության և եկեղեցու միջև իոսիֆիզմի ավարտին[1][2]։
18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբին Ավստրիայում կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ավստրիական հասարակության շրջանում սկսեց ամրապնդվել։ Միևնույն ժամանակ Վիեննայում ի հայտ եկավ շարժում, որը հիմնադիրն էր քահանա սուրբ Քլեմենս Մարիա Հոֆբաուերը։ Նրա շուրջ հավաքվեց ավստրիական մտավորականությունն ու ուսանողությունը[2]։
19-րդ դարի կեսերին Ավստրիայում ազատական քաղաքական գործիչները փորձեցին օրենսդրորեն սահմանափակել Կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ավստրիական հասարակության վրա։ 1867 թվականի Դեկտեմբերյան սահմանադրությունից հետոանցկացվեցին բարեփոխումներ, որոնք հակասում էին 1855 թվականին կնքված կոնկորդատի դրույթներին։ Կայսեր և կառավարության ճնշման հետևանքով ավստրիացի եպիսկոպոսները Վատիկանի առաջին ժողովում հանդես եկան ընդդիմության դիրքերից, որի որոշումը կայսրը օգտագործեց Վատիկանի հետ կնքած կոնկորդատը չեղյալ հայտարարելու համար[1][2]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ավստրիայում ձևավորվեց Առաջին հանրապետությունը։ 1922-1924 թվականներին և 1926-1929 թվականներին Ավստրիայի Հանրապետության կանցլերի պաշտոնը զբաղեցնում էր կաթոլիկ քահանա Իգնաց Զեյպելը, ով մարքսիստական և նացիստական ազդեցության դեմ պայքարում օգտագործում էր քաղաքական ավտորիտար գործիքներ։ Նրա հետնորդ Էնգելբերտ Դոլֆուսը, հենվելով Կաթոլիկ եկեղեցու աջակցության վրա, Ավստրիայում ստեղծեց իսկական ավտորիտար պետություն։ 1933 թվականին Ավստրիայի և Վատիկանի միջև կնքվեց նոր կոնկորդատ[1][2]։
Գերմանիայի կողմից Ավստրիայի օկուպացիայի ժամանակ կաթոլիկ եկեղեցին հալածանքների էր։ Այդ ժամանակ բազմաթիվ հավատավորներ ակտիվորեն ընդդիմանում էին նացիստական օկուպացիոն իշխանություններին։ Քաղաքացիական անհնազանդության խորհրդանիշ է դառնում Ֆրանց Եգերշտատերը, ով բացահայտ հայտարարում էր իր հականացիստական գաղափարների մասին։ 2007 թվականին Ֆրանց Եգերշտատերը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասվեց[1][2]։
1957 թվականին ավստրիական կառավարությունը հաստատեց Վատիկանի հետ 1933 թվականին կնքված կոնկորդատը[2]։
Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը Ավստրիա է այցելել 1983, 1988 և 1998 թվականներին։
Ներկա դրությամբ Ավստրիայում գործում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 2 արքեպիսկոպոսություն, 7 եպիսկոպոսություն, 1 զինվորական օրդինարիատ և 1 հունա-կաթոլիկների համար նախատեսված օրդինարիատ, 1 տարածքային աբբայություն։ Ավստրիայում Հռոմեա-կաթոլիկների թվաքանակը կազմում է շուրջ 6 միլիոն 300 հազար հետևորդ և հունա-կաթոլիկներինը՝ 5 հազար հետևորդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.