From Wikipedia, the free encyclopedia
Խոշտանգում, ցավի նպատակային պատճառում, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բնույթի։ Այն կարող է կիրառվել տեղեկատվություն ստանալու, պատժի կամ հիվանդագին բավարարվածություն ստանալու նպատակով։
Խոշտանգում հասկացության տակ սովորաբար հասկացվում է «ֆիզիկական բռնություն, խոշտանգում հարցաքննության ժամանակ»[1]։
Խոշտանգման կիրառումը հայտնի է դեռ հնագույն ժամանակներից` որպես պատժի, սարսափի և խոստովանություն ստանալու միջոց։ Հատկապես, տարբեր խոշտանգումներ լայնորեն կիռարվել են Հին Եգիպտոսում, Ասորեստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում և այլ հին պետություններում։ Միջնադարում խոշտանգումի լայն կիրառումը կապված է եղել քրեական գործընթացի հետխուզական բնույթի հետ։ Խոշտանգումը հաճախ օգտագործել են Ինկվիզիցիայի գործունեյության մեջ։ Կտտանքները լայն տարածում են ստացել նաև բողոքականության արմատական հոսանքների շրջանում, կտտանքների մեթոդներին մեծ տեղ է հատկացվել Բենեդիկտ Կարպցովի քրեական իրավունքի տրակտատներում։ Հենց այդ նպատակով XVI դարի կեսերից ոչ ուշ կտտանքները սկսել են կիրառվել Ռուսաստանում (կրակով, ջրով, կախելով, քառատող սարքով ձգելով, շիկացած աքցանով, մտրակով)[2]։ XVII դարի վերջին Եվրոպայում դիտվել է կտտանքների սահմանափակ կիրառում, ինչը կապված է Լուսավորականության հումանիստական գաղափարների հետ։ Կտանքների բոլոր տեսակները դատավարությունների ընթացքում արգելած առաջին երկիրը եղել է Պրուսիան, այնտեղ խոշտանգումները փաստացի կասեցվել են 1754 թվականին (պաշտոնապես 1805 թվականին)։
Դանիայում խոշտանգումներն արգելվել են 1770 թվականին։ Ռուսաստանում խոշտանգումներն արգելվել են Եկատերինա II-ի գաղտնի հրամանով 1774 թվականի նոյեմբերի 8-ին (պաշտոնապես հաստատվել է Ալեքսանդր I-ի հրամանով 1801 թվականի սեպտեմբերի 27-ին)։ Ավստրիայում խոշտանգումներն արգելվել են 1776 թվականին (ըստ այլ տվյալների` 1787 թվականին), Ֆրանսիայում` 1780 թվականին (հաստատվել է Ազգային հեղափոխական խորհրդում 1789 թվականին), Նիդեռլանդներում` 1789 թվականին, Երկու Սիցիլիաների թագավորությունում` 1789 թվականին, Ավստրիական Նիդեռլանդներում` 1794 թվականին, Վենետիկում` 1800 թվականին, Բավարիայում` 1806 թվականին, Պապական մարզում` 1815 թվականին, Նորվեգիայում` 1819 թվականին, Հաննովերում` 1822 թվականին, Պորտուգալիայում` 1826 թվականին, Հունաստանում` 1827 թվականին։ Եվրոպայում ամենաուշը խոշտանգումներն արգելվել են Շվեյցարիայում` Ցյուրիխի կանտոնում 1831 թվականին, Ֆրիբուրգ կանտոնում 1848 թվականին, Բազել կանտոնում 1850 թվականին և Գլարուս կանտոնում 1851 թվականին։ Անգլիայում հայտնի են միայն խոշտանգումների մասնակի արգելումները` օրինակ խոշտանգումների որոշ տեսակների արգելումը։ 1772 թվականներին Անգլիայում արգելված են եղել peine forte et dure (ծանր և դաժան պատիժ) խոշտանգումները[3]։
XX դարում խոշտանգոմները նորից սկսեցին կիրառել նացիստական Գերմանիայում, ԽՍՀՄ-ում, Չինաստանում, լատինաամերիկյան և աֆրո-ասիական բռնապետություններում, նաև այլ ամբողջատիրական, բռնապետական և բռնաճնշող ռեժիմներով երկրներում։ Ապացուցված է, որ XXI դարի սկզբին խոշտանգումները տեղ են ունեցել նաև ԱՄՆ-ում (օրինակ, Գուանտանամոյում), իսկ դրանց կիրառումը հիմնված էր ոչ պաշտոնական ենթակառուցվածքների գաղտնի հրամանների վրա։ Այժմ խոշտանգումներն արգելված են աշխարհի համարյա բոլոր պետությունների սահմանադրություններով և օրենքներով[4]։ Որոշ առումներով խոշտանգումների կիրառումը համարվում է միջազգային հանցագործություն։
Հոգեբան Հուգո Մյունսթերբերգը (1863—1916) քննադատելով խոշտանգումներն ինչպես բարոյական տեսանկյունից, այնպես էլ դրանց արդյունավետության, գրել է` «ցավը գերակշռում է ճշմարտության կամքի հանդեպ, ինչի հետևանքն էլ լինում է անմեղների մեղադրելը»[5]։ Հարցաքննության ժամանակ մեղադրյալի, կասկածյալի, վկայի, նույնիսկ երբեմն տուժողի վրա հոգեբանական ճնշումը մեծ թվով հետաքննչական և դատական սխալների պատճառ է դառնում։ Շատ դեպքերում հոգեբանական ճնշումը կարող է լինել հոգեբանական խոշտանգումի ձև, քանի որ «նշանակում է բարոյական տառապանքի դիտավորյալ պատճառում տեղեկություն կամ մեղայական ստանալու համար», ինչպես այն ձևակերպված է 1984 թվականի ՄԱԿ խոշտանգումների դեմ հռչակագրում[6]
Դանիացի բժիշկ, ՄԱԿ փորձագետ Օլե Վեդել Ռասմուսսեն նշում է, որ սեռական բռնությունը և ստորացումը ամենաարդյունավետ խոշտանգումներից մեկն է։ Հոգեբանական ազդեցությունը հաճախ այնքան ուժեղ է, որ գերազանցում է յուրաքաբչյուր ֆիզիկական տանջանքի[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.