հայ բժիշկ, Երևանի քաղաքագլուխ From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Ակոբջանի Տիգրանյան (1841, Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1906 կամ 1906, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1906), հայ բժիշկ, հասարակական գործիչ։
Լևոն Տիգրանյանց | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1841 |
Ծննդավայր | Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 16, 1906 կամ 1906 |
Վախճանի վայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Պարգևներ |
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ուսումը շարունակել է Թիֆլիսում, 1859 թվականից՝ Պետերբուրգում (Կ․ Եզյանի մասնավոր պանսիոնում, ապա՝ բժշկավիրաբուժական ակադեմիայում)։ 1875 թվականին ավարտել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Կովկասյան ռազմաճակատ, պայքարել ռուսական բանակում տարածված բծավոր տիֆի համաճարակի դեմ, եղել Էրզրումի նահանգական բժիշկը։
1879 թվականին զորացրվել է և նշանակվել Երևանի քաղաքային բժիշկ, 1880 թվականին՝ «Առողջապահական մշտական հանձնաժողովի» նախագահ, զբաղվել քաղաքի սանիտար հիգենային վիճակի բարելավմամբ։ 1881-1884 թվականներին Երևանում հրատարակել է «Աոողջապահական թերթ»[1]։ միամսյա հանդեսը։ Տիգրանյանի ջանքերով Երևան է հասցվել Բաշ Ապարանի 40 աղբյուրների ջուրը, բացվել է հիվանդանոց (1890 թվականին)։ Տիգրանյանը մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժմանը, եղել 1881 թվականին Երևանում ստեղծված «Հայասեր-ազգասեր» կազմակերպության հիմնադիրներից, որի հիմնական նպատակն էր Հայաստանի երկու հատվածներում կազմակերպել միաժամանակյա ապստամբություն և այդ միջոցով ստեղծել անկախ Հայաստան։
Կապեր է հաստատել Կարինի «Պաշտպան հայրենյաց», Մոսկվայի և Թիֆլիսի ազատագրական գաղտնի կազմակերպությունների, ինչպես նաև Կ․ Պոլսի, Վանի և արևմտյան Հայաստանի այլ քաղաքների հայրենասերների հետ։ 1881 թվականին գործուղվել է Իրան՝ պայքարելու ժանտախտի համաճարակի դեմ և, օգտվելով առիթից, Սալմաստով անցել Վան, տեղի ռուսական փոխհյուպատոս Կամսարականի հետ բանակցել հայ ազատագրական շարժման խնդիրների շուրջ։ Գլխավորելով Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղը՝ կազմակերպել է հանգանակություններ, զանազան միջոցառումներ, որոնց հասույթը հատկացրել է զենք գնելուն և այն արևմտյան Հայաստան տեղափոխելուն։ Ցարական իշխանությունը ազգային-ազատագրական գործունեության մեղադրանքով 1883 թվականին Տիգրանյանին երեք տարով աքսորել է Դորպատ, որտեղից նա անցել է Գերմանիա և Ֆրանսիա, որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1894 թվականին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, սակայն չհաշտվելով ցարական իշխանությունների կամայականությունների հետ, 8 ամիս անց հրաժարվել է այդ պաշտոնից։
Տիգրանյանը հայ բժշկագիտության պատմության մեջ առաջին անգամ առաջադրել է կանխարգելիչ բժշկության գաղափարը, ժողովրդի առողջապահության խնդիրը շաղկապել սոցիալ-տնտեսական անհրաժեշտ նախադրյալների հետ։ Նրա ջանքերով Երևանի դպրոցներում մտցվել է ֆիզկուլտուրայի դասավանդում։ Տիգրանյանի «Մարդակազմություն» (1881 թ.) ձեռնարկը երկար ժամանակ օգտագործվել է Երևանի դպրոցներում։ Մանկավարժության հարցերին է նվիրված «Մանկական պարտեզ․․․» (1897 թ.) աշխատությունը։ Կազմել է հայ բժշկական բառարաններ, թարգմանել և հրատարակել է մի շարք բառարաններ։ Տիգրանյանի 1898 թվականին գրված հուշերը («Իմ հիշատակարանը», անտիպ) արժեքավոր նյութեր են պարունակում 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման, ժամանակաշրջանի այլ իրադարձությունների, նշանավոր հասարակական քաղաքական գործիչների (Միքայել Նալբանդյան, Կ․ Եզյան, Մ․ Սանասարյան, Մ․ Լոռիս-Մելիքով, Կ․ Կամսարական) վերաբերյալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.