From Wikipedia, the free encyclopedia
Խալդի (dḪal-di, Խալդի), Վանի թագավորության գերագույն և ռազմի աստված։ Պետության համադիցարանի աստվածությունները (կուռքերը) ենթադասվել են Խալդիից հետո։
Խալդի | |
---|---|
Խալդի Աստվածն առյուծի վրա, Էրեբունի թանգարան | |
Տեսակ | աստված |
Դիցաբանություն | Վանի թագավորության դիցարան |
Սեռ | արական |
Կապված կերպարներ | նույնացվում է առյուծի հետ |
Հատկանիշներ | Վանի թագավորության գերագույն և ռազմի աստված |
Իշպուինի արքայի (իշխել է մ.թ.ա. շուրջ 824-810 թվականներին) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խալդին, որին նվիրել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ուլ)։ Խալդին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը։ Ասորեստանի Սարգոն Բ թագավորի (մ.թ.ա. 722-705 թթ.) արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խալդիի «բնակարան», որտեղ դրված էին Խալդիի և նրա կնոջ՝ Արուբանի-Բագմաշտուի, ինչպես նաև Վանի թագավորության արքաների անդրիները։ Արին-Բերդ (Էրեբունի) հնավայրի Խալդիի տաճարի ավերակներում գտնվել է Խալդիի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին։
Խալդիի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները։ Խալդիի անունով են սրբագործվել Վանի թագավորության արքաների ռազմական և շինարարական բոլոր գործերը։ Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խալդին մարմնավորել է Վանի թագավորության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը։
Ավստրիացի արևելագետ Լեհման-Հաուպտը, ելնելով Վանի թագավորության աստվածապետական բնույթից, կարծում էր, որ նրա մեջ միավորված խալդապաշտ ցեղերը իրենց ճանաչել են Խալդիի անունով՝ իբրև «Խալդի որդիներ» (այնպես, ինչպես նրանց ժամանակակից և դրացի ասորեստանցիները՝ Աշուր աստծո անունով)։ Իսկ խորհրդային լեզվաբան և հնագետ, ակադեմիկոս Ի. Մեշչանինովի կարծիքով Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի «հայ» անունը Խալդիի անվան «խալ» հիմքի սոսկ հնչյունաբանական տարատեսակն է։ Այլ ուսումնասիրողների կարծիքով Խալդին իր դիցաբանական հյուսվածքով, ժամանակով և էությամբ նույնանում է հին հայոց Հայկ աստվածությանը։
Անուն | Պատկեր | Նույնացում | Ծագում | Զոհաբերության ծավալ |
---|---|---|---|---|
Խալդի | Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ | պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ | 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ | |
Թեյշեբա | Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ | Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ | 6 եզ, 12 ոչխար | |
Շիվինի | Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ | Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։. | 4 եզ, 8 ոչխար |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 705)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.